Խաղաղության որոնման ճանապարհին Հայաստանն ունի Եվրամիության աջակցությունը. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում Կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման զեկույցին, որտեղ վերջինս անդրադարձել էր նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը եւ Արցախի հարցին։
An important & forward-looking speech by 🇦🇲PM @NikolPashinyan in the National Assembly today. Many challenges remain on the road to a comprehensive settlement but it is important to move forward. 🇦🇲 has the 🇪🇺’s support in the search for a just peace.
— Toivo Klaar (@ToivoKlaar) April 13, 2022
«Այսօր Ազգային ժողովում կարևոր և հեռանկարային ելույթ էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Համապարփակ կարգավորման ճանապարհին դեռ շատ մարտահրավերներ են մնում, բայց կարևոր է առաջ շարժվել։ Խաղաղության որոնման ճանապարհին Հայաստանն ունի Եվրամիության աջակցությունը»,- գրել է Տոյվո Կլաարը։
Նախօրեին Ազգային ժողովում իր զեկույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի պատկերացումները խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ: «Այս առաջարկությունները մենք օպերատիվ ձևով քննարկել ենք և արձանագրել, որ դրանցում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, մանավանդ որ՝ դե յուրե Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչել է դեռևս 1992 թվականին Անկախ պետությունների համագործակցություն ձևավորելու մասին համաձայնագիրը վավերացնելով, և այդ ճանաչումը այսօր էլ մեր ներպետական օրենսդրության մաս է»,- նշել էր Փաշինյանը։
Խոսելով Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների մասին՝ Փաշինյանը նշել էր, որ միջազգային հանրությունը հստակ ասում է` լինել աշխարհի միակ երկիրը, որը երկկողմ մակարդակով չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ոչ միայն վտանգ է Արցախի, այլև Հայաստանի համար:
«Միջազգային հանրությունն ասում է` մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում ասում է` խնդրում եմ մեզ վրա հույս չդնեք»,- հայտարարել էր Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով` այս ամենն ասում է նրա համար, որ հանրությանը հասկանալի լինի` խաղաղության օրակարգն այլընտրանք չունի:
Ըստ նրա` հեշտ չէ նման որոշում կայացնելը, սակայն եթե 44-օրյա պատերազմից հետո ժողովուրդը որոշել է, որ ինքը պետք է շարունակի առաջնորդել երկիրը, ուրեմն այդ ամենի պատասխանատվությունը ստանձնելն իր առաքելությունն է:
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել