
Օդանավակայանի տաքսիների գործունեությունը կլիցենզավորվի․ նոր պահանջներ կսահմանվեն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն (ՏԿԵՆ) առաջարկում է կանոնակարգել օդանավակայանից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումները, մասնավորապես կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար փոխադրումների իրականացման լիցենզավորման կարգ սահմանել։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, օդանավակայանների տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպումը օրենսդրական առանձին կարգավորում չուներ, որի հետևանքով այնտեղ տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը պատշաճ չի իրականացվում, անբարեխիղճ ծառայություն մատուցողների կողմից դրսևորվում է անընդունելի վարքագիծ ինչպես ուղևորների, այնպես էլ միմյանց նկատմամբ, պատվերը ձեռք էր բերվում բանավոր հավաքագրելու միջոցով՝ անհանգստություն պատճառելով քաղաքացիներին և հյուրերին: Ծառայության մատուցման համար ներգրավված ավտոմոբիլները հաճախ հին են, բազմագույն, տհաճ արտաքին տեսքով:
ՏԿԵՆ-ի փոխանցմամբ՝ Հայաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները եւ զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը, ըստ ՏԿԵՆ-ի, զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է: Բացի այդ օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղից, ինչը անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար:
Ուստի այս ամենը հաշվի առնելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր է հավասար պայմաններ ստեղծել ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար գործունեության համար։
ՏԿԵՆ-ի սահմանած պահանջներով՝ օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է լինի մինչև յոթ տարվա արտադրության, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ: Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցումը պետք է իրականացվի տաքսու կայանատեղից կամ տրանսպորտային միջոցների կանգառի համար նախատեսված վայրերից՝ ուղևորների պատվերով։
Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալու դեպքում։
Մեկնաբանել