HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղրաձորում ոսկու երկրորդ հանքավայրը շահագործելու հավակնորդներ են հայտնվել

Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ապրիլի 11-ին` ժամը 11:00-ին, Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական շենքում անցկացվելու են հանրային բաց լսումներ և քննարկումներ՝ «Արտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող Մեղրաձորի ոսկու հանքավայրի արևմտյան տեղամասի ոսկու երևակման 2022-2025 թվականների երկրաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ:

Սա առաջին` նախնական հանրային լսումն է, քանի որ նախագիծը Շրջակա միջավայրի նախարարության կայքում դեռևս տեղադրված չէ, և չկա հանրային լսման վերաբերյալ ՇՄՆ պաշտոնական ծանուցումը:

Մեղրաձորի վարչական ղեկավար Վոլոդյա Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ տարածքներ են հայցում ոսկի որոնողները: Վերջինս նշեց, որ ինքը մանրամասներին չի տիրապետում և որքանով տեղյակ է, դա ընկերության վաղուցվա ձեռք բերած սեփական տարածքներն են: Այլ մանրամասներ ճշտելու համար վարչական ղեկավարն ուղղորդեց Ծաղկաձորի համայնքապետարան:

Ծաղկաձորի համայնքապետարանից էլ ուղղորդեցին դեպի «Արտ» ՍՊԸ: Ընկերության ներկայացուցիչ Վաչե Թանգյանը պատմեց (Գորիսի հարկային տեսչության նախկին տեսուչ է եղել), որ ընկերությունը շուրջ 40 հա տարածք ունի գործող հանքավայրին հարակից, որտեղ էլ նախնական մտադիր են որոնողահետախուզական աշխատանքներ իրականացնել: Սակայն գուցե երկրաբանների հետ խորհրդակցելուց հետո այլ տարածքներ ևս ուսումնասիրելու անհրաժեշտություն լինի: Եղանակները տաքանալուն պես այդ գործով պետք է զբաղվեն` հստակեցնեն տարածքները:

Ընկերության բնապահպանական հարցերով խորհրդատու Զարուհի Զուռնաչյանն էլ (ՇՄՆ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական» ՊՈԱԿ-ի նախկին փորձագետ) մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ հողերի, ոչ տարածքի վերաբերյալ հստակություն չկա, քանի որ ապրիլի 11-ին դեռևս առաջին հանրային քննարկումն է, որը ընկերության մտադրությունների վերաբերյալ է: Եթե համայնքը համաձայնություն տա, նախագծման աշխատանքները կընթանան, և հարցերը կհստակեցվեն:

Վաչե Թանգյանից հետաքրքրվեցինք, թե ինչով է զբաղվում ընկերությունը: Վերջինս նշեց, որ ընկերությունը մինչ օրս որևէ գործունեությամբ չի զբաղվել, հիմնադրվել էր այդ հանքավայրի շահագործման նպատակով, սակայն տարբեր պատճառներով աշխատանքներ այդ ուղղությամբ մինչ օրս չեն կատարել:

«Արտ» ՍՊԸ-Ն հիմնադրվել է 2015թ.-ին` Արայիկ Մկրտչյանի կողմից: Վերջինս նաև ընկերության տնօրենն է: Վաչե Թանգյանը վստահեցրեց, որ ինքը հիմնադրի ավագ որդու ընկերն է, և իրենց նախաձեռնությամբ են որոշել սկսել որոնողահետախուզական աշխատանքները:

Մեղրաձորում, հիշեցնենք, «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն 2012-ին ստացել է ընդերքօգտագործման իրավունք և շահագործում է ոսկու հանքավայրը: Բացի դրանից, «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ն ընդերքօգտագործման իրավունք ունի Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուր տեղամասի համար: Չնայած ՏԿԵՆ-ի նախկին նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով դադարեցվել էր վերջին ընկերության ընդրեքօգտագործման իրավունքը, սակայն «Պարամաունտ գոլդ մայնինգ»-ը դատարանով անվավեր ճանաչեց նախարարի հրամանը: Սակայն ՏԿԵՆ-ն բողոքարկել է վճիռը, և Վերաքննիչ վարչական դատարանը գործով նիստ է նշանակել այս տարվա հոկտեմբերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter