HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանական մարտերը Շուշիի մատույցներում․ դեսանտագրոհային գումարտակի ավագ լեյտենանտ Վրեժ Մանուկյան

Ավագ լեյտենանտ Վրեժ Մանուկյանը պատերազմի օրերին եղել է Դրմբոնի դեսանտագրոհային գումարտակի երրորդ դասակի հրամանատարը:

Գումարտակը մասնակցել է Թալիշի, Մատաղիսի, Մարտակերտի, Հաթերքի,  Շեխերի, Հադրութի, Շուշիի մարտական գործողություններին: Նոյեմբերի 5-ին դեսանտագրոհային գումարտակն առաջադրանք է ստացել՝ երկու դասակով միանալ Շուշիի մատույցներում պաշտպանական մարտերին: Դասակների հրամանատարներն էին Վրեժ Մանուկյանը և Արման Զաքարյանը: Դասակները նոյեմբերի 8-ի գիշերը կարողացել են դուրս գալ շրջափակումից: Անտառներում մարտ վարելով՝ նահանջել են, նոյեմբերի 9-ին՝ առավոտյան ժամը 04:00-ին, հասել են Ստեփանակերտ: Պատերազմի ընթացքում Վրեժ Մանուկյանի դասակն ունեցել է մեկ զոհ, երկու վիրավոր: Վրեժ Մանուկյանը պատմում է այդ օրերի մասին: 

-Նոյեմբերի 5-ին ե՞րբ հասաք Շուշի, որտե՞ղ տեղակայվեցիք, մարտական ի՞նչ  առաջադրանք ունեիք:

Նոյեմբերի 5-ին ցերեկը՝ ժամը հինգի կողմերը, հասանք ու տեղակայվեցինք Քարին Տակ-Շուշի տանող ճանապարհի խաչմերուկում, էլեկտրացանցի մոտ և եղևնիների բլրի վրա: Մեր բանակի հատուկ նշանակության գումարտակի հետ պետք է պահեինք ճանապարհի աջ մասը և հարակից տարածքները:

Երբ հասանք, Հադրութի հինգերորդ գումարտակը՝ վաշտի հրամանատար մայոր Գեղազնիկ Տոնոյանի գլխավորությամբ, Քարին Տակ-Շուշի տանող ճանապարհի բարձունքն էր պահում, վաշտի մի խումբը դիրքերն էր պահում, մարտերն էր վարում, մի խումբն էլ՝ որպես պահեստուժ, վիրավորների, զինամթերքի վրա էր: Որտեղ որ մենք էին դիրքավորվել, կարելի ա ասել, դիրքեր չկար ընդհանրապես, կային փորած դիրքանման ինչ-որ բաներ, քարերի, ծառերի, բլրի հետևում, ո՛չ թաքստոց, ո՛չ դիրք, ո՛չ կացարան, ոչ մի բան չկար, բաց երկնքի տակ, բաց դաշտում կռիվ էինք անում:

-Բացի ձեր՝ դեսանտագրոհային գումարտակի խմբից, այդ մասում էլ ի՞նչ ստորաբաժանումներ կային:

Նոյեմբերի 5-ին մի 800 հոգի դուրս է եկել էդ մասից, չի մասնակցել մարտական գործողություններին, մոտ էդքան էլ մնացել էր: Մեզ հետ եղել են Եղնիկներից երկու խումբ, բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումը (սպեցնազ), Հադրութի հինգերորդ գումարտակը, Հայկազովից են եղել խմբեր, կամավորական ջոկատներից և ԱԻՆ-ից են եղել խմբեր ու խառը այլ զորամիավորումներից: Բոլորին չեմ կարող թվարկել, որովհետև ժամանակ չի եղել, որ բոլորի հետ ծանոթանանք:

-Ձեր ու այդ մասում մյուս խմբերի, ստորաբաժանումների գործողությունները իրար հետ համաձայնեցվա՞ծ էր, կա՞ր կապ միմյանց հետ:

Կապ, կարելի է ասել, ընդհանրապես չկար: Ցանկացած գործողության մեջ, լինի ուսումնական, թե մարտական, կապը ամենակարևոր ատրիբուտն է, որ կարելի է ասել էդ օրերին 85-90 տոկոսով չկար: Ղեկավարում չկար, եթե չկա ղեկավարում, հնարավոր չի խնդիրներ լուծել: Հրամանատարներից մեկն էլ ես եմ եղել, ես էլ թերություններ ունեցել եմ. 24 տարեկան եմ, պատերազմի ժամանակ 23 տարեկան էի, ես չեմ կարող էն մարտական ուղին անցած լինեմ, էն փորձը ունենամ, էն ֆանտազիան, ու ընենց օպերացիա պլանավորեմ, որ առանց որևէ կորուստ տալու, Սեյրան Օհանյանի ասած՝ մանր խմբերով մեծ տարածքներ ազատագրել, բայց ինձնից շատ ավելի բարձր սպաներ, շատ ավելի մեծ սխալներ են թույլ տվել, ընդհուպ մինչև փախուստ: Չկար հրամաններ տվողը, չկար ղեկավարում, չկար կապ, չկար էդ ամենի վճռականությունը ու դրանից բխող հետևաքներով․ չէին աշխատում ՀՕՊ համակարգերը, ՌԷՊ համալիրները, իսկ հակառակորդի կրակային միջոցները էդ մասում մեզ վրա աշխատում էին ամեն րոպե։

-Ձեր տեղակայման վայրի վրա հակառակորդը որտեղի՞ց էր կրակ վարում ու ինչ զինատեսակներով:

Չորս կողմից էլ կրակ էր վարում՝ Քարին Տակից, Շուշի քաղաքից, Իսայի աղբյուրից, Կրկժանի ձորերից, նոյեմբերի հինգի գիշերը լույս նոյեմբերի վեցը, հակառակորդը շրջապատել էր մեզ:

Մեզ վրա աշխատում էին հրաձգային միջոցներից մինչև հրետանային միջոցներ, ՏՈՍ-1 էր աշխատում մեզ վրա Կուբաթլուից, նռնականետեր, հրետանային միջոցներ: Էդ տեսակ ինտենսիվ կրակ ես երբեք չէի տեսել, էդպիսի րոպե չկար, որ մի արկ մի տեղ չպայթեր:

44-օրյա պատերազմի ընթացքում երևի ամենաշատ փամփշտային զոհ, վիրավոր էս մասում է եղել, նոյեմբերի 8-ին էս հատվածում 10 րոպեի ընթացքում 400 հոգի է զոհվել հրաձգային զինատեսակներից:

Նոյեմբերի 6-ից ճանապարհը երկու կողմից փակ էր, շրջափակման մեջ էինք, Շուշիի ճանապարհի գազալցակայանից չէին կարողանում մեր ուժերը գալ օգնության, ո՛չ սնունդ, ո՛չ ջուր, ո՛չ զինամթերք չէին կարողանում մատակարարել, միայն զրահապատ մեքենաներն էին կարողանում գալ վիրավորներ հանելու, մեկ էլ զինամթերք բերելու, բայց իրենց էլ էին խփում, մեր հատվածում վիրավորներ տեղափոխող ՀՄՄ-2 էին խփել:

Նոյեմբերի 7-ին մեր տանկերը առաջ էին  շարժվել, մեր դեսանտագրոհային խումբն էլ, հատուկ նշանակության ստորաբաժանման հետ առաջ գնացինք, էնտեղից զենք-զինամթերք, ուտելիք, ծխախոտ վերցրինք, ոչ մի բան չունեինք, չէին կարողանում ապահովել ո՛չ կապով, ո՛չ ջրով, ո՛չ սննդով: Նույն օրը՝ նոյեմբերի 7-ին, նորից հետ իջանք, որովհտեև քանակապես շատ էր հակառակորդը, չկարողացանք պահել առաջխաղացումը:

Նոյեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, կարելի ասել մեզ հետ ընդհանրապես կապ չկար մեր հրամանատարությունը, մեր հարազատները մտածում էին մենք էլ չկանք, կրակի ինտեսիվությունը էնքան մեծ էր, որ ամեն տասը րոպեն մեկ կամ զոհեր էին լինում, կամ վիրավորներ: Ոչ մի զրահապատ մեքենա էլ չէր կարողանում մոտենալ, մենակ Խոջալուի տանկային բրիգադից մի քանի արծիվ տղա իրանց բրիգադի հրամանատարի հետ գալիս էին վիրավոր էին տանում ու զենք բերում:

Նոյեմբերի 8-ին Եղնիկների խմբից Թովմասն (հետմահու Արցախի հերոս) է վիրավորվում, ես և դասակիցս Վանուշ Պողոսյանը մոտենում ենք, դուրս ենք հանում ճանապարհի մոտ, դիպուկահարն էր ոտքից խփել, Սպեցնազից Դեդի հետ վիրակապեցինք, նստեցրինք շտապ օգնության մեքենա, ճանապարհին էդ մեքենան խփեցին:

Նույն օրը զոհվեց մեր դեսանտագրոհային գումարտակի շտաբի պետը՝ Վալյո Դադան (մայոր Վալերի Սարգսյան) դիպուկահարի կրակոցից։

Գիշերվա 12-ից 1-ը ընկած ժամանակահատվածում զորքի մեծ մասը Շուշի-Քարին Տակ խաչմերուկից նահանջել էր ձորով, մնացել էր քիչ մասը ու զոհեր էինք տալիս, որոշեցինք դուրս գալ ձորով, հենց մտանք ձոր, մեզ դիմավորեց հակառակորդի 70 հոգանոց խումբ, մարտի մեջ մտանք, մոտ իննսուն տոկոսին ոչնչացրել ենք, հետո առաջացել ենք նորից հակառակորդի խմբերի ենք հանդիպել, էլի մարտի մեջ ենք մտել, հրետակոծության տակ ընկել, էդ ժամանակ որ կրակը մեզ վրա էինք վերցրել, մնացած մեր խմբերի համար ճանապարհ էր բացվել, կարողացան դուրս գալ: Առավոտ՝ ժամը 4-ի մոտ, Կրկժանի աղբյուրի մոտ հասանք ու դուրս եկանք շրջափակումից։

Ես ինձ պարտված չեմ համարում, ու իմ զինվորները, որոնք առաջին օրվանից մինչև վերջին օրը կռվում էին, իրենք էլ չեն պարտվել, ոչինչ, էլի պատերազմ կլինի, ես ու իմ զինվորները տեսել ենք՝ ինչքան արյուն է թափվել էդ տարածքների վրա, մեր հայրերի, եղբայրների գերեզմաններն են էնտեղ, կռվելու ենք դեռ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter