
Զոհված զինծառայողների ծնողները Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել
Ստեփանակերտի «ՑՈՐ» զորամասի՝ 2020թ․-ի հոկտեմբերի 12-ին զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները այսօր հավաքվել էին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ։ Հավաքվածները գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանին հանձնեցին հանցագործության մասին հաղորդում։
Հաղորդման տեքստում նշված է, որ 2020թ․-ին սկսված պատերազմի պատճառներից մեկը Նիկոլ Փաշինյանի պաշտոնեկան լիազորությունների շարաշահումն է եղել։ Հարազատները, մասնավորապես, հղում են տալիս ապրիլի 13-ին ԱԺ-ում վարչապետի արած հայտարարությանը։
«Ինձ ասում էին՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը, այո, կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հաղորդման տեքստն ամբողջությամբ ընթերցելուց հետո Անահիտ Մանասյանը՝ զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մորաքույրը, նշեց, որ ակնկալում է գործի անաչառ քննություն և կոչ է անում մյուս ծնողներին նույնպես միանալ իրենց նախաձեռնությանը՝ ստորագրել և Դատախազություն հանձնել հանցագործության մասին հաղորդում։
«Իմ տղան դավաճանության և ստի զոհ դարձավ, բայց ես հավատում էի իմ հայրենիքին, հավատում էի, որ իմ տղան տուն է գալու։ 1 տարի 6 ամիս իմ տղայի վերադարձին սպասելուց հետո, էսօր նա չկա։ Հիմա ես ակնկալում եմ, որ բոլոր պատասխանատուները, սկսած երկրի ղեկավարից և մյուս հրամանատարներից, պատասխան տան»,- ասում է Անուշ Մելիքյանը՝ զոհված զինծառայող Ռուբեն Պողոսյանի մայրը։
Հաղորդումը Դատախազություն հանձնելուց հետո գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը ծնողներին հայտնել է, որ վաղը կկապվի նրանց հետ և տեղյակ կպահի գործի ընթացքից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Մեկնաբանել