HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պատերազմ Ուկրաինայում, օր 43 (առցանց լուսաբանում)

«Հետք»-ը ողջ օրվա ընթացքում առցանց հետևում էր Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը։ Ապրիլի 8-ի առավոտից կշարունակենք լուսաբանումը։ Հետևեք մեզ «Հետք»-ի կայքում և սոցիալական ցանցերի մեր էջերում։

20:02

Ռուսաստանի հեռացմանը դեմ քվեարկած երկրներն են Ալժիրը, Բելառուսը, Բոլիվիան, Բուրունդին, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Չինաստանը, Կոնգոն, Կուբան, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Եթովպիան, Գաբոնը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Լաոսը, Մալին, Նիկարագուան, Ռուսաստանը, Սիրիան, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Վիետնամը և Զիմբաբվեն։

19:50

⚡️Ռուսաստանի մասնակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում դադարեցվեց։ Հայաստանը չմասնակցեց քվեարկությանը։

Բանաձևին կողմ քվեարկեց 93 պետություն, դեմ՝ 24, ձեռնպահ` 58:

19:40

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ նոր տեղեկագիրը։

  • Ռուսաստանը շարունակում է նախապատրաստությունները Ուկրաինայի արևելք ներխուժելու համար՝ իրականացնելով զորքերի վերախմբավորում։
  • Ռուսական զորքերը կենտրոնացել են Մարիուպոլի գրավման վրա՝ հարձակվելով Իզյումի շրջանում և փորձելով կոտրել պաշտպանությունը Դոնեցկի ուղղությամբ։
  • Ռուսական զորքերի առանձին ստորաբաժանումներ, Ուկրաինայի տարածքից հեռանալուց հետո, մարտունակությունը վերականգնում են Ռուսաստանի Բրյանսկի և Կուրսկի մարզերում, ինչպես նաև Բելառուսում։
  • Խարկովն արգելափակում և հրթիռակոծում են Ռուսաստանի մինչև հինգ գումարտակային տակտիկական խմբեր։
  • Բռնազավթիչները պահում են Իզյում քաղաքը, փորձում են շարունակել հարձակումը Սլավյանսկի և Բարվենկովոյի ուղղությամբ։
  • Դոնեցկի և Տավրիչեսկի ուղղություններով հակառակորդը շարունակում է գրոհը և հրթիռային հարվածներ հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ։
  • Շարունակվում են հարձակումների փորձերը Դոնեցկոյե, Նովոտոշկովսկոյե, Պոպասնոյե, Մարինկա, Բորովսկոյե և Սլադկոյե բնակավայրերի ուղղությամբ։
  • Ռուսաստանը, ենթադրաբար, պատրաստվում է ճեղքել ուկրաինական պաշտպանությունը Սևերոդոնեցկի, Ավդեևկայի և Կուրախովոյի շրջաններում։
  • Ռուսական նավատորմը հրթիռակոծում է Ուկրաինայի տարածքը։
  • Զապորոժյեի մարզում ռուսական բռնազավթիչներն արգելել են տղամարդկանց անցնել ուկրաինական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Այդ շրջանում առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ է։

19:20

Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ նիստը, որի ավարտին կկայանա ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանի հեռացման հարցով քվեարկությունը։

19:15

⚡️ԱՄՆ սենատը կողմ է քվեարկել Ռուսաստանից էներգակիրների ներկրումից հրաժարվելու նախագծին։

19:13

Չեռնոգորիան արտաքսում է ռուսաստանցի 4 դիվանագետի։

18:55

Մեծ յոթնյակի երկրները որոշում են ընդունել արգելելու նոր ներդրումները ռուսական տնտեսության առանցքային ոլորտներում։ Ինչպես ընդգծվում է G7-ի հայտարարության մեջ, արգելքի տակ է հայտնվել նաև էներգետիկ ոլորտը։

Մեծ յոթնյակի երկրները նաև պայմանավորվել են, որ կշարունակեն «անջատել ռուսական բանկերը գլոբալ ֆինանսական համակարգերից»։

18:45

ԱՄՆ-ն Ռուսաստանին տեղեկացրել է, որ միակողմանի կարգով դուրս է գալիս կիբերանվտանգության բանակցային գործընթացից։

Այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով ՌԴ ԱԽ փոխքարտուղար Օլեգ Խրամովին։

Կիբերանվտանգության ոլորտում համագործակցությունը գլխավոր պայմանավորվածություններից մեկն էր, որը Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը ձեռք էին բերել 2021 թվականի հունիսին Ժնևում։

18:42

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, ելույթ ունենալով, ՆԱՏՕ-ում հայտարարել է, որ Դոնբասի համար մարտերը «կհիշեցնենք Երկրորդ համաշխարհային պատերազմը»։

Նրա խոսքով՝ Դոնբասի համար մարտերը կընթանան «օպերատիվ խոշոր գործողություններով և հազարավոր տանկերով, ինքնաթիռներով և զրահատեխնիկայով»։

«Կամ հիմա դուք մեզ կօգնեք, ես խոսում եմ օրերի, այլ ոչ թե շաբաթների մասին, կամ ձեր օգնությունը շատ ուշ կհասնի, և բազմաթիվ մարդիկ կզոհվեն»,- ասել է Կուլեբան՝ դիմելով Հյուսիսատլանտյան դաշինքին։

18:39

Հարավային Օսիայում արդեն սկսվել է Ռուսաստանի միանալու ուղղությամբ քարոզչությունը։

18:36

Մոլդովայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրենսդրական նախագծին, որով արգելվում է ռուսական արտադրության նորությունների, վերլուծությունների և ռազմական ֆիլմերի վերահեռարձակումը։

Բացի այդ, խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել գեորգևյան ժապավենի և Z ու V խորհրդանիշների արգելքի մասին օրենսդրական նախագիծը։

18:34

Շվեյցարիայի կողմից ռուսական արգելափակված ակտիվների գումարը կազմել է 7,5 միլիարդ շվեյցարական ֆրանկ (ավելի քան 8 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Շվեյցարիան աջակցել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին։ Այդ մասին TACC գործակալությանը հայտարարել է Շվեյցարական Համադաշնության էկոնոմիկայի պետական քարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաբիան Մայենֆիշը։

18:31

Ռամզան Կադիրովին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։

18:28

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը ԵՄ-ի կոչ է անում անհապաղ էմբարգո դնել ռուսական նավթի, ածխի, գազի և միջուկային վառելիքի ներկրման վրա։ Բացի այդ, առաջարկվում է Ռուսաստանին հեռացնել Մեծ քսանյակից, Առևտրի համաշխարհային կազմակերպությունից և միջազգային մյուս կազմակերպություններից, իսկ ռուսական բանկերն անջատել SWIFT-ից։

Եվրախորհրդարանի բանաձևը չունի պարտադիր բնույթ։

17:12

Լուգանսկի մարզում չի մնացել որևէ կանգուն հիվանդանոց։ Այդ մասին հայտարարել է Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

16:45

Լվովում սկսել են կառուցել կոնտեյներային ավան՝ Ուկրաինայի տարբեր շրջաններից տեղահանվածների կեցության համար։ Այդ մասին պատմել է քաղաքապետ Անդրեյ Սադովին։

Նրա խոսքով՝ ավանում կլինի 88 կոնտեյներ, որտեղ կկարողանա ապրել ավելի քան 350 մարդ։ Լվովի մարզի տարածքում նախատեսվում է կառուցել այսպիսի մի քանի ավան։

16:12

Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

16:09

Միշուստինը դիմել է IT ոլորտի աշխատակիցներին՝ խնդրելով չհեռանալ Ռուսաստանից և ստեղծել սեփական արտադրանք։

16:07

Գերմանիան գրանցել է ավելի քան 300 000 ուկրաինացի փախստականի։

15:54

Մարիուպոլի կենտրոնական հատվածում հիմնական մարտերն ավարտվել են։ Այդ մասին հայտարարել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

15:46

Ռուսաստանում ամենահեղինակավոր կոնտակտային լինզաների՝ Acuvue-ի դեֆիցիտ է առաջացել, որին Ռուսաստանում բաժին է ընկնում այդ արտադրանքի ներկրման կեսը, գրում է «Коммерсант»-ը։

Լինզաների արտադրող Johnson & Johnson ընկերությունը մարտի վերջին հայտարարել էր Ռուսաստան անձնական հիգիենայի միջոցների մատակարարման դադարեցման մասին

15:28

Լավրով. Ուկրաինան ներկայացրել է Ռուսաստանի հետ համաձայնագրի նոր նախագիծ, որտեղ հեռացել է Ստամբուլի պայմանավորվածություններից

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Ուկրաինան առաջարկում է քննարկել Ղրիմի ու Դոնբասի հարցը երկու նախագահների հանդիպման ժամանակ։ Լավրովը դա «անընդունելի» է անվանել։

Ըստ Լավրովի՝ Ուկրաինան փոփոխություններ է արել հետևյալ առաջարկություններում.

  • Զորավարժությունների անցկացում միայն բոլոր երաշխավոր երկրների, այդ թվում Ռուսաստանի համաձայնության դեպքում։
  • Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չեն տարածվում Ղրիմի և Սևաստոպոլի վրա։

ՌԴ ԱԳ նախարարը կարծում է, որ Կիևը, Վաշինգտոնի ճնշման տակ, փորձում է «պայթեցնել» Մոսկվայի հետ բանակցությունները։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն դրդում է շարունակել մարտական գործողությունները։

«Չնայած բոլոր սադրանքներին, ռուսական պատվիրակությունը շարունակում է բանակցային գործընթացը՝ առաջ մղելով համաձայնագրի մեր նախագիծը, որտեղ հստակ և ամբողջությամբ շարադրված են մեր բոլոր նախնական դիրքորոշումներն ու պահանջները»,- հայտարարել է Լավրովը։

Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների մանրամասներն այստեղ են։

15:19

Ռոսկոմնադզորը հայտնել է Google-ի նկատմամբ «հարկադրանքի միջոցներ» կիրառելու մասին

Գերատեսչությունը հայտարարել է, որ դրանք կիրառվել են Google-ի կողմից ռուսական օրենսդրության «բազմակի խախտումների» պատճառով: Այդ միջոցների թվում են.

  • Google-ի կողմից ռուսական օրենսդրության խախտման մասին ինտերնետ-օգտատերերի որոնողական համակարգերի միջոցով տեղեկացում։
  • Google-ի գովազդների և «նրա տեղեկատվական ռեսուրսների՝ որպես գովազդման օբյեկտի» տարածման արգելք։

15:12

Եկատերինբուրգի նախկին քաղաքապետ Եվգենի Ռոյզմանը երրորդ անգամ տուգանվել է 50 հազար ռուբլով՝ «ռուսական բանակի վարկաբեկման» համար։ Մեկ շաբաթ առաջ նա արդեն իսկ համանման մեղադրանքով ստացել էր երկու տուգանք՝ ընդհանուր 100 000 ռուբլի։

15:01

Կիևի մարզի Բորոդյանկա գյուղը, որը գտնվում էր ռուսական վերահսկողության ներքո։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ պատերազմի մեկ ամսվա ընթացքում գյուղում անհետ կորել է մոտ 200 մարդ։ Հավանաբար, նրանք գտվում են ռուսական ավիահարվածների հետևանքով փլուզված շենքերի փլատակների տակ։

14:53

Չինական պետական նավթավերամշակման ընկերությունները հրաժարվում են ռուսական նավթի ներկրման շուրջ նոր պայմանագրեր կնքել, նույնիսկ մեծ զեղչերի պարագայում։ Այդ մասին Reuters-ին պատմել են իր վեց աղբյուրները։

Գործակալության զրուցակիցների խոսքերով՝ չինական ընկերությունները մտահոգություն ունեն, որ Ռուսաստանից նավթի լրացուցիչ ծավալների ձեռքբերումը կարող է դիտարկվել որպես Մոսկվային աջակցություն։

14:48

Ուկրաինայում խաղաղության բանակցություններում պարտադիր պետք է ներկայացված լինի բելառուսական կողմը։ Այդ տեսակետն ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Չեն կարող բանակցություններ լինել առանց Բելառուսի մասնակցության։ Դուք մեզ ներքաշեցիք սրա մեջ, առաջին հերթին արևմտյան երկրները, այնտեղ՝ այդ բանակցություններում, բնականաբար, պետք է հնչի Բելառուսի տեսակետը»,- հայտարարել է Լուկաշենկոն։

14:39

Բուչայի քաղաքապետ. զոհերի 90 %-ի մոտ փամփուշտների հետքեր են, այլ ոչ բեկորային

Այդ մասին հայտարարել է Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը՝ Deutsche Welle-ին տված հարցազրույցում։ Մի քանի այլ մտքեր ևս.

  • Մինչև պատերազմը քաղաքում ապրում էր 50 000 մարդ։ Այսօր Բուչայում կա 3700 մարդ, բայց այդ թիվը քիչ-քիչ աճում է, որովհետև վերադառնում են կրիտիկական ենթակառուցվածքների հարցերով մասնագետները։
  • Ապրիլի 6-ի դրությամբ՝ քաղաքում հայտնաբերվել է 320 խաղաղ բնակչի մարմին։ Նրանց թիվն աճում է, որովհետև մարմինները հայտնաբերվում են մասնավոր տարածքներում, այգիներում, հրապարակներում։ Մարդիկ փորձել են թաղել զոհվածներին, որպեսզի «շները քաշ չտան»։
  • Ավերվել է 112 մասնավոր տուն, որոնք ենթակա չեն վերականգնման։ Եվս մոտ 100-ն էլ տուժել են։ Բացի այդ, հրետակոծության հետևանքով վնասվել և այրվել է 18 բազմաբնակարան շենք։

14:24

«Новая газета»-ի Ռուսաստանը լքած լրագրողները թողարկել են «Новая газета. Европа» պարբերականը։

«Սա «Новая газета»-ի մասնաճյուղը չէ, այլ ինքնուրույն նախագիծ, որը իրավաբանորեն և փաստացի անկախ է։ «Новая газета. Европа»-ն մի քանի լեզվով աշխարհին կպատմի Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Այն կլուսաբանի միջազգային և ռուսական նորություններն այն մարդկանց համար, որոնք կարդում են ռուսերեն և կիսում եվրոպական արժեքները»,- նշվում է պարբերականի տելեգրամյան ալիքում։

«Новая газета. Европа»-ի գլխավոր խմբագիրը կլինի Կիրիլ Մարտինովը, որը մինչև աշխատանքների դադարեցումը, «Новая газета»-ի քաղաքականության բաժնի խմբագիրն էր։

14:10

Der Spiegel. գերմանական հետախուզությունը որսացել է ռուսական զորքերի ռադիոհաղորդագրությունը, որտեղ քննարկվում են Բուչայում խաղաղ բնակչության սպանությունները

Գերմանական հետախուզությունը կարծում է, որ քաղաքացիական անձանց սպանությունները կարող են լինել խաղաղ բնակչությանը վախեցնելու և նրանց դիմադրությունը կոտրելու «հստակ ռազմավարության» մի մաս։ Դրան կարող էին մասնակցել «Վագներ»-ի խմբի ռուսաստանցի վարձկանները։ 

Գաղտնալսված բանակցություններից պարզ է դառնում, որ սպանությունները կարող էին տեղի ունենալ նաև ռուսական վերահսկողության տակ գտնվող մյուս բնակավայրերում, մասնավորապես՝ Մարիուպոլի մատույցներում, գրում է Der Spiegel-ը։

Ռուսաստանը հերքում է իր կապը Ուկրաինայի խաղաղ բնակիչների սպանության հետ՝ պնդելով, որ իր թիրախում միայն ռազմական օբյեկտներն են։

14:07

Spotify-ը ապրիլի 11-ից կդադարի աշխատել Ռուսաստանում

Այն մասին, որ սթրիմինգային ծառայությունը ապրիլին կհեռանա ռուսական շուկայից, հայտնի էր դարձել մոտ երկու շաբաթ առաջ։

14:05

Մարիուպոլի քաղաքային թիվ 4 հիվանդանոցի բուժառուներին և անձնակազմին հարկադրաբար տարել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության կամ Ռուսաստանի տարածք։ Այդ մասին հայտնել է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը։

Քաղխորհուրդը նաև տեսանյութ է հրապարակել, որում մարդիկ, ձեռքներին իրենց իրերը, նստում են զրահատեխնիկաները։ 

14:02

Ինչպես է Ռուսաստանը փորձում հաղթահարել տնտեսական պատժամիջոցները։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Պետդումայում հանդես է գալիս կառավարության 2021 թվականի տարեկան հաշվետվությամբ։

14:00

Ի՞նչ է կատարվել ապրիլի 7-ի գիշերը` հակիրճ.

  • ԱՄՆ սենատը հավանություն է տվել Ուկրաինայի համար լենդ-լիզի օրենսդրական նախագծին, որը Սպիտակ տանը հնարավորություն կտա արագացված ընթացակարգով Կիևին զենք մատակարարել։ Այժմ օրենսդրական նախագծին պետք է հավանություն տա Ներկայացուցիչների պալատը։
  • Պենտագոնը հայտնել է Կիևի և Չեռնիգովի մարզերից ռուսական զորքերի ամբողջական դուրսբերման մասին։
  • Պատերազմի մեկնարկից ի վեր ԵՄ-ն էներգակիրների համար Ռուսաստանին վճարել է 35 միլիարդ դոլար։ Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ուկրաինային ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը կազմել է մոտ 1 միլիարդ եվրո։
  • ՆԱՏՕ-ի ներսում հակասություններ կան Ռուսաստանի վերաբերյալ։ Բալթյան երկրները և Լեհաստանը պնդում են Մոսկվայի հետ հարաբերությունների ամբողջական խզման անհրաժեշտության մասին, որը «Ռուսաստանին ծնկի կբերի»։ Ֆրանսիան, Գերմանիան և Թուրքիան ցանկանում են շարունակել շփումները Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել են The New York Times-ի աղբյուրները։
  • Պսկովից շուրջ 60 զինծառայող հրաժարվել է մեկնել Ուկրաինա՝ պատերազմելու։ Այդ մասին հայտնել են «Псковская губерния» պարբերականի զրուցակիցները։
  • Ավստրիան և Խորվաթիան հայտարարել են ռուսաստանցի մի խումբ դիվանագետների արտաքսման մասին։
  • Գրավված Էներգոդարում Ռուսաստանը սկսել է ստեղծել իշխանության այլընտրանքային մարմիններ։ Այդ մասին հայտնել է ուկրաինական «Энергоатом» ընկերությունը։
  • Սպասվում է, որ ապրիլի 7-ին ԵՄ-ն կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների հինգերորդ փաթեթի մասին, իսկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կդիտարկի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանի հեռացման հարցը։

Լուսանկարը՝ Rodrigo Abd/The Associated Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter