Երկարացվել է մի շարք ապրանքների անմաքս ներմուծման ժամկետը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը երկարացրել է որոշ ապրաքների` առանց մաքսատուրքի և հարկերի ներմուծման ժամկետը մինչև 2 տարի:
Ժամկետը երկարացվում է այն ապրանքների համար, որոնք արդեն իսկ ներառվել էին ժամանակավոր ներմուծան արտոնություն ստացած ապրանքների ցանկում՝ 2021թ. մարտի 1-ից մինչև 2022 թ. փետրվարի 28-ը ներառյալ ներկրելիս:
Որոշումը տարածվելու է այն իրավահարաբերությունների վրա, որոնք ծագել են 2022թ. մարտի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2019թ. սեպտեմբերի 20-ի N109 որոշման համապատասխան փոփոխությունները նախաձեռնել է Բելառուսը, որին աջակցել են նաև Եվրասիական տնտեսական միության մնացած երկրները: Որոշման նպատակն է Միության անդամ պետությունների տնտեսական կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, ներառյալ՝ մակրոտնտեսական կայունության ապահովումը, որը հաստատվել է Հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 հրամանով։
Մաքսատուրքերից և հարկերից ազատման երկամյա ժամկետը նախատեսված է այն ապրանքների համար, որոնք ներառված են Մաքսային միության հանձնաժողովի 2010թ. հունիսի 18-ի թիվ 331 որոշման՝ 1-17-րդ, 19-22-րդ, 24-րդ, 28-րդ, 29-րդ և 37-րդ կետերում:
Խոսքը, մասնավորապես, ապրանքների 4 խմբի մասին է. առաջինում կոնտեյներներ և բազմակի օգտագործման տարաներ են, որոնց խմբում են նաև ծղոտե ներքնակները, բազմակի օգտագործման այլ տարաներն ու փաթեթները։
Երկրորդ խմբում այն ապրանքներն են, որոնք ներկրվում են արտաքին տնտեսական գործունեությանը և միջազգային համագործակցությանն աջակցելու նպատակով։ Մասնավորապես, խմբում ներառված են ցուցահանդեսների, տոնավաճառների, միջազգային հանդիպումների և այլ նմանատիպ միջոցառումների ցուցադրման ապրանքները, դրանց նմուշները, գովազդային նյութերը, գովազդային ֆիլմերը, փորձաքննության ապրանքները, մասնագիտական սարքավորումները, գծագրերը, մոդելները, նամականիշերը, թվային տեղեկատվական կրիչները:
Երրորդ խմբում ներառված են այն ապրանքները, որոնք ժամանակավորապես ներկրվում են գիտության, մշակույթի, կինեմատոգրաֆիակայի, սպորտի և տուրիզմի մեջ կիրառելու համար: Դրանք, մասնավորապես, այն ապրանքներն ու նյութերն են, որոնք կիրառվում են գիտահետազոտական և կրթական նպատակներով, ինչպես նաև՝ թատերական (ներառյալ՝ կրկեսի, կինոյի) հագուստները, բեմական սարքավորումները, ֆիլմերը և տեսանյութերը, սլայդները, լուսանկարները, պաստառները, սպորտային մրցույթների համար նախատեսված ապրանքները, մշակութային արժեքները (նրանց համար՝ որոնց «տարիքը» 100 տարուց ավելի չէ), գրքերը, պարբերականները, հրատարակությունները և կրթության, գիտության և մշակույթի հետ կապված փաստաթղթերը:
Չորրորդ խմբում ներառված են փրկարարական, բժշկական և լաբորատոր սարքավորումները, օտարերկրյա ծովային նավերի անձնակազմի սոցիալական և կենցաղային պայմաններն ապահովող ապրանքները, պրոֆեսիոնալ կինեմատոգրաֆիական սարքավորումները, մամուլի, ռադիոյի կամ հեռուստատեսության կողմից օգտագործվող սարքավորումները, բտման և վարժեցման համար բերվող կենդանիները, ինչպես նաև՝ նավերը, որոնք օգտագործվում են որպես ամբարներ նավթամթերքների արտահանման համար, առագաստանավերը՝ օժանդակ շարժիչով կամ առանց դրա, մոտորանավակները կամ նավակները՝ պայմանով, որ դրանք օգտագործվում են ոչ առևտրային նպատակներով:
Հիշեցնենք, որ նմանատիպ երկարացումը նախկինում սահմանվել էր 2020թ.-ին արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու ժամանակ համավարակի հետևանքները նվազեցնելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել