HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ընդդիմության առաջնորդ Շահբազ Շարիֆն ընտրվել է Պակիստանի նոր առաջնորդ

Պակիստանի խորհրդարանի ստորին պալատը ընդդիմադիր Պակիստանի մուսուլմանական լիգայի առաջնորդ Շահբազ Շարիֆին ընտրել է երկրի նոր վարչապետ։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով պակիստանյան Geo հեռուստաընկերությանը։ 

«Շեհբազը հավաքել է 174 ձայն, ի տարբերություն «Թեհրիկ-ի- Ինսաֆ»-ի թեկնածու Շահ Մահմուդ Քուրեշիի, որը չի ստացել որևէ ձայն այն բանից հետո, երբ իր կուսակցությունը որոշել էր բոյկոտել քվեարկության գործընթացը»,- նշել են հեռուստաընկերության եթերում։

Քվեարկությունից առաջ Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի «Թեհրիկ-ի- Ինսաֆ» կուսակցությունը դուրս էր եկել խորհրդարանի կազմից։ Նախկին իշխող կուսակցությունը խորհրդարանի ստորին պալատի 342 մանդատներից ուներ 155-ը։ Կուսակցության ներկայացուցիչ Շեյխ Ռաշիդի խոսքով՝ նրանք կշարունակեն Պակիստանի բնակչությանը կոչ անել դուրս գալ օտարերկրյա դավադրության դեմ, որն այդ երկրում ճգնաժամ է առաջացրել։

70-ամյա Շահբազ Շարիֆը՝ Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆի կրտսեր եղբայրը, վարչապետի պաշտոնին առաջադրվել էր կիրակի օրը՝ ընդդիմադիր կուսակցությունների կողմից։ Նախատեսվում է, որ այսօր երեկոյան տեղի կունենա նոր վարչապետի երդմնակալության արարողությունը։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ ապրիլի 9-ի երեկոյան, Պակիստանի խորհրդարանն անվստահության քվե էր հայտնել երկրի վարչապետ Իմրան Խանին և հեռացրել զբաղեցրած պաշտոնից։ Նրան անվստահության քվե հայտնելու մասին քվեարկությունը ձգվել էր մոտ 13 ժամ։ Արդյունքում՝ նրան անվստահություն հայտնելու օգտին քվեարկել էր 342 պատգամավորներից 174-ը։

Իմրան Խանը, որը նախկինում կրիկետի հայտնի խաղացող էր, Պակիստանի վարչապետ էր դարձել 2018 թվականին։ Նա խոստացել էր հաղթել կոռուպցիան և իր երկիրը դուրս բերել տնտեսական ճգնաժամից, սակայն հիմա բազմաթիվ պակիստանցիներ կարծում են, որ երկու խոստումն էլ Խանը չի կատարել։

Իմրան Խանը բազմիցս հայտարարել է, որ իշխանությունից իր հեռացման համար ընդդիմադիր կուսակցությունները համագործակցում են մյուս պետությունների հետ։ Մասնավորապես, նա պնդում էր, որ իրենից փորձում են ազատվել ամերիկյան իշխանությունները, որոնց իբր դուր չի գալիս իր ընկերությունը Ռուսաստանի ու Չինաստանի հետ։ Ամերիկյան իշխանությունները պակիստանցի քաղաքական գործչի հայտարարություններն անվանում էին չհիմնավորված ենթադրություններ, իսկ ինքը՝ վարչապետը չի ներկայացրել իր պնդումների որևէ ապացույց։

Իմրան Խանը սերտ կապեր ուներ Ռուսաստանի հետ։ Փետրվարի 23-ին, երբ Մոսկվայի հարաբերություններն Արևմուտքի հետ խիստ լարված էին, Ուկրաինայում առկա իրավիճակով պայմանավորված, Իմրան Խանն այցելել էր Ռուսաստան։ Խանը նաև սերտ հարաբերություններ ուներ Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ։ Մասնավորապես, 44-օրյա պատերազմի ժամանակ Պակիստանն ու վարչապետ Իմրան Խանն իրենց աջակցությունն էին հայտնել Ադրբեջանին։ 

Իմրան Խանը դարձել է Պակիստանի պատմության առաջին վարչապետը, որն իշխանությունից հեռացվել է խորհրդարանի անվստահության քվեի հիման վրա։ Մինչ քվեարկությունը, նա հայտարարել էր, որ չի ընդունում իր հրաժարականը, քանի որ մինչ այդ ստորագրել էր խորհրդարանի ցրման հրամանը։ Այդ որոշումը նա բացատրել էր նրանով, որ ընդդիմադիր պատգամավորները գործում են օտարերկրյա պետությունների ճնշման տակ, ինչը հակասում է երկրի սահմանադրությանը։ Սակայն ընդդիմությունը դիմել էր Պակիստանի սահմանադրական դատարան, որը խորհրդարանի ցրումը հակաօրինական էր ճանաչել, և դա ճանապարհ էր բացել շաբաթօրյա քվեարկության համար։

Լուսանկարը՝ Aamir Qureshi / Afp /Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter