HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեաթերթիկների 100 %-ի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ ընտրությունների երկրորդ փուլ են անցել գործող նախագահ Էմանուել Մակրոնը և աջ ծայրահեղական քաղաքական գործիչ Մարին Լը Պենը։ BBC-ի փոխանցմամբ՝ Մակրոնը ստացել է ձայների 27,84 %-ը, իսկ Լը Պենը՝ 23,15։ Երրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Ժան-Լյուկ Մելանշոնը, որին աջակցել է ընտրողների գրեթե 22 %-ը։

Թեկնածության առաջարդման սկզբնական շրջանում մեծ աղմուկ հանած աջ ծայրահեղական Էրիկ Զեմուրը, որին շատերը համեմատում էին Դոնալդ Թրամփի հետ, հավաքել է ձայների 7 %-ից մի փոքր ավելին։ Նա արդեն իր աջակիցներին կոչ է արել ընտրությունների երկրորդ փուլում քվեարկել Լը Պենի օգտին։

Մարին Լը Պենն իր աջակիցներին ուղղված ուղերձում կոչ է արել բոլոր նրանց, որոնք առաջին փուլում չեն քվեարկել Մակրոնի օգտին, երկրորդ փուլում քվեարկել իր օգտին։ Լը Պենը հայտարարել է, որ կլինի «բոլոր ֆրանսիացիների նախագահը»։

«Ես մտադիր եմ, առանց հապաղելու, կարել այն ճեղքերը, որոնցից տառապում է պատռված Ֆրանսիան, և որոնց հետ մինչ օրս իշխանություններին ոչինչ չի հաջողվել անել»,- հայտարարել է Լը Պենը։

Ժան-Լյուկ Մելանշոնն իր աջակիցներին կոչ է արել որևէ ձայն չտալ աջերին։ «Երկրորդ փուլում Լը Պենի օգտին որևէ ձայն չպետք է լինի»,- ասել է Մելանշոնը՝ դիմելով իր աջակիցներին։

Նման կոչով իրենց աջակիցներին դիմել են թեկնածուների մեծ մասը։ Պահպանողականների թեկնածու Վալերի Պեկրեսն, ընդ որում, ընդգծել է, որ Լը Պենը «պատմականորեն մոտ է եղել» Վլադիմիր Պուտինին, և դա նրան վարկաբեկում է։ Երկրորդ փուլում Մակրոնի օգտին քվեարկելու կոչ են արել նաև Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, կոմունիստ Ֆաբիեն Ռուսելը և «կանաչների» թեկնածու Յանիկ Ժադոն։

Դեռ մինչ առաջին փուլի քվեարկությունը վերլուծաբանները Մակրոնի և Լը Պենի մասնակցությամբ երկրորդ փուլը հավանական էին համարում։ Իրականացված հարցումները ցույց էին տվել, որ Մակրոնը շարունակում է մնալ ֆավորիտը, սակայն նա Լը Պենին գերազանցում էր միայն 6 տոկոսային կետով։

Նույն հարցումները ցույց էին տալիս, որ, էներգակիրների կտրուկ գնաճի և աճող ինֆլյացիայի պայմաններում, գնողունակությունը դարձել է ընտրողների գլխավոր մտահոգությունը։ Լը Պենը իր քարոզարշավը հաջողությամբ կենտրոնացրել էր այս հանգամանքի վրա, իսկ Մակրոնն ավելի շատ Ուկրաինայում պատերազմի և տեղի ունեցողի վրա եվրոպական արձագանքի ուղղությամբ։

Սա նշանակում է, որ երկրորդ փուլի ընթացքում, որը նախատեսվում է ապրիլի 24-ին, կհանդիպեն նույն թեկնածուները, ինչ 2017 թվականին։ Այդ ժամանակ Մակրոնը հավաքել էր ձայների մոտ 66 %-ը, իսկ Լը Պենը՝ մոտ 33 %-ը։ 

Հինգ տարի առաջ Մակրոնը հեշտությամբ հաղթեց Լը Պենին, և չնայած նա շարունակում է գերակայել ֆրանսիական քաղաքականության մեջ, այս ընտրությունների ընթացքում 44-ամյա նախագահին սպասվում է բարդ պայքար։

Չնայած ընտրողները որոշակիորեն դժգոհ են Մակրոնի տնտեսական քաղաքականությունից՝ վերջին տարիներին այդ երկրում գործազրկությունը հասել է ամենացածր մակարդակին, իսկ հարցումների մասնակիցները կարծում են, որ նրա մրցակիցներից և որևէ մեկը ավելի մեծ ցուցանիշի չէր հասնի։

Իլյուստրացիան՝ Getty Images-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter