HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Մենք Ղարաբաղը չենք ուրանում, մենք ուզում ենք ապահովել Ղարաբաղի հայաթափության բացառումը». Վիգեն Խաչատրյան

«Ծանրագույն երկընտրանքի առջև ենք կանգնած, ըստ իս՝ պետք է ողջունել վարչապետի անկեղծ մտորումները ժողովրդի հետ»:

Ազգային ժողովի նիստում նման միտք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը` անդրադառնալով ԼՂ հարցի մասին վարչապետի ելույթին: Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, թե միջազգային հանրությունը կոչ է անում հայկական կողմին «մի փոքր իջեցնել նշաձողը ԼՂ կարգավիճակի հարցում»:

Պատգամավորը հիշեցրեց, որ դեռևս 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը շրջանառել է մի գաղափար, որ մեզ համար անընդունելի է մի ժողովրդի բռնի տիրապետումը մյուսի նկատմամբ:

«Ըստ էության, առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի, տարիներ են անցել ու այսօր կարելի է ասել, որ դա ևս ճիշտ չի եղել, իմ կարծիքով: Այն ժամանակ մենք գիտեինք, որ Խորհրդային Միության ժամանակ հարցը բարձրացվեց՝ փոխանցել Ղարաբաղը Հայաստանին, դա մի այլ խնդիր էր ու անգամ մենք հետևություն չարեցինք Սումգայիթից, չխորացանք Բաքվի, Կիրովաբադի դեպքերի մեջ, հետո չվերլուծեցինք՝ ինչպես եղավ, որ 24 գյուղեր հայաթափվեցին: Մենք չնստեցինք ու չմտածեցինք, թե սա ուր է տանում»,-ասաց ՔՊ խմբակցության անդամը:

Պատգամավորի համոզմամբ` 1988 թվականի շարժումը բերեց նրան, որ դաշտային Ղարաբաղը հայաթափվեց, և 400-500 հազար հայեր չկարողացան շարունակել  կյանքն իրենց պատմական հայրենիքում:

«Վերջապես բերեց նրան, որ մենք ունեցանք ԼՂԻՄ-ի մի զգալի մասի կորուստ, որտեղ այլևս հայեր չեն ապրում: Որտե՞ղ մենք պետք է կանգ առնենք, որտե՞ղ պետք է հասկանանք, թե մեր նպատակը ո՞րն է՝ հերոսաբար ոչնչանա՞լ, թե՞ ապրել, զարգանալ ու հեռանկար ունենալ: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը շեշտում է, որ 1997 թվականին չգնացինք հարցի լուծմանը, որովհետև քաղաքացիական պատերազմ կարող էր լինել, ես երբեք այդ տեսակետը չեմ կիսել, մենք չգնացինք այդ լուծմանը, որովհետև որպես իշխանություն կորցրել էինք վստահությունը հասարակության մեջ»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի` խորհրդարանական մեծամասնությունից է կախված՝ վարչապետի` խաղաղություն հաստատելու քաղաքականությունը կպսակվի՞ հաջողությամբ, թե ոչ:

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է անկեղծանա` մենք ի՞նչ պետք է անենք, որ ժողովուրդը շարունակի մեզ վստահել և մեր ծրագիրը կյանքի կոչի: Սա լուրջ խնդիր է, 1997 թվականին իշխող մեծամասնությունն այդ վստահությունը կորցրել էր և չկարողացավ կյանքի կոչել իր առաջնորդի ծրագիրը: Սա չհնչեցնելը կլիներ սխալ, մեզնից յուրաքանչյուրը պետք է իրեն հաշիվ տա` մեր վարքագծով, մեր պահվածքով, աշխատանքով համոզու՞մ ենք, արդյոք, մարդկանց, որ մենք իրենց շահերով ենք ապրում, թե իշխանությունը դարձել է կոմֆորտ մի տեսակ: Մենք պետք է առանձին ներքին քննարկում անենք՝ ի՞նչ պիտի անենք, որ ապահովենք խաղաղության պայմանագրի իրականացումը, պիտի ավելի նվիրվենք այն գաղափարներին, որի համար ժողովուրդը փողոց էր դուրս եկել ու հեղափոխություն արեց: Պետք է մարդկանց բացատրենք, որ մենք Ղարաբաղը չենք ուրանում, մենք ուզում ենք ապահովենք Ղարաբաղի հայաթափության բացառումը»,-նշեց նա:

Պատգամավորի ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Վիգեն Խաչատրյանին «ճիշտ խոսքերի համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter