HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուս օլիգարխը Հայաստանում հավակնում է 4-րդ մետաղական հանքին

Դատարանը Սուրեն Պապիկյանի հրամանն անվավեր է ճանաչվել

Վարչական դատարանը սեպտեմբերի 28-ի որոշմամբ անվավեր է ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Սուրեն Պապիկյանի հրամանը: Դրանով, հիշեցնենք, 2020թ. օգոստոսին Պապիկյանը դադարեցրել էր «Պարամաունտ գոլդ մայնինգ» ընկերության ընդերքօգտագործման իրավունքը Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուր տեղամասի համար:

«Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ում խոշոր բաժնեմասը պատկանում է Սոթքի ոսկու հանքավայրը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի հիմնական սեփականատիրոջը՝ ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին՝ 49%:

Տրոցենկոն բոլորովին վերջերս դարձել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր և իր բաժնեմասի 15 տոկոսը նվիրել Հայաստանի կառավարությանը:

Տրոցենկոն 2012 թվականից ռուսական պետական նավթային «Ռոսնեֆտ» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Սեչինի խորհրդականն է եղել: Այնուհետև գլխավորել է «Ռոսնեֆտ»-ի դուստր Rosneft Overseas-ը, որը զբաղվել է ընկերության արտասահմանյան ակտիվների կառավարմամբ: Իսկ մինչ «Ռոսնեֆտ» գալը գլխավորել է պետական` Միացյալ նավաշինական կորպորացիան: 

Տրոցենկոն այժմ գլխավորում է  «АЕОН» կորպորացիան, որի մեջ մտնում են 3 տասնյակ տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերություններ, այդ թվում` երեք նավակառույց գործարան, երկու նավաշինական ընկերություն և 13 օդանավակայան: Կորպորացիայի խմբում է նաև միջազգային զբոսանավեր կառուցող Timmerman Yachts-ը: Ինչպես երևում է նրա գործունեության ոլորտներից, Ռ. Տրոցենկոն ՌԴ կառավարությանը շատ մոտ մարդ է: 

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնեմասում մասնակցությունը և ՀՀ կառավարությանը նվիրաբերելու գործարքը Ռոման Տրոցենկոյին պատկանող «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության միջոցով է իրականացվել: Ըստ պաշտոնական հաղորդագրության, վերջինս «Գեոպրոմայնինգ Արմենիա»-ին պատկանող ընկերություն է, 2021թ. սեպտեմբերի 30-ին ձեռք է բերել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 60 % բաժնետոմսերը։

Ռուսաստանում հիմնադրված «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի սեփականատերերը, ինչպես Հայաստանում, չեն երևում պաշտոնական ռեգիստրում: Այնտեղ ևս ՓԲԸ-ների ու ԲԲԸ-ների սեփականատերերի մասին ինֆորմացիան հասանելի չէ հանրությանը: Սակայն որոշ ընկերությունների փաստաթղթեր համադրելիս պարզ է դառնում, որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն Տրոցենկոյի վերահսկողության տակ է: Օրինակ` ընկերության տնօրեն Վիկտորիա Ալեքսանդրի Սոլդատովան ՌԴ-ում Տրոցենկոյին պատկանող ևս մեկ  ընկերության տնօրեն է` ДИРЕКЦИЯ "МОРСКОЙ ПОРТ ИНДИГА". 

2018-2020թթ. «Արդյունաբերական ընկերության» գլխավոր գործադիր տնօրենը Անդրեյ Բորիսի Կորնիլովն էր, որը բաժնեմաս ուներ "НОВАЯ КОЛХИДА" ընկերությունում: Այս ընկերության բաժնեմասն այնուհետև անցել է Տրոցենկոյի վերահսկողությանը: 

«Արդյունաբերական ընկերությունը»  Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել է ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող ընկերության 25% հասարակ (սովորական) բաժնետոմսերը: Դա 412,250.75 հատ հասարակ բաժնետոմս է, որից յուրաքանչյուրի անվանական արժեքը 20 հազար դրամ է: ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը:

ՀՀ կառավարությունն ի սեփականություն է ընդունել բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:

Այդպիսով, Տրոցենկոն դարձել է Հայաստանում ամենամեծ մետաղական երկու հանքավայրերի` Սոթքի ոսկու հանքավայրի և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի խոշոր բաժնետերը: Նրան է պատկանում նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Իսկ Մեղրաձորը կդառնա 4-րդ հանքավայրը, որը կշահագործի ռուս միլիարդատերը:

«Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ում Տրոցենկոյի գործընկերները ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանն ու գործարար, «Կոնվերսբանկ» ՓԲԸ ընկերության հիմնադիր, բաժնետեր և խորհրդի նախկին նախագահ Սմբատ Նասիբյանն են: Վերջիններս իրենց մասնակցությունը «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ի բաժնեմասում ապահովում են լյուքսեմբուրգյան օֆշորում գրանցված AMGM ՍՊ ընկերության միջոցով, որտեղ Արզաքանցյանը 29 տոկոս բաժնեմասի սեփականատեր է, իսկ Նասիբյանը` 20%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter