HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ. «Մարդիկ մեծ հոսքով վերադառնում են Կիեւ, մայրուղիներում 3-4 կմ հերթեր են»

Արդեն մեկ շաբաթ է՝ Կիեւում հրթիռակոծություն չկա, իրավիճակը հանգիստ է: Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը: Նրա տեղեկացմամբ՝ ուկրաինական բանակը Կիեւի մարզում ներկայում ականազերծման աշխատանքներ է կատարում:

Ուկրաինական մայրաքաղաքում հոսանքի խնդիր չկա, հանրային տրանսպորտն սկսել է աշխատել, սրճարանները եւ ռեստորանները վերաբացվել են: Փակ են միայն առեւտրի մեծ կենտրոնները:

Թեեւ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն դեռ մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ մարդիկ, ովքեր պատերազմի պատճառով լքել են քաղաքը, դեռ չշտապեն վերադառնալ Կիեւ, ըստ Դավիթ Մկրտչյանի, մարդիկ մեծ հոսքով վերադառնում են Կիեւ, եւ մայրաքաղաք տանող մայրուղիներում 3-4 կմ հերթեր են:

Իրավիճակը շարունակում է ծանր մնալ Խարկովում եւ Մարիուպոլում, որոնք շրջափակման մեջ են: Այդտեղ թե՛ ցամաքային, թե՛ օդային բախումները շարունակվում են: Մարդիկ փորձում են այդտեղից դուրս գալու ուղիներ գտնել: Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ Խարկովից ուղի կա, որով կարողանում են դուրս գալ, իսկ Մարիուպոլից կարողանում են դուրս գալ միայն հայտարարված հումանիտար միջանցքների ժամանակ։

Նախքան պատերազմը Մարիուպոլում բնակվում էր 10 հազար, իսկ Խարկովի մարզում՝ մոտ 50 հազար հայ: Պատերազմի մեկնարկից հետո դժվար է ասել, թե ինչքան հայ է մնացել այդ քաղաքներում:

«Շատ վատ վիճակ է Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում, Զապորոժիե մարզի մի հատվածում, որտեղ պատերազմը շարունակվում է: Քաղաքներ կան, որոնք արդեն գոյություն չունեն քարտեզի վրա»,- ասում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահը:

Նրա փոխանցմամբ՝ ծանր իրավիճակ է երկրի արեւելքում, որտեղ իրադրությունը հնարավոր է ավելի վատթարանա: Այդ համոզման պատճառն, ըստ Մկրտչյանի, ռուսական մամուլից եկող տեղեկատվությունն է, համաձայն որի՝ ռուսական կողմը ուժեր է կուտակում՝ Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերն իր իշխանության տակ վերցնելու համար:

«Այդտեղ կուտակված են թե՛ ուկրաինական, թե՛ ռուսական մեծ ուժեր: Իմ կարծիքով՝ մեծ բախումներ են տեղի ունենալու այդտեղ»,- նկատում է «Հետքի» զրուցակիցը:

Հարցին, թե ինչով է բացատրում Կիեւի ուղղությամբ գրոհը դադարեցնելը ռուսական ուժերի կողմից, Դավիթ Մկրտչյանը պատասխանում է, որ ինքն էլ անձամբ չի հասկանում, թե ինչ է կատարվում, ինչու էին 40 օր գրոհում Կիեւի ուղղությամբ, ապա ավելացնում, թե լուրեր կան, որ երկրորդ անգամ կարող է փորձ արվել Կիեւը գրավելու համար:

Դավիթ Մկրտչյանի ցանկությունն է, որ մինչեւ ամսվա վերջ պատերազմը վերջանա, սակայն կարծում է, որ այն դեռ երկար է տեւելու, քանի որ ակներեւ չէ, թե ինչ է ռուսական կողմի ուզածը:

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահի փոխանցմամբ՝ միությունը շարունակում է հումանիտար օգնություն տրամադրել, ինչպես դա արել է պատերազմի առաջին օրվանից:

Ողջ պատերազմի ժամանակ, ըստ նրա, Ուկրաինայի հայերի միությունը 23 բեռնատար ավտոմեքենա օգնություն է բաժանել պատերազմական գոտու ամբողջ տարածքում:

Ուկրաինան լքող հայերի թվի մասին միությունը դեռ տվյալներ չունի: Դավիթ Մկրտչյանն ասում է՝ բազմիցս դիմել են սահմանապահներին՝ երկրից դուրս եկող եւ «յան»-ով ազգանուն ունեցող մարդկանց տվյալները տրամադրելու համար, սակայն տեղեկատվություն դեռ չեն ստացել:

Առաջին լուսանկարում՝ Կիեւի մարզի Բորոդյանկա գյուղը, որտեղից ռուսական ուժերը հեռացել են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter