HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ն քննարկեց զոհված զինծառայողների եղբայրներին ու որդիներին զինծառայությունից ազատելու նախագիծը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որի համաձայն պարտադիր զինծառայությունից կազատվեն մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների եղբայրները և որդիները:

Նախագիծը ներկայացրեց հեղինակը` պատգամավոր Հայկ Սարգսյանը, ում խոսքով առաջինից երկրորդ ընթերցում որոշ փոփոխություններ են արվել, ըստ որի՝ զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները ցանկության դեպքում կարող են դիմում գրել ու մեկնել ծառայության:

Սարգսյանի խոսքով` «Պատիվ ունեմ» խմբակցությունն առաջարկել է ոչ թե նշված անձանց զինծառայությունից ազատվելու հնարավորություն տալ, այլ նախարարի հրամանով զորակոչել ԶՈՒ գլխավոր շտաբ:

«Ես այդ առաջարկին դեմ եմ եղել, այս փոփոխությունների նպատակը սոցիալական է, մենք զոհված զինծառայողների եղբայրներին ազատում ենք զինծառայությունից, որ ընտանիքի հոգսերը մեղմենք, աշխատեն ու լուծեն սոցիալական խնդիրները, ու ընտանիքում առաջացած հոգեբանական խնդիրները լուծեն»,- ասաց նա:

Սարգսյանի խոսքով` մեկ այլ առաջարկ էլ «Հայաստան» խմբակցությունն է ներկայացրել` առաջարկելով նշված անձանց զորակոչել վեց ամիս ժամկետով: Այս առաջարկը ևս հանձնաժողովի հավանությանը չի արժանացել:

Հիշեցնենք, որ նախագծի` առաջին ընթերցմամբ քննարկմանը հեղինակը հայտարարել էր, որ փոփոխությունից հետո շահառուների շրջանակը շատ չի լինելու. 2022-ի ամառային զորակոչին նախատեսվում է, որ օրենքի շահառու կլինի 10, ձմեռային զորակոչին՝ 17 քաղաքացի, 2023-ի ամառային զորակոչին՝ 11, ձմեռայինին՝ 14 քաղաքացի, այսինքն՝ առաջիկա չորս զորակոչերի ընթացքում 52 հնարավոր շահառու կարող է լինել:

Լրացված 15:50

Նախագիծը 68 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter