HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարդիկ խոսում են աշխարհի կործանման մասին, իսկ մենք ասում ենք՝ Մարս ենք գնում, ու էդ ամեն ինչը Հայաստանով ենք անում»

«Սթարմուս» գիտական միջազգային փառատոնը Հայաստան է գալիս։ Այն համախմբում է գիտությունն ու արվեստը։ Փառատոնի հիմնադիրը Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրայելյանն է։ Նրա գլխավորությամբ ձեռք են բերվել առաջին դիտողական ապացույցներն առ այն, որ գերնոր աստղերի պայթյուններից կարող են առաջանալ սեւ խոռոչներ։ Այս բացահայտումը սկիզբ է դրել բազմաթիվ նոր հայտնագործությունների։ Բայց դոկտոր Իսրայելյանը հայտնի է այլ գիտական աշխատանքներով եւս։

2011 թ․ Իսպանիայում՝ Կանարյան կղզիներում, առաջին անգամ կազմակերպվեց «Սթարմուս» փառատոնը, որը համախմբեց աստղագիտությունն ու երաժշտությունը։ «Սթարմուսը» (Starmus = Star+Music) միջազգային համաժողով է, որը կենտրոնացած է աստղագիտության, տիեզերական ուսումնասիրությունների, երաժշտության, արվեստի եւ գիտության վրա։ Ամեն փառատոնի ժամանակ ընտրվում է գլխավոր թեմատիկա, հրավիրվում են աստղագիտության եւ երաժշտության բնագավառում մեծ ճանաչում ունեցող անձինք։ 2014 եւ 2016 թթ․ կրկին Կանարյան կղզիներում կազմակերպվեցին երկրորդ եւ երրորդ «Սթարմուս» փառատոնները։ Երրորդ փառատոնը կայացավ Նորվեգիայի Տրոնդհեյմ քաղաքում, իսկ 2019-ին կազմակերպվեց հինգերորդը շվեյցարական Ցյուրիխում։ 

Տարբեր տարիների փառատոնին մասնակցել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են տիեզերագնացներ Նիլ Արմստրոնգը, Բազ Օլդրինը, Ալեքսեյ Լեոնովը, Վիկտոր Գորբատկոն, Չարլի Դյուկը, գիտնական Սթիվեն Հոքինգը, կազմակերպիչներից՝ ռոք աստղ Բրայան Մեյը, տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը։  

2021-ի սեպտեմբերին փառատոնը պետք է կայանար Երեւանում, սակայն դրան խանգարեցին կորոնավիրուսն ու փակ սահմանները։ Այդուհանդերձ «Սթարմուս» 6-րդ փառատոնն այս տարվա սեպտեմբերի 5-10-ը կկազմակերպվի Երեւանում։ Այս անգամ միջազգային միջոցառման խորագիրն է՝ «50 տարի Մարսի վրա», այն նվիրված է լինելու Մարս մոլորակի ուսումնասիրությանը։ 1971 թ․ առաջին անգամ խորհրդային «Մարս 3» միջմոլորակային կայանը փափուկ վայրէջք կատարեց Մարսի վրա, իսկ ամերիկյան «Մարիներ 9» կայանը դարձավ Մարսի առաջին արհեստական արբանյակը։

Երեւանյան գալիք փառատոնի մասին դրա հիմնադիր Գարիկ Իսրայելյանը երեկ Երեւանում հայտարարեց․ «Հայաստանում այս ամենաբարդ պայմաններում, երբ ամբողջ աշխարհը խառնվել է, մարդիկ չգիտեն, թե վաղը, մյուս օրն ինչ է լինելու, որոշեցինք, որ Մարսի մասին ենք խոսելու, Մարսի վրա իջնելու 50-ամյակն ենք տոնում։ Մարդիկ խոսում են աշխարհի կործանման մասին, իսկ մենք ասում ենք՝ Մարս ենք գնում, ու էդ ամեն ինչը Հայաստանով ենք անում։ Աբսուրդային բան է մարդկանց համար, բայց դե լավ է, թող էդպես լինի»։

Ըստ գիտնականի՝ «դժվարությունները մարդկանց խելոքացնում են»։ Ասում է՝ մարդ պետք է դժվարություններով անցնի, հակառակ դեպքում ոչ խելք կհավաքի, ոչ իմունիտետ ձեռք կբերի։ «Հաղթածները միշտ հաղթած չեն մնում։ Հաղթածը հետո պարտվում է, էդպիսի բան կա, բայց հետո որ պարտվում է, նորից հաղթում է։ Բնության օրենքն է էդպիսին։ Դրա համար եմ ասում, որ Հայաստանում շատ դժվարություններ կան, եւ տա Աստված, որ դրանք ուժեղացնեն ավելի, քան 30 կամ 50 տարի առաջ էր։ Դրա համար ամենակարեւոր բանը մեր երեխաներն են, երիտասարդները, նրանց պետք է շատ ներշնչել, բերել գիտություն»,- ասում է Գարիկ Իսրայելյանն ու ավելացնում, որ դա միակ ձեւն է Հայաստանում, իսկ այն երիտասարդները, ովքեր ցանկանում են մեր երկրից դուրս գնալ, աշխատել, կարող են դա անել՝ հայրենասեր մնալով դրսում եւ դառնալով լավ մասնագետներ։

Դոկտոր Իսրայելյանի խոսքով՝ բարդ պայմաններում Հայաստանում «Սթարմուս» 6-րդ փառատոնը կազմակերպելն իրենց փիլիսոփայությունից է բխում։ Ըստ այդմ՝ իրենք դժվարություններին ընդառաջ են գնում եւ ասում, որ եթե ոչ ոք նման բան չի արել, իրենք կանեն։ Սա առաջին գիտական միջազգային փառատոնն է լինելու ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում։ Գարիկ Իսրայելյանի դիտարկմամբ՝ նման փառատոն չի եղել Թուրքիայում, Միջին Ասիայում եւ արաբական երկրներում։

Խոսելով գիտության եւ արվեստի կապի մասին՝ Իսրայելյանն ասում է, թե բոլորն էլ գիտեն, որ առանց արվեստի գիտություն չկա։ Ըստ նրա՝ արվեստը, գիտությունն ու տեխնոլոգիաներն են մարդկության համար արժեք ստեղծում, իսկ մնացածը երկրորդական է։ Սպորտն, օրինակ, նա համարում է ժամանց, արժեք չստեղծող։ Օրինակ է բերում, որ եթե այլմոլորակայինները գան  Երկիր եւ հարցնեն, թե ինչ եք անում, չես կարող ասել՝ վազում եմ, 2 մետր բարձրությունից էլ թռնում, կամ 20 հոգով գնդակի հետեւից ենք վազում։ Գիտնականը շեշտում է՝ իհարկե, սպորտը լավ է, հետաքրքիր է, բայց մարդկության համար արժեք չի ստեղծվում դրանից։ Իսկ արժեք է այն, երբ, օրինակ, քվանտային տեսություն կամ արվեստի գործեր ես ստեղծում։

Դոկտոր Իսրայելյանի խոսքով՝ Հայաստանում այս երեքը՝ գիտությունը, արվեստն ու տեխնոլոգիաները, պետք է մեծ ուշադրության արժանան, քանզի դրանք կարեւոր են երկրագնդի քաղաքակրթության մեջ։

«Սթարմուսի» կազմակերպիչը նշում է, որ Հայաստանում գիտական փառատոնները պետք է դառնան ավանդույթ․ «Առաջին գիտական փառատոնը Հայաստան է գալիս։ Հույս ունեմ, որ Հայաստանում կշարունակվի այդ ավանդույթը, որին մենք հասանք Նորվեգիայում։ Այնտեղ փառատոնն արեցին, հետո այնքան ոգեշնչվեցին, որ մեզնից հետո ստեղծեցին իրենց գիտական փառատոնները։ Ու ես ուզում եմ, որ նույն բանին հասնենք Հայաստանում»։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter