HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Չենք բացառում, որ Ադրբեջանը գործընթացն օգտագործի տարածքային պահանջներ ձևակերպելու համար».  Փաշինյանը՝ երկկողմ հանձնաժողովի մասին

«Չենք բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել` դա դարձնելով Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիայի, ագրեսիվ գործողությունների առիթ»: Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը նման միտք հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` Հայաստանը նույն մտահոգություններն ունի նաև դելիմիտացիայի աշխատանքերի կապակցությամբ. 

«Չենք բացառում, որ Ադրբեջանն այդ գործընթացն օգտագործի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու համար` դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի: Հասկանալով բոլոր մարտահրավերները՝ եկել ենք այն եզրակացության, որ նույն կետում կանգնելը և գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը: Այս է պատճառը, որ նաև դելիմիտացիայի հարցում Բրյուսելում եկել ենք համաձայնության` մինչև ապրիլի վերջ ստեղծել դելիմիտացիայի և սահմանային անվտանգության  հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով»,- ասաց Փաշինյանը:

Ըստ նրա` այդ հարցում Հայաստանի դիրքորոշումն է հիմնվել Հայաստանի տարածքների ճշգրտման համար դե յուրե նշանակություն ունեցող փաստերի և ոչ թե ցանկությունների վրա: Վարչապետը խոսեց բրյուսելյան հանդիպումից, հետո՝ իր հասցեին հնչած քննադատություններից, որ հրաժարվել է զորքերի հայելային հետքաշման առաջարկից. 

«Այս առնչությամբ պետք է ասեմ, որ մի քանի անգամ նախկինում արձանագրել ենք, որ զորքերի հետքաշումը մեր կողմից նախապայման չի եղել: Մենք կարծում ենք, որ դելիմիտացիայի բնականոն գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների առնչությամբ, որտեղ անվտանգության որոշակի մակարդակ կա, ինչը, ցավոք, չենք կարող ասել Հայաստան-Ադրբեջան այսօրվա սահմանի մասին»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` հայկական կողմը մտահոգություն ունի, որ դելիմիտացիային զուգահեռ Ադրբեջանը սահմանին ռազմական լարվածություն կպահպանի և Հայաստանի տարածքների նկատմամբ նկրտումներ կիրականացնի: Այս մտահոգությունն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ընկալված է միջազգային հանրության կողմից:

«Բայց վտանգավոր մի գծի էինք հասել, երբ զորքերի հայելային հետքաշման առաջարկը կարող էր ընկալվել որպես իրադրությունը փակուղի մտցնող քաղաքականություն: Մենք ճկունություն ցուցաբերելու պատրաստակամություն ենք հայտնել և Բրյուսելում ցուցաբերել ենք այդ ճկունությունը»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` Բրյուսելում ոչ թե զրոյից պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծման աշխատանքների վերաբերյալ, այլ վերջնական հանգրվանի են հասցվել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները: Փաշինյանը հավելեց` հիմք է ստեղծվել, որ անհրաժեշտության դեպքում թե' Ռուսաստանի Դաշնությունը, թե' Արևմուտքի գործընկեր երկրներն իրենց տեղեկատվությամբ, փորձառությամբ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերեն սահմանների դելիմիտացիայի աշխատանքներին:

Վարչապետի ներկայացմամբ` դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովն ունենալու է կրկնակի մանդատ:

«Առաջինը՝ բուն դելիմիտացիայի, այսինքն՝ սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը՝ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովումը: Սա նշանակում է, որ հանձնաժողովը սահմանային իրավիճակի մոնիտորինգի որոշակի լիազորություն է ունենալու, նաև՝ սահմաններում անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելուն ուղղված կոնկրետ առաջարկով հանդես գալու հնարավորություններ: Անհրաժեշտության դեպքում այս գործընթացում հնարավոր կլինի նաև միջազգային փորձագիտական ներուժ ներգրավել: Տեղեկացնեմ նաև, որ հիմա աշխատում ենք հանձնաժողովի ձևաչափի և անհատական կազմի վրա և ամենաուշը ապրիլի 30-ին պետք է փորձենք հանձնաժողովի անհատական կազմը հստակեցնել: Այս ընթացքում մեր համապատասխան պաշտոնյաները պետք է աշխատեն ադրբեջանական կողմի հետ և ընդհանուր հայտարարի հասնեն կազմակերպչական այս հարցում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ (1)

Dikran Koloyan
God protect Armenia from this idiot PM.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter