HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Խաբեությամբ ձևակերպված օնլայն վարկեր. ԱյԴի բանկի միջոցով զեղծարարներն ապօրինի գործարքներ են կատարում

Ռուբեն Համբարձումյանը 2022 թվականի մարտի 7-ին «Վայբեր» հավելվածով զանգ է ստանում։ Արամ անունով ներկայացող անձն ասում է, որ իր օնլայն դրամապանակում սխալմամբ Ռուբենի հեռախոսահամարն է հավաքել, որի պատճառով քարտը բլոկավորվել է: Ապաբլոկավորման ու գումար կանխիկացնելու համար Արամը Ռուբենին խնդրում է իրեն ուղարկել քառանիշ թիվը, որը 24 ժամվա ընթացքում կուղարկվի Ռուբենի հեռախոսահամարին։ Քառանիշ թիվը այն գաղտնաբառն է, որը չի կարելի փոխանցել երրորդ անձի, այդ մասին նշվում է բանկերի հաղորդագրության մեջ։ Ռուբենը չի կասկածում, որ կարող է խաբեություն լինել։ Հաջորդ օրը՝ մարտի 8-ին, «ԱյԴի բանկի» ուղարկած քառանիշ գաղտնաբառը ուղարկում է Արամին։

Ռուբենն իր հեռախոսում ունեցել է ներբեռնած «ԱյԴի բանկի» «Իդրամ» հավելվածը, որի միջոցով կարելի է օնլայն վճարումներ անել, բայց գործարք կատարել է վերջին անգամ նախորդ տարվա մայիսին։

Դեպքից մեկ ամիս անց՝ ապրիլի 8-ին, Ռուբեն Համբարձումյանին են զանգահարում «ԱյԴի բանկի» անվտանգությունից ու հարցնում արդյոք ինքն է ձևակերպել 4 օնլայն վարկ՝ «ԱյԴի բանկի» Rocketline համակարգի միջոցով, ընդհանուր՝ 1,5 մլն դրամի, 6 ամսվա մարման ժամկետով։ Ռուբենն ասում է, որ գաղափար չունի, թե ինչ վարկերի մասին է խոսքը։

Նա գնում է «ԱյԴի բանկ» ու պարզում, որ մեկ ամիս առաջ պատահական զանգով Արամին տրամադրած գաղտնաբառով են ձևակերպվել վարկերը։ Ռուբենին զանգահարողը փոխել է նրա «Իդրամ» վճարային համակարգի գաղտնաբառն ու վարկ ձևակերպել։

Ռուբենը չի օգտագործել հավելվածը ու չի նկատել, որ գաղտնաբառը փոփոխված է։

Այն հեռախոսահամարը, որով «Վայբերի» միջոցով զանգահարել են Ռուբենին ու ներկայացել որպես Արամ «getcontact» համարների որոնման համակարգում գրանցված է Վիկտորյա Մկրտչյան անուն, ազգանունով։

Խոսել ենք նաև Վիկտորյա Մկրտչյանի հետ, վերջինս նշեց, որ տեղյակ չէ, թե ինչպես է իր հեռախոսահամարով մեկ ուրիշը «Վայբերում» հաշիվ բացել։ «Ես տեղյակ չեմ բացարձակ, ոչ մի բանից, զարմանում եմ՝ ո՞նց կարող է նման բան լինել, մեկ ամիս առաջ նկատել եմ, որ իմ «Վայբերն» ինչ-որ Արամի անունով է գրանցված, նկարն էլ լրիվ այլ մարդու նկար էր դրված։ Մի երկու օր մնացել է էդպես, մտածել եմ, որ շփոթմունք է, ջնջել եմ հավելվածը, նորից ներբեռնել ու գրանցել իմ տվյալները»,- պատմում է նա։

«Վայբեր» հավելվածում հաշիվ բացելիս տվյալ հեռախոսահամարին ուղարկվում է հաղորդագրություն, որում նշված է լինում գաղտնաբառ՝ նույնականացում կատարելու համար, առանց դրա հավելված մուտք գործել հնարավոր չէ։ Ըստ Վիկտորյայի իր հեռախոսահամարին ոչ մի հաղորդագրություն չի եկել։

Կնոջ խոսքով՝ մեկ ամիս առաջ՝ մարտի 7-8-ին, նրան զանգահարել են ու տեղյակ պահել, որ խաբեությամբ վարկ է ձևակերպվել։ Թե ովքեր են եղել նրան զանգահարողները Վիկտորյան չհիշեց: Կատարվածի մասին Ռուբենն իմացել է միայն դեպքից մեկ ամիս անց՝ «ԱյԴի բանկի» աշխատակիցներից։

Վարկերի ձևակերպման պահին, ըստ Ռուբենի, հեռախոսահամարին ոչ մի ծանուցում չի եկել, ինչպես նաև չի կատարվել որևէ նույնականացում։ Միայն դեպքից 1 ամիս անց բանկից զանգ ստանալուց հետո է իմացել, որ իր անունով 4 վարկ կա ձևակերպված։

Բանկում Ռուբենը դիմում է գրել՝ պահանջելով մեքենայության հետևանքով ձևակերպված վարկերի ցանկացած կուտակված տոկոս զրոյացնել, մարել այդ վարկերը և չեզոքացնել իր հետ կապված ցանկացած այլ պարտավորվածություն։

«Վերջին գործարքն արել եմ անցած տարվա մայիսին, դրանից հետո մուտք էլ չեմ գործել ու չեմ օգտագործել, եթե ակտիվ օգտագործեի, մուտք գործել կփորձեի ու կտեսնեի, որ գաղտնաբառը փոփոխված է»,- ասում է նա:

Ռուբենը դիմել է նաև ոստիկանության 6-րդ վարչություն։ Ըստ նրա՝ ոստիկանությունում կան հարուցված բազմաթիվ քրեական գործեր։ Գումարների մի մասը փոխանցվել է «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությանը, մյուս մասն էլ ֆիզիկական անձի, որի տվյալները տրամադրել են ոստիկանությանը։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Հետքին» հայտնեց, որ նախորդ տարվա ավարտի դրությամբ Գլխավոր դատախազությունում արդեն կար հարուցված մոտավոր 130 քրեական գործ, քաղաքացիներից պարբերաբար ստացվում են բողոքներ ու հաղորդումներ կատարվող հափշտակությունների վերաբերյալ։

«Այդ քրեական գործերով կոնկրետ անձինք կան, որ հայտնաբերվել են, նրանց հետ կապված քրեական հետապնդումներ են իրականացվում, բայց իսկապես իրավիճակը շատ մտահոգիչ է, այդ իմաստով մենք մի քանի անգամ տարբեր քրեական գործերի անդրադառնալով, նաև ընդհանուր առկա վիճակը նկարագրող դեպքերով փոորձել ենք բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության աստիճանը»,- ասում է Աբրահամյանը։

Նրա խոսքով, քաղաքացիներն իրենց անձնական տվյալները՝ «Իդրամ»  համակարգի մուտքի գաղտնաբառերը, փոխանցում են իրենց դիմած անձանց, հաճախ էլ նրանք ներկայանում են որպես բանկի աշխատակից, փորձում շահել նրանց վստահությունը, հետագայում «Իդրամ» համակարգում փոխում են գաղտնաբառերն ու հեռախոսահամարներն ու վարկեր ձևակերպում այդ մարդկանց անունով։ Վերջիններս անգամ տեղյակ չեն էլ լինում, որ իրենց անունով վարկեր են ձևակերպված ու դառնում են խաբեության զոհ։

«Երեկ գլխավոր դատախազի մակարդակով միջնորդագիր է ներկայացվել Կենտրանական բանկ, քանի որ քրեական գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնական պրոբլեմներից մեկը, որ նման հանցագործությունների կատարման պատճառ էր դառնում ներքին վերահսկողական մեխանիզմների ոչ բավարար մակարդակն է հատկապես «Իդրամ»համակարգի կիրառման հետ կապված: Առաջարկվել է Կենտրոնական բանկին հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել համապատասխան տեխնոլոգիական մեխանիզմներ ներդնելու, որպեսզի մարդկանց անձնական տվյալների օգտագործումը այլոց կողմից հնարավոր չլինի»,- ասում է Աբրահամյանը։

«ԱյԴի Բանկի» հաղորդակցման բաժնի ղեկավար  Տաթևիկ Վարդևանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «ԱյԴի Բանկը» բազմիցս հորդորել է իր հաճախորդներին անձնական տվյալները՝ մասնավորապես գաղտնաբառը, չտրամադրել երրորդ անձի։

«Կոնկրետ Ռուբեն Համբարձումյանը երկու կոդ է տվել 24 ժամվա ընթացքում, այսինքն թույլ է տվել, որ զեղծարարները իրենց էդ կոդով վերականգնեն որոշակի տվյալներ իրենց «Իդրամ» մուտք գործելու համար, երկու կոդ 24 ժամվա ընթացքում, էդ 24 ժամը հենց էնպես չի դրված, դա սահմանափակում է, որ ուրիշ մարդ չկարողանա մտնել «Իդրամ» դրամապանակ»,- ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Նրա խոսքով, ցանկացած գործարք կատարելուց առաջ հավելվածը պահանջում է պին կոդի մուտքագրում։ Զեղծարարները քառանիշ կոդը իմանալուց հետո կարողանում են գործարքներ կատարել։

«Ամենակարևոր նախապայմանը՝ չտրամադրել որևէ մեկին ձեր անձնական տվյալները, որովհետև դրանք ձեր անվտանգության երաշխիքն են»,- նշեց «ԱյԴի Բանկի» հաղորդակցման բաժնի ղեկավարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter