HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյան. ՀԱՊԿ-ի արձագանքը Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածին ձախողում է կազմակերպության համար

2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ սուվերեն տարածք ներխուժումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021-ի գլխավոր ձախողումն է համարում:

Այս մասին խորհրդարանում հայտարարեց Փաշինյանը` խոսելով Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժման մասին: Փաշինյանը հավելեց՝ այդ ամենին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արձագանքը նաև կառույցի ձախողումն է:

«Ինչո՞ւ այդ ձախողումը տեղի ունեցավ: Այս հարցի պատասխանը ստանալու համար, թերևս, տեղի ունեցածը պետք է դիտարկել դրան նախորդած մի շարք կարևոր իրադարձությունների խորապատկերում: 2021 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը արձակվեց իրավունքի ուժով, և մեր երկիրը թևակոխեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ, և միանշանակ է, որ դրանից երկու օր անց տեղի ունեցած ներխուժման մոտիվացիաներից մեկը Հայաստանի պետական ինստիտուտները և պետականությունը կաթվածահար անելն էր, նախընտրական և հետընտրական քաոսի հարուցումը և ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալը: Կարող ենք ուղիղ ասել, որ դա հարձակում էր նաև Հայաստանի ժողովրդավարության վրա»,-ասաց Փաշինյանը:

Ըստ նրա` մայիսյան ներխուժման համատեքստը կիսատ կմնա, եթե հաշվի չառնվի փետրվարին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը «բացահայտ կերպով քաղաքականության մեջ ներքաշվեց՝ կառավարության հրաժարականը պահանջող հայտարարություն տարածելով»:

Վարչապետի խոսքով` բանակում կան ուժեր, որոնց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչ է կատարվում սահմանին, այլ՝ ինչ է կատարվում Հանրապետության Հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Մելիք-Ադամյան փողոցում:

«Եվ երբ հետահայաց վերլուծում ենք շատ իրադարձություններ, երբեմն տպավորություն է, թե ռազմական անհաջողությունները ոմանց պարզապես անհրաժեշտ են Հայաստանում իշխանափոխության շարժառիթ ձևակերպելու համար: Իհարկե, սա կարող է կոնսպիրոլոգիա թվալ, որը ոչ մի կոնկրետ փաստով հիմնավորված չէ, բայց վերլուծությունները հանգեցնում են նման մտքերի: Մի շարք բարձրաստիճան զինվորականների բացահայտ հայտնվելն ընդդիմադիր դաշտում՝ պաշտոնանկությունից անմիջապես հետո, հաստատում են այն վարկածները, որոնց մասին խոսել եմ հայտնի իրադարձություններից առաջ: Նրանցից շատերը այսօր ընդդիմադիր ելույթներ են ունենում, մինչդեռ իրենք են եղել անձնական պատասխանատուն մի շարք ձախողումների, որոնց համար մեղադրում են կառավարությանը»,-ասաց նա:

Ըստ նրա` բանակի քաղաքականացման հետևանքով մեկուկես ամսվա կաթվածահար վիճակը 2021 թվականի փետրվար-ապրիլին հետևանքն էր Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման:

«Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, անշուշտ, Զինված ուժերի և կառավարության ձախողումն է: Բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, կարծում եմ, ձախողում էր նաև կազմակերպության համար: Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս խնդրո առարկա հատվածում մոնիթորինգ իրականացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարևորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ մինչև օրս ՀԱՊԿ-ը նույնիսկ դիտորդի կարգավիճակում որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել»,- ասաց նա:

Փաշինանը հիշեցրեց, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոթք-Խոզնավար հատվածում՝ իրական սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության անվտանգության համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter