HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ըստ տեղեկատուների՝ հայկական «Ֆլայ Արնայի» առաջին օդանավը գրանցվել է ոչ թե Հայաստանում, այլ Մոլդովայում

Երեկ Չեխիայի Օստրավա քաղաքում լուսանկարիչ Ռադիմ Կոբլիժկան ֆիքսել է «Airbus A320-200» տիպի օդանավ, որը ներկված է հայկական «Ֆլայ Արնա» ընկերության գույներով (տես գլխավոր լուսանկարում)։ Սա այս ընկերության առաջին ինքնաթիռի, թերեւս, առաջին լուսանկարն է։ Այսօր օդանավից եւս մի լուսանկար է հրապարակել հենց ավիաընկերությունը, որը նշել է, թե «Airbus A320»-ը նոր է դուրս բերվել ներկման սրահից (տես ստորեւ)։

Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնա» (Fly Arna – ARmenian National Airlines) ապրանքանիշով է ներկայանում «Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որը Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ, ANIF - Armenian National Interests Fund) եւ արաբական Շարժայում բազավորվող «Air Arabia» բյուջետային (լոուքոսթեր) ավիաընկերության համագործակցության արդյունք է։ Հայ-արաբական համատեղ ձեռնարկությունը ՀՀ պետական գրանցում է ստացել նախորդ տարվա դեկտեմբերին։ Ինչպես արդեն գրել ենք, նորաստեղծ ավիաընկերության բաժնետերերն են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն եւ Շարժայի օդանավակայանի միջազգային ազատ տնտեսական գոտում (SAIF Zone) գործող «International Business Company (FZE)» ընկերությունը, որոնք ունեն 49-ական % բաժնետոմս, ինչպես նաեւ հայազգի Վարուժան Ներգիզյանը, ով մնացած 2 %-ի սեփականատերն է։

Նախապես «Ֆլայ Արնայի» կառավարող կազմակերպություն էր նշանակվել «Air Arabia»-ն, սակայն այս տարվա հունվարին ԱՆԻՖ-ը հայտարարեց, որ հայկական նոր ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Էնթոնի Փրայսը (Antony Price), ով ավիացիայի եւ զբոսաշրջության ոլորտում ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունի։

«Ֆլայ Արնան» բազավորվելու է «Զվարթնոց» օդանավակայանում: Նախորդ տարվա դեկտեմբերին կայացած ասուլիսում ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը հայտնել էր, որ թռիչքները կսկսեն այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին: Նա հայտարարել էր, թե նախապես ծրագրվում է 2 օդանավով շահագործել 4 ուղղություն, իսկ հետո կմեծանա թե՛ ավիապարկը, թե՛ ուղղությունների քանակը: Ըստ Փափազյանի՝ 5 տարի հետո «Ֆլայ Արնան» կունենա 15 օդանավ:

Փաստորեն, այս պահին չեխական Օստրավայում գտնվող «Airbus A320-200»-ն ընկերության առաջին օդանավն է։ Ավիացիոն տեղեկատուների համաձայն՝ ինքնաթիռն արտադրվել է 2015-ի սեպտեմբերին ֆրանսիական Թուլուզում, ինչը նշանակում է, որ այն ընդամենը 6,5 տարեկան է, ասել է թե՝ համեմատաբար թարմ բորտ է։ Առաջին շահագործողը եղել է ինդոնեզական «Batik Air»-ը, որն օդանավը վարձակալել էր իռլանդական «SMBC Aviation Capital»-ից։ Ըստ planespotters.net-ի՝ 2021-ի ամռանն ինդոնեզական փոխադրողը դադարեցրել է օդանավի շահագործումը, իսկ հոկտեմբերին այն վերադարձվել է իռլանդական սեփականատիրոջը։ Հոկտեմբերի 20-ից ինքնաթիռը գտնվում է Օստրավայում։ Հատկանշական է, որ «SMBC Aviation Capital»-ն իրեն վերադարձված օդանավը գրանցել է Ավստրիայում։ Ինչպես կարող ենք տեսնել լուսանկարներում, օդանավը գրում է OE-LAP գրանցումը։ OE-ն Ավստրիայի ազգային նիշն է։

Հետաքրքիր է նաեւ, որ թե՛ planespotters.net-ում, թե՛ atdb.aero-ում արդեն նշվել է «Ֆլայ Արնայի» այս օդանավի նոր գրանցումը՝ ER-YRA։ Հայաստանի ազգանիշ նիշը EK-ն է, իսկ ER-ը Մոլդովայի ազգային նիշն է։ Այսինքն՝ եթե նշված տեղեկատու բազաների ինֆորմացիան ճիշտ է, ապա նշանակում է, որ «Ֆլայ Արնայի» ինքնաթիռը գրանցվել է Մոլդովայի օդանավերի ռեգիստրում։ Ամենայն հավանականությամբ, այդ տեղեկատուները մոլդովական գրանցման մասին ինֆորմացիան վերցրել են գերմանական «Skyliner» ամսագրի skyliner-aviation.de կայքից, որը վստահելի աղբյուր է։

ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կայքում օդանավերի հայկական ռեգիստրի վերջին տվյալները ապրիլի 6-ի դրությամբ են։ Այդտեղ այս օդանավը չկա։ Ինչ վերաբերում է Մոլդովային, ապա վերջինիս ռեգիստրն էլ վերջին անգամ թարմացվել է փետրվարի 12-ին, եւ դրանում ER-YRA գրանցումով օդանավ չկա։ Քանի որ 2020-ի ամառվանից հայկական օդանավերը գտնվում են ԵՄ «սեւ ցուցակում», եւ Եվրամիության երկինքը փակ է նրանց առաջ, չի բացառվում, որ «Ֆլայ Արնան» որպես հարցի լուծում որոշել է իր օդանավը թեկուզ ժամանակավոր գրանցել Մոլդովայում, որը ԵՄ-ի հետ խնդիր չունի։

Հիշեցնենք նաեւ, որ միջազգային փոխադրումներ սկսելուց առաջ ավիաընկերությունը պետք է IATA-ի ու ICAO-ի կոդեր ստանա: IATA-ի կոդն անհրաժեշտ է կանոնավոր փոխադրումների համար, սակայն կազմակերպության կայքում այս պահին առկա չէ որեւէ ինֆորմացիա «Ֆլայ Արնային» հատկացված կոդի մասին։

Մեկնաբանություններ (1)

Aleksandr Sa osyan
Հարգելի Hetq.am, իսկ միգուցե սկզբնաղբյուրում տպագրական սխալ է եղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter