HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ իրավական հարթակում ասելիքն ավարտվում է

2022թ ապրիլի 12-ին «Հետք» լրատվական կայքում հրապարակվել է Եղիշե Խաչատրյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանի՝ «Երբ ճամարտակությունն ու սուտը փորձում են դարձնել փրկօղակ» վերտառությամբ հոդվածը, որում տիկին Մեյթիխանյանն անդրադարձել է գործով ամբաստանյալ Խաչիկ Կոսյանի հարցաքննությանը։

Անդրադառնալով հրապարակման մի շարք դիտարկումներին՝ նախ և առաջ անհրաժեշտ է արձանագրել մեկ շատ կարևոր հանգամանք՝ շուրջ 6 տարի տևող քննության ողջ ընթացքում պաշտպանական կողմը երբևէ դուրս չի եկել իրավական պաշտպանության սահմաններից, թույլ չի տվել կատարելու այնպիսի արտահայտություններ, որոնք անգամ առերևույթ կարող էին վիրավորական համարվել։ Ողջ դատաքննության ընթացքում, անգամ հանիրավի մեղադրվելու պայմաններում Խաչիկ Կոսյանը, ոչ միայն չի դրսևորել անպատշաճ վարքագիծ, այլև՝ իր ողջ կեցվածքով, խոսքով, վարվելաձևով արտահայտել է իր վշտակցությունը, ինչը չի կարելի ասել տուժողի կողմի վերաբերյալ։ 

Վերջին հրապարակմամբ ևս տիկին Մեյթիխանյանը չի անդրադարձել գործի իրավական ասպեկտին, այլ անհաջող փորձ է կատարել գործն ուղղել բարոյական դաշտ և էմոցիանալ դրսևորումներով շեղել քննությունը այլ ուղղությամբ։ Դրանով է պայմանավորված նաև այն հանգամանքը, որ հրապարակմամբ բացառապես որևէ իրավական հարց չի քննարկվել, իսկ այն ինչը ներկայացվել է որպես այդպիսին հեռու է իրավական համարվելուց։

Տուրք չտալով տիկին Մեյթիխանյանի վարքագծային-զգայական դրսևորումներին՝ համառոտ նկարագրեմ միայն նիստի ընթացքը և այն հանգամանքը, որը հանդիսացել է վերջինիս վրդովմունքի պատճառը։

Դատական նիստի ընթացքում Խաչիկ Կոսյանը պատրաստակամորեն պատասխանել է թե՛ պաշտպանական կողմի, թե՛ մեղադրող դատախազի և թե՛ նախագահող դատավորի բոլոր հարցերին, իսկ տուժողի հարցերին պատասխանելուց հրաժարվել է ոչ թե այն պատճառով, որ դրանք իրենց բնույթով, խորությամբ, իրավական հիմնավորումներով անպատասխանելի են, այլ զուտ խուսափելու համար, հերթական անգամ, գործը բարոյական դաշտ տեղափոխելուց:

Արժանահիշատակ է հետևյալ էական հանգամանքը։ Մեղադրանքի որոշման համաձայն՝ Խաչիկ Կոսյանը այլ անձանց հետ համատեղ վիճաբանել է հանգուցյալ Ե. Խաչատրյանի հետ, դիտավորությամբ հարվածներ հասցրել նրա դեմքին և մարմնի տարբեր հատվածներին, այսինքն՝ տեղի է ունեցել կռիվ Կոսյանի և հանգուցյալի միջև։ Քննությամբ հիմնավորվել է, որ դեպքի վայրում առկա են եղել արյան բազմաթիվ և տարածական հետքեր, իսկ հանգուցյալի գլուխն ամբողջությամբ արյունոտված է եղել։ Վերոգրյալը ենթադրում է, որ Խաչիկ Կոսյանի մարմնի վրա պետք է լինեին մարմնական վնասվածքներ, իսկ հագուստների վրա՝ արյան հետքեր, մինչդեռ նշանակված փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ Կոսյանի մարմնի վրա մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ առկա չեն եղել, իսկ հագուստների փորձաքննությանբ դրանց վրա չեն հայտնաբերվել հանգուցյալի արյան հետքերը։  

Հիշյալ եզրակացությունների առկայության պայմաններում տուժող կողմն, ըստ էության, հայտնվել է դատավարական փակուղում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրանքի որոշման նկարագրական մասում ներկայացված հանգամանքներում Կոսյանի հագուստների վրա չէին կարող չմնալ արյան, թեկուզ նվազագույն, թեկուզ մանրադիտակային հետքեր։ Հիշյալ փակուղուց դուրս գալու համար տուժող կողմը փորձեց կասկածներ առաջացնել առ այն, որ Խաչիկ Կոսյանը մինչև ոստիկանություն կամովին ներկայանալը փոխել է իր վերնաշապիկը, իսկ նրա ջինսե տաբատի հետևի մասում առկա մեխանիկական վնասվածքն առաջացել է քաշքշոցի ընթացքում։

Հիշեցնեմ, որ գործի փաստական հանգամանքների համաձայն՝ Խաչիկ Կոսյանը մինչև դեպքը մասնակցել էր հարսանյաց արարողության և դեպքի վայր մեկնել նույն այդ հագուստներով։  

Ամբաստանյալի հարցաքննության ավարտին, պաշտպանական կողմը դատարանին և կողմերին ներկայացրեց հարսանյաց հանդեսի ժամանակ Խաչիկ Կոսյանի լուսանկարները, որոնցում պարզ երևում էր, որ Կոսյանը հարսանիքին մասնակցել է նույն հագուստներով, որոնցով ներկայացել էր ոստիկանություն, և որոնք հետազոտվել էին դատաքննության ընթացքում։ Լուսանկարներում տեսանելի էր նաև, որ Կոսյանի անդրավարտիքի հետևի հատվածի մեխանիկական վնասվածքը առկա է եղել հարսանիքի վայրում և այդ վնասվածքը որևէ կապ չունի դեպքի հետ: 

Վերոգրյալի արդյունքում ակնհայտ էր դառնում, որ Խաչիկ Կոսյանը չի մասնակցել վիճաբանությանը, որևէ բռնի գործողություն չի կատարել հանգուցյալի նկատմամբ, հակառակի պարագայում, առաջադեմ մարդկությանը հայտնի ֆիզիկայի օրենքներով նրա մարմնի կամ հագուստների վրա չէին կարող չառաջանալ հանցագործության հետքեր։

Հենց այս հանգամանքն է վրդովեցրել տուժող կողմին և հենց այս անառարկելի ճշմարտությանը տիկին Մեյթիխանյանը փորձել է հակադրել բարոյական և էմոցիոնալ հանգամանքներ։

Մեկ անգամ ևս պաշտպանական կողմը իր ցավակցություններն է հայտնում տիկին Մեյթիխանյանին և լիահույս է, որ ճշմարտությունը բացահայտվելու է:

Հարգանքով՝ Խաչիկ Կոսյանի պաշտպաններ, փաստաբաններ՝

Վահան Հովհաննիսյան, 

Սուզաննա Խչեյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter