Ուկրաինայում պատերազմի 50-րդ օրը (առավոտյան ամփոփում)
Արդեն 50-րդ օրն է Ուկրաինայում շարունակվում են պատերազմական գործողությունները։ Ամփոփ այն մասին, թե ինչ է եղել նախորդ գիշերվա ընթացքում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Մոսկվա» հրթիռային հածանավի վրա առաջացած հրդեհի մասին
««Մոսկվա» հրթիռային հածանավի վրա հրդեհի հետևանքով պայթել է զինամթերք։ Նավը մեծապես վնասվել է»,- նշվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ, որը մեջբերում է РИА Новости-ն։
ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ անձնակազմն ամբողջությամբ տարհանվել է։ Չի նշվում, թե արդյոք տուժածներ կան, թե՝ ոչ։
Ավելի վաղ, ուկրաինական իշխանությունները պնդում էին, որ հածանավը հարձակման է ենթարկվել ուկրաինական արտադրության «Նեպտուն» հականավային հրթիռներով և ստացել «լրջորեն վնասվել»։
«Москва»-ն ՌԴ ռազմածովային ուժերի սևծովյան նավատորմի գլխավոր հածանավն է և ամենալավ զինվածն այդ նավատորմում։
Ուկրաինայում Չեխիայի դեսպանությունը վերադարձել է Կիև
Չեխիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ դա միայն քայլերից մեկն է, որին Պրահան պատրաստ է գնալ՝ Ուկրաինային իր աջակցությունը հայտնելու համար։
Պետությունների մեծ մասի դիվանագիտական առաքելությունները տարհանվել էին պատերազմի մեկնարկից մի քանի օր առաջ։ Այդ պահից սկսած Կիև իրենց դիվանագետներին վերադարձրել են Թուրքիան, Սլովենիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան։
Զելենսկին խոստացել է Մակրոնի հետ քննարկել «եղբայրական ժողովուրդների» մասին նրա հայտարարությունը
Այդ մասին նա հայտարարել է Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի և Լեհաստանի նախագահների հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։
«Ես ազնվորեն չեմ լսել Ֆրանսիայի Հանրապետության պարոն նախագահին։ Եթե այդ հայտարարությունը ճշմարտացի է… մենք չենք կորցնում որևէ մանրամասնություն, այդպիսի բաները մեզ համար հիվանդագին են, այդ իսկ պատճառով ես անպայման կանեմ ամեն ինչ, որ այսօր նրա հետ խոսեմ այդ հարցի մասին»,- ասել է Զելենսկին։
Հիշեցնենք, որ նախօրեին Էմանուել Մակրոնը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինայում ռուսական բանակի գործողությունները ցեղասպանություն անվանելը, նշել էր, որ ինքը զգուշավոր կլինի նման բառեր ընտրելու հարցում։ «Ես այսօր զգուշավոր կլինեմ այդպիսի տերմինների հետ, որովհետև այդ երկու ազգերը (խմբ. ռուսներն ու ուկրաինացիները) եղբայրներ են»,- France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ասել էր Մակրոնը։
Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական ևս 14 ընկերությունների նկատմամբ
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև «Газпром»-ը, «Транснефть»-ը, «Газпром нефть»-ը, «Камаз»-ը, «Алроса»-ն, «Ростелеком»-ը և «Русгидро»-ն։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը տարածել է իր առավոտյան տեղեկագիրը: Հիմնական մտքերը.
- Ռուսաստանը շարունակում է մեծացնել իր ռազմական ներկայությունն Ուկրաինայի արևելյան սահմաններին։
- Ռուսական ուժերը շարունակում են ռմբակոծել և գնդակոծել Խարկովի, Դոնեցկի և Զապորոժյեի մարզերի ռազմական ու քաղաքացիական օբյեկտները։
- Մարտերը շարունակվում են Մարիուպոլում, ինչպես նաև Սլավյանսկի մոտ ու Դոնեցկի մարզի այլ շրջաններում։
- Ռուսական հրամանատարությունը խնդիր է դրել Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության տարածքում զորակոչել 60-70 հազար մարդու, բայց այդ ցուցանիշը ներկայումս իրականացվել է միայն 20 %-ով։
- Ուկրաինայի զենիթահրթիռային զորքերը մեկ օրվա մեջ խոցել են ռուսական երկու կործանիչ։
Ալեքսեյ Արեստովիչը հաստատել է Մարիուպոլում ուկրաինացի ծովահետևակայինների գերեվարման տեղեկատվությունը
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականի խոսքով՝ դա տեղի է ունեցել «Ազով» գնդի դիրքերին հասնելու փորձի ժամանակ։ Արեստովիչը պնդում է, որ խոսքը գնում է ոչ թե ավելի քան հազար գերիների, ինչպես պնդում էր ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն, այլ շատ ավելի քիչ թվով մարդկանց մասին։
«Ընդհանուր առմամբ, բեկման գործողությունը հաջողված էր։ Զինվորականներն արդեն վերախմբավորվել են և պատրաստ են շարունակել իրականացնել մարտական առաջադրանքները»,- հայտարարել է Ալեքսեյ Արեստովիչը։
Բուչա է ժամանել Կարիմ Խանը
Կիևի մարզի Բուչա քաղաք, որտեղ այս ամսվա սկզբին հայտնաբերվել էին քաղաքացիական բնակչության մի քանի հարյուր դիակ, ժամանել է Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Կարիմ Խանը։ Նա հայտարարել է, որ ողջ Ուկրաինան դարձել է հանցագործությունների իրականացման վայր։
Ռուսաստանի կողմից ռազմական հնարավոր հանցագործությունների մասին ավելի վաղ հայտարարել էր նաև ԵԱՀԿ-ն։
ԶԼՄ-ներ. ԱՄՆ իշխանությունները քննարկում են Կիև բարձրաստիճան պաշտոնյայի ուղարկման հարցը
Ամերիկյան իշխանությունները քննարկում են, ի աջակցություն Ուկրաինայի, Կիևի ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի ուղարկման հարցը։ Այդ մասին գրում է The News York Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Այդ մասին առաջինը հայտնել էր Politico պարբերականը։
Քիչ հավանական է, որ դա կարող է լինել նախագահ Ջո Բայդենը կամ փոխնախագահ Քամալա Հարիսը։ The New York Times-ը գրում է, որ հավանաբար այնտեղ կայցելի որևէ նախարար կամ բարձրաստիճան զինվորական։
Պարբերականի տվյալներով՝ որոշումը դեռ չի կայացվել և դժվար թե այդ մասին ավելի վաղ հայտարարվի։ Նախկինում, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների այցը մարտական գործողությունների գոտիներ նախապես չէր հայտարարվում։
Թերթը հիշեցնում է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ամերիկյան որևէ պաշտոնյա չի այցելել այդ երկիր։
Լուսանկարը՝ Evgeniy Maloletka/Associated Press
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել