HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 52-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Արդեն 52-րդ օրն է՝ Ուկրաինայում շարունակվում են պատերազմական գործողությունները։ Ամփոփ այն մասին, թե ինչ է եղել նախորդ գիշերվա ընթացքում։

Վլադիմիր Զելենսկին հայտնել է ուկրիանացի 2500-3000 զինվորականի մահվան մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո զոհվել է 2500-3000 ուկրաինացի զինծառայող։ Նրա խոսքով՝ ևս մոտ 10 000 մարդ էլ վիրավորվել է և «դժվար է ասել, թե նրանցից քանիսը կփրկվեն»։

Ուկրաինական զինուժի կորուստների մասին առաջին անգամ Զելենսկին հայտարարել էր մարտի 12-ին։ Այդ ժամանակ նա նշել էր, որ պատերազմի սկզբից ի վեր զոհվել է ուկրաինացի 1300 զինվորական։

Շարունակվում է Ուկրաինայի ենթակառուցվածքների ուղղությամբ հրթիռակոծությունները

Ապրիլի 15-ի երեկոյան ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Կիրովոգրադի մարզի Ալեքսանդրիա քաղաքի օդակայանի ենթակառուցվածքների ուղղությամբ։ Այդ մասին պնդում է քաղաքապետ Սերգեյ Կուզմենկոն։ Նրա խոսքով՝ հրթիռային հարվածը հասցվել է 22:26-ին։ Զոհերի և տուժածների վերաբերյալ նա տվյալներ չի նշել։

Լուգանսկի մարզի ուղղությամբ գիշերային հարվածների հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երեքը՝ վիրավորվել։ Մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը հայտարարել է, որ վնասվել են Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի գազատարները։

Պոլտավա քաղաքի մոտ գտնվող գյուղերից մեկի հրթիռակոծության հետևանքով էլ զոհվել է մեկ մարդ, ևս մեկն էլ վիրավորվել։ Նման տվյալներ էլ ներկայացրել է Պոլտավայի մարզային վարչակազմի ղեկավար Դմիտրի Լունինը։

Ուկրաինական լրատվամիջոցները նաև հայտնում են Կիևում, Նիկոլաևում, Լվովի մարզում և Դնեպրում պայթյունների մասին։

Կիև քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի փոխանցմամբ՝ մայրաքաղաքը հրթիռակոծվել է վաղ առավոտյան։ Պայթյունները հնչել են Կիևի արվարձանային Դարնիցկի շրջանում։

Ներկայումս տեղում աշխատում են փրկարարները և բժիշկները։ Տուժածների վերաբերյալ տվյալները ճշտվում են։

Ուկրաինայում զոհված երեխաների թիվը հասել է 200-ի

Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով՝ պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինայում զոհվել է 200 երեխա, ևս ավելի քան 360-ը՝ վիրավորվել։

Ամենաշատ թվով երեխաները տուժել են Դոնեցկի մարզում՝ 117, Կիևի մարզում՝ 105, Խարկովի մարզում՝ 88, Չեռնիգովի մարզում՝ 54, Խերսոնի մարզում՝ 41, Նիկոլաևի մարզում՝ 40, Լուգանսկի մարզում՝ 36, Զապորոժյեի մարզում՝ 23, Սումիի մարզում՝ 16, Կիևում՝ 16, Ժիտոմիրի մարզում՝ 15:

Մեծ Բրիտանիայի ռազմական հրահանգիչները առնվազն երկու շաբաթ մարզում են ուկրաինացի հրամանատարներին

Մեծ Բրիտանիան Ուկրաինա է վերադարձրել Հատուկ ավիադեսանտային ծառայության հրահանգիչներին, որոնք սկսել են ուկրաինական բանակի հրամանատարների մարզումները։ Այդ մասին հայտնում է The Times թերթը։ 

Հատուկջոկատայինները սկսել են պատրաստությունները մոտ երկու շաբաթ առաջ։ Այդ մասին պատմել են երկու գումարտակների սպաներ, որոնք տեղակայված են Կիևում և նրա արվարձաններում։

Կապիտան Յուրի Միրոնենկոն, որի գումարտակը տեղակայված է Կիևից հյուսիս ընկած Օբոլոնում, հայտնել է, որ հրահանգիչները տեղացի զինվորականներին սովորեցրել են NLAW հակատանկային հրթիռային համալիրներից օգտվելը, որոնց Մեծ Բրիտանիան Ուկրաինային է մատակարարել ռուսական ներխուժումից հետո։

Ռուսաստանի հետ կապ ունեցող մի քանի գործարարներ Forbes-ին խնդրել են իրենց չանվանել «ռուսաստանցի գործարարներ»

Այդ ցանկում են նաև Telegram-ի սեփականատեր Պավել Դուրովը և Mail.ru Group-ի նախկին սեփականատեր Յուրի Միլները։ Որպես պատճառաբանություն նրանք նշում են, որ երկար տարիներ չեն բնակվում Ռուսաստանում։

Forbes-ը նշում է, որ ՌԴ-ի հետ կապ ունեցող ձեռնարկատերերից նման խնդրանքներ ստացվել են նաև ավելի վաղ, սակայն վերջին մի քանի ամիսներից այդպիսի դիմումների թիվն աճել է, այդ թվում պատժամիջոցների պատճառով, որոնք սահմանվել են Ռուսաստանի նկատմամբ։

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն Ուկրաինայում առկա իրավիճակի վերաբերյալ

  • Ուկրաինայի պատերազմից տուժած շրջանների ճանապարհային ենթակառուցվածքներն էականորեն տուժել են։ Ռուսական զորքերը բարդացրել են իրավիճակը՝ ավերելով կամուրջները, ականապատելով հիմնական ճանապարհներն ու ավտոմեքենաները թողնելով Ուկրաինայի հյուսիսից դուրս եկող հիմնական մայրուղիներում։
  • Չեռնիգովում և նրա մատույցներում գետային անցումների փլուզման պատճառով բուն քաղաքում Դեսնա գետի վրա կանգուն միայն մեկ հետիոտնային կամուրջ է մնացել։ Մինչև պատերազմը քաղաքում բնակվում էր մոտ 285 հազար մարդ։
  • Ուկրաինայի տրանսպորտային ենթակառուցվածքների վնասվելը լուրջ խնդիր է ներկայացնում այն շրջաններ հումանիտար օգնության տեղափոխումը, որոնք նախկինում եղել են ռուսական զորքերի վերահսկողության ներքո։

Հաջորդ շաբաթ Վաշինգտոն կայցելի Ուկրաինայի վարչապետի գլխավորած պատվիրակությունը

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ԱՄՆ կմեկնեն Ուկրաինայի կառավարության ղեկավար Դենիս Շմիգալը, ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն և Ուկրաինայի կենտրոնական բանկի նախագահ Կիրիլ Շևչենկոն։

Գործակալության աղբյուրների տվյալներով՝ ուկրաինացի պաշտոնյաները Վաշինգտոնում կհանդիպեն Մեծ յոթնյակի երկրների ֆինանսական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Ապրիլի 21-ին պատվիրակության անդամները կմասնակցեն կլոր սեղանին, որը կկազմի Համաշխարհային բանկը և նվիրված կլինի Ուկրաինային։

Ուկրաինայի ԶՈւ ԳՇ առավոտյան տեղեկագիրը.

  • Ռուսական զորքերի ամենաակտիվ մարտական գործողությունները գրանցվում են Սլոբոդայի և Դոնեցկի ուղղություններով։
  • Սևերոդոնեցկի ուղղությամբ ռուս զինվորականներն ուժեղացրել են «կրակային ազդեցության ինտենսիվությունը՝ ուկրաինական զորքերի կորուստների, հյուծման և հարձակողական գործողություններին հնարավոր նախապատրաստվելու նպատակով»:
  • Պոպասնյայի ուղղությամբ գնդակոծվում են ուկրաինական զորքերի ստորաբաժանումների դիրքերը։
  • Ազովի ծովի ավազանում ռուսական ուժերի նավային խմբավորումը շարունակում է իրականացնել Մարիուպոլի նավահանգստի արգելափակման խնդիրը։
  • Շարունակվում է Ուկրաինայի պաշտպանական-արդյունաբերական համալիրի օբյեկտների և լոգիստիկ ենթակառուցվածքների ուղղությամբ ռուսական ուժերի կողմից հրթիռային սպառազինության միջոցով հարվածների հասցման բարձր մակարդակը։
  • Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքներում վերջին մի քանի օրվա ընթացքում հետ է մղվել ռուսական զորքերի 10-ը հարձակում, ոչնչացվել ռուսական երեք տանկ, մեկ զրահափոխադրիչ, մեկ միավոր հատուկ տեխնիկա, երկու ավտոմեքենա և երեք հրետանային համակարգեր։
  • Վերջին մի քանի օրերի ընթացքում ուկրաինական օդային ուժերը խոցել են օդային յոթ թիրախներ. Մեկ ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ, երեք անօդաչու և երկու թևավոր հրթիռ։

ՌԴ ՊՆ առավոտյան տեղեկագիրը.

  • Իզյում քաղաքից դեպի հարավ խոցվել է ուկրաինական Су-25 ինքնաթիռ։
  • Ոչնչացվել են Կիևում գտնվող զրահատանկային գործարանի արտադրական մասնաշենքը և Նիկոլաևի ռազմական տեխնիկայի վերանորոգման կետը։
  • Գիշերվա ընթացքում ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի 16 օբյեկտների, այդ թվում Օդեսայի, Պոլտավայի և Նիկոլաևի շրջաններում։
  • Գիշերվա ընթացքում ոչնչացվել է անձնակազմի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման 67 շրջան։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter