HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տատնայի պղինձ-ոսկի-բազմամետաղային հանքերևակումն ուսումնասիրելու հայտ է ներկայացվել

«Գեո սերվեյ» ՍՊԸ-ն նախատեսում է Սիսիանի հանքային շրջանի Տատնայի պղինձ-ոսկի-բազմամետաղային հանքերևակման սահմաններում կատարել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ՝ մետաղական օգտակար հանածոների հետախուզման նպատակով: Այդ տարածքն ընդգրկում է մոտ 313 հա:

Հանքերևակման տարածքի մոտակա բնակավայրերն են Դաստակերտը, որը հեռու է 4 կմ, և Շենաթաղ գյուղը` 1,5 կմ:

Հանքերևակումը գտնվում է Շենաթաղ գետի վերին հոսանքում, Կարա-կայա (Սևքար) լեռան հարավային լանջին:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ներկայացված նախագծում նշվում է, որ կենտրոնական մասով ձգվող հանքային գոտին ուսումնասիրված է 5 բովանցքային հորիզոններով և բազմաթիվ մակերևույթային փորվածքներով: Ըստ դրա` մետաղների պարունակությունները կազմում են՝ ոսկի՝ 0.9 գ/տ, արծաթ՝ 30գ/տ, պղինձ՝ 0.3%, կապար՝ 1.3%, ցինկ՝ 1.1%:


Տատանա տեղամասում, բացի վերը նշված հանքային գոտուց, գոյություն ունեն նաև այլ հանքային մարմիններ, որոնք տեղադրված են հանքային դաշտի հարավում: Հանքային դաշտի արևմտյան մասում ուսումնասիրվել է հյուսիս-արևմտյան տարածմամբ պղնձի և կապարի հանքայնացմամբ բավական հզոր և հարուստ հանքային մարմին, որտեղ մետաղների միջին պարունակությունները կազմում են պղինձը` 3,6 %, կապարը` 4,7 %, ցինկը` 1,3 %:

Ինչպես հավաստիացրել են նախագիծը կազմողները, ուսումնասիրվող տարածքում անտառներ չկան, բնափայտավոր բուսատեսակներն արտահայտված են սզնու, մասրենու թփերով, գետահովիտներում կան նաև ուռենիներ:  

Ուսումնասիրվող տարածքի սահմաններում ՀՀ կարմիր գրքում գրանցված և էնդեմիկ տեսակներ չեն հայտնաբերվել: Միայն երկու բուսատեսակ` Գազ Աղասու և Վիշապագլուխ ողկույզայինը, հայտնաբերվել է տեղամասից 3 կմ հյուսիս-արևելք, Դաստակերտ ավանից հարավ:

Դիտարկվել են խոշոր գիշատիչ թռչուններ` մորուքավոր անգղը և ճուռակը: Սակայն նախագծողները եզրակացրել են, որ այս տեսակները հավանաբար գալիս են այստեղ որսի նպատակով, քանի որ այստեղ առատորեն հանդիպում են մկնանման կրծողները և մանր թռչունները:

Ընկերության ներկայացուցիչները պատրաստ են պարբերաբար հանդիպել համայնքի ղեկավարության հետ, քննարկելու անհրաժեշտ օգնության ծրագրերը և համապատասխան ֆինանսական ներդրումներ կատարել համայնքի բյուջե:

«Գեո սերվեյ» ՍՊԸ-ն նախատեսում է Շենաթաղ համայնքի բյուջե յուրաքանչյուր տարի փոխանցել 50 000 դրամ:

ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝  «Գեո սերվեյ» ՍՊԸ-ն գրանցվել է դեռևս 2016թ. մայիսին:

Իրական շահառուների հայտարարագրում, որպես իրական շահառու, ներկայացված է Սերգեյ Վրեժի Օթարյանը: Վերջինս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նոնա Օթարյանի եղբայրն է: Համաձայն ֆեյսբուքյան իր գրառման` Սերգեյ Օթարյանը 2019 թվականից տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն:

Նոնա Օթարյանը, հիշեցնենք, 2018թ. խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր ԲՀԿ ցուցակով Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններում: Վերջինս նաև «Իրավազոր» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիրն է: Նոնա Օթարյանի հիմնադրած այս  կազմակերպությունը միաժամանակ հայտ էր ներկայացրել 2018թ. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար:

Նոնա Օթարյանի հայրը՝ Վրեժ Օթարյանը ևս ԲՀԿ անդամ է, և եղել է 2017թ. խորհրդարանական ընտրությունների՝ Ավանի 1-ընտրատարածքի 13-րդ տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամ:

«Գեո սերվեյ» ՍՊԸ-ի տնօրենը Նոնա Օթարյանի ամուսինն է` Վահե Մալխասյանը: Նույն անձը նաև Ազատեկի ոսկու հանքավայրի ստորգետնյա եղանակով շահագործելու հայտ ներկայացրած «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ի տնօրենն է:

Ապրիլի 22-ին՝ ժամը 14:00-ին, Սիսիան համայնքի Շենաթաղ /Լեռնաշեն/ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա՝ «Գեո սերվեյ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Սյունիքի մարզի Սիսիանի հանքային շրջանի Տատնայի պղինձ-ոսկի-բազմամետաղային հանքերևակման սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter