HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազ Ռուբեն Լոկկին ինչպես գինին պահեց Հայաստանում

Իրավաբան Ռուբեն Լոկկը տարիներ առաջ չէր էլ պատկերացնի, որ մի օր գինի է արտադրելու եւ մտածելու է խաղողի այգիներ եւ գործարան հիմնելու մասին։ Չէր էլ երեւակայի, որ գինին իրեն մի օր կպահեր Հայաստանում։

Երեւանյան «Ին Վինո» գինետան բակում եռուզեռն արդեն նկատելի է։ Ներսի սրահը դեռ հանգիստ է։ Ռուբեն Լոկկը մեզ ընդառաջ է գալիս, ժպտում է, հրավիրում նստելու։ Ազգությամբ հայ Ռուբենը նաեւ գերմանացու արյուն ունի, որտեղից էլ ազգանունն է եկել։ Ասում է՝ որոշ դեպքերում ազգանունն օգնում է, որոշ դեպքերում էլ՝ խանգարում։

1993 թ․ Ռուբենի ընտանիքը մեկնել էր Ռուսաստան, որտեղ նա բուհ է ընդունվել, ապա զբաղվել իր մասնագիտությամբ՝ իրավաբանությամբ։ Դատախազ էր աշխատում Մոսկվայի դատախազությունում։ 2012 թ․ ռուսական «Տրանսաէրո» ավիաընկերությունը մասնաճյուղ էր բացել Հայաստանում, անձնակազմ էին հավաքում, եւ Ռուբենին առաջարկել էին ղեկավարել մասնաճյուղը։ Համաձայնել էր, հատկապես որ ընտանիքն էլ կողմ էր նրա որոշմանը։ Ապրում էին Սարյան փողոցում, որտեղ էլ այդ տարի բացվել էր «Ին Վինոն»։ Այդտեղ Ռուբենը հաճախ էր այցելում ընկերների հետ, գինու համտեսներին էին մասնակցում, որոնք, կարծես, դասընթացներ էին նրա համար։ Գինու աշխարհն սկսել էր գրավել Ռուբենին։ Համտեսներից հետո էլ շարունակում էր տեղեկություններ փնտրել գինիների մասին, գրքեր պատվիրել՝ ինքնակրթվելով գինեգործության ոլորտում։ Շուրջ 2 տարի մասնագիտական կրթություն է ստացել գինու ակադեմիայում։ Այդ ընթացքում ռուսական ավիաընկերությունը սնանկացել էր, Ռուբենն ընտրության հնարավորություն ուներ կրկին Մոսկվա գնալու եւ դատախազությունում աշխատանքը շարունակելու։

-Բայց գինին որ սկսեց լուրջ հետաքրքրել, որոշեցի մնալ եւ զբաղվել գինու արտադրությամբ,-ասում է նա։

-Այսինքն՝ գինի՞ն Ձեզ պահեց Հայաստանում։

-Ճիշտն ասած՝ այո, էդ ռակուրսից երբեք չէի նայել հարցին,- սա ասելուց հետո ժպտում է։

Գինու ակադեմիայում սովորելիս էլ սկսել էր ուղիներ փնտրել գինեգործության համար։ Ակադեմիայի դասախոսներից մեկն էլ գինեգործ Արտակ Գաբրիելյանն էր, որը օգնեց գտնել խաղողագործների։ Ռուբենը հենց սկզբից էլ որոշել էր, որ գինին լինելու է արենի տեսակից։ Զրուցակիցս ասում է՝ իր նպատակներից մեկը նաեւ այս սորտի միջազգայնացումն է։ Ըստ Ռուբենի՝ յուրաքանչյուր գինի արտադրող, ով աշխատում է արենի խաղողի հետ, իր լուման է ներդնում դրա հանրահռչակման գործում։ «Շորորի» համար կիրառվող արենի խաղողը աճեցվում է Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում, շշալցումն էլ կատարվում է Արմավիրի մարզում՝ Ոսկեհատ գյուղում։ 

-Ո՞րն է ավելի բարդ՝ գինի արտադրե՞լը, թե՞ հանցագործությունը բացահայտելը,- հարցնում եմ նրան։

-Հանցագործությունը, իմ կարծիքով, ավելի հեշտ է բացահայտել, բայց դատախազությունում ձեռք բերած փորձը օգնեց գինու բիզնեսի կազմակերպման հարցում՝ անհրաժեշտ արդյունքի համար գտնել ու իրար կապակցել համախատասխան կետերը,- ժպտալով պատասխանում է նախկին դատախազ Լոկկը։

«Որ խմես, օրորաս ու շորորաս»

Մեր զրույցի ժամանակ սեղանին է դրվում Ռուբեն Լոկկի գինին՝ «Շորորը»։ Սուտակ քարի պես կարմիր, թավշյա համով ու նրբությամբ, թեթեւությամբ աչքի ընկնող գինին Ռուբենը լցնում է բաժակները։

«Հնեցվածի համար թեթեւ է, եւ երկար կարող ես խմել, որ օրորվել-շորորվելով հասնես տեղ»,- ասում է զրուցակիցս, ապա խփում ենք բաժակները՝ խմելով խաղաղության եւ հաջողության համար։

Մեր համտեսած «Շորորը» պատրաստվել է 2019 թ․ բերքահավաքի խաղողից, շշալցվել է 2021 թ։ Շշալցումից հետո մասնակցել է «Berliner» եւ «Decanter» մրցույթներին՝ ստանալով արծաթե ու բրոնզե մեդալներ։ Ռուբենն ասում է, որ եթե ժամանակ լիներ գինին մի փոքր էլ հնեցնելու շշերում, ապա արդյունքն ավելին կլիներ։ Բայց առաջին բերքահավաքի արդյունքից նա գոհ է, ասում է՝ ափսոս, որ քիչ քանակությամբ են արտադրել։

«Ուզում էինք ստանալ թեթեւ, երկար խմվող, թավշյա գինի, որի ոգելիցը չի խանգարի այն երկար խմել»,- ասում է «Շորորի» հիմնադիրը։

Մրցույթների արդյունքները սպասելի էին նրա համար։ Ասում է՝ ներքուստ զգացողություն ուներ, որ «Շորորը» մրցանակակիր է դառնալու, թեեւ շշալցումից հետո մեկ ամիս այն չէր փորձել։ «Գինեգործ ընկերներիցս մեկը իր գինու շշալցումից մի քանի օր անց փորձել էր եւ զարմացել, որովհետեւ առավել արդյունք էր սպասում։ Դա իմանալով՝ չփորձեցի, սպասեցի, որ շշալցումից մեկ ամիս անցնի։ Իսկ ընկերոջս այդ գինին Բեռլինում ոսկե մեդալ ստացավ։ Ընդհանրապես, գինին համբերություն է սիրում,- ասում է նա ու ավելացնում,- ես ստացա այն գինին, որն ուզում էի։ Իսկ գինին ոսկերչական գործ չէ, որ կարող ես հղկել՝ ստանալով քո նախընտրած ձեւը, այն անընդհատ պրոցես է, շշի մեջ էլ փոխվում է»։

Ինչո՞ւ «Շորոր»

Գինու անվան հեղինակը Ռուբենն է։ Ասում է՝ «Շորորը» տատանում ու կասկած չէ, այլ գործոն ճիշտ ընտրություն կայացնելու համար։ Մյուս տարբերակի համաձայն՝ երբ Մոսկվայում հայ սոմելիեներից մեկը դասընթաց էր անցկացնում հայկական գիների մասին, որոնց մասնակցում էին ռուս սոմելիեները, «Շորորի» մասին ասել էր, որ դա հայկական պար է, աջ եւ ձախ թեթեւ շարժվում ես, սոմելիեներն էլ արձագանքել էին, թե դա իրենց՝ սոմելիեների պարն է։

Արմատներ ձգելով սերունդների համար

Ռուբեն Լոկկը գինեգործության հիմնաքարերն է դնում իր ընտանիքի, այնուհետ արդեն սերունդների գինեգործության պատմության համար։ Նա առաջինն է իր գերդաստանում, որ զբաղվում է գինեգործությամբ։ Մտածում է՝ գուցե շատ տարիներ անց իր երեք զավակները կշարունակեն իր գործը, եւ թոռները կպատմեն Ռուբեն պապի տնկած այգիների մասին։

Հիշում է, որ իր տատը գինի շատ էր սիրում եւ բոլոր թոռներին գինի էր տալիս, այդ թվում՝ իրեն, երբ դեռ փոքր էր։ Բակի հարեւաններով հավաքվում էին, խաղողը հավաքում, ճզմում, գինի պատրաստում։ «Տատս հեղինակություն էր։ Որ գինին փորձում էր, տտիպությունը զգում էր, ասում էր՝ ինքն ա։ Գինեսեր էր։ Քաղցր գինի չէր սիրում։ Որ քաղցրությունը զգում էր, ասում էր՝ շաքար են ավելացրել, չնայած կարող է նաեւ ավելացրած չլինեին»,- ժպիտով պատմում է զրուցակիցս։

Այսօր արդեն իրավաբան Ռուբեն Լոկկը զբաղվում է միայն գինեգործությամբ։ Նպատակ ունի այգիներ ու գործարան հիմնել, որտեղ կլինի նաեւ համտեսի վայր, եւ որը կդառնա Հայաստանում գինու զբոսաշրջության ուղղություններից մեկը։ Նրա կարծիքով՝ Հայաստանը լուրջ պոտենցիալ ունի գինեգործության ոլորտում։ Թեեւ խաղողի այգիների համար հողը քիչ է, Հայաստանը կարող է դառնալ գինու «բուտիկային» տարածաշրջան։

«Պատերազմից հետո ընդհանրապես էս երկրից չեմ ուզում գնալ, եւ ինչքան էլ ծանր լինի, երբ հարցրեցիք՝ գործարան, այգիներ ուզո՞ւմ եմ հիմնել, միանշանակ ուզում եմ, թեեւ այն տարածքը, որ ուզում եմ, սահմանին մոտ է, բայց միանշանակ այդ ներդրումն անելու եմ։ Չեմ հիշում, թե մեր մեկենասներից ով էր, թերթում էի կարդացել այդ մասին, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հա գումար էր տալիս, որ Շուշիի եկեղեցին սարքեին, խփում էին, սա սարքում էր, երբ հարցրել էին, թե ինչի է էդպես անում, ասել էր՝ անում եմ, որ մարդկանց ոգին չընկնի»,- ասում է «Շորորի» հիմնադիրը։

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (1)

Ալետա Դանղյան
Գինեգործությունը աստվածային շնորհ է,խիստ ազնվության չափանիշ, անկախ կրթական մակարդակից։ Ողջունում եմ հարգելի իրավաբան-գինեգործ Ռուբեն Լոկկ։ Հարգելի կոլեգա անհատական գինիներիս շուրջ հետաքրքիր է Ձեր դիրքորոշումը։ Խնդրում եմ գործնական հանդիպում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter