HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Սարգսյան

Իրականացրեց «Դեպի Արցախ» ռազմահայրենասիրական ծրագիրը

«Հանուն ազգիս փրկության» ռազմահայրենասիրական բարեգործական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աջակցությամբ, Շուշիի ազատագրման 20-ամյակի կապակցությամբ 2012թ. մայիսի 7-10-ը իրականացրեց «Դեպի Արցախ» ռազմահայրենասիրական ծրագիրը:
Ծրագրին մասնակցեցին Արցախյան պատերազմ անցած վետերան-ազատամարտիկներ, Երևանի թիվ 77 դպրոցի աշակերտներ և մանկավարժներ:

Երկու օր պատվիրակությունն անցկացրեց Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում, որտեղ 20 տարի առաջ թեժ պաշտպանական մարտեր էին մղել ներկաներից «Հայոց ազգային բանակ» ռազմական կառույցի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Սամվել Փափազյանը, զինվորներ Արմեն Մինասյանը և Հրաչիկ Բաբաջանյանը:

Երևանցի դպրոցականները համերգներով հանդես եկան տեղի միջնակարգ դպրոցում: Ծրագրի շրջանակներում Կիչանի և Ղազանչիի՝ Կարեն Առաքելյանի անվան դպրոցի գրադարանին տրվեց 60 անուն գիրք, ինչպես նաև՝ աշակերտներին և գյուղի երեխաներին օգնություն՝ հագուստի ու գրենական պիտույքների տեսքով:

Փոխհամաձայնության արդյունքում Կիչանի և Ղազանչիի ու Երևանի թիվ 77 միջնակարգ դպրոցներն այսուհետ քույր դպրոցներ են, և սեպտեմբեր ամսին նախատեսվում է արցախցի աշակերտների պատասխան այցը Երևան:

Հյուրերը երկու օր իջևանեցին Կիչան գյուղում տեղակայված ԼՂՀ ՊԲ N զորամասի հարկի տակ, որտեղ միջոցառումների հագեցած շարք իրականացրեցին:
Տոնական համերգ տրվեց զորամասի զինվորական անձնակազմի և գյուղի բնակիչների համար, ապա Երևանի թիվ 77 դպրոցի աշակերտների ու զորամասի զինվորների միջև զինվորական պատրաստականությանն առնչվող մրցույթ-ստուգատես և ինտելեկտուալ տեստային խաղեր անցկացվեցին:

Միջոցառումների ավարտին «Ազատամարտիկ» հուշամեդալով պարգևատրվեցին ԼՂՀ ՊԲ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Ջալավյանը և ազատամարտիկ Հրաչիկ Բաբաջանյանը:

Պատվոգրեր և շնորհակալագրեր շնորհվեցին ԼՂՀ ՊԲ N զորամասին, Կիչանի և Ղազանչիի դպրոցի տնօրեն Կարինե Ասրյանին, Երևանի թիվ 77 դպրոցի անձնակազմին:

«Գ. Նժդեհ. Ազգային պետական հավատամք» գրքով, գրենական պիտույքներով և այլ նվերներով պարգևատրվեցին մի շարք զինվորներ ու դպրոցականներ: Զորամասի գրադարանին հանձնվեց մի քանի տասնյակ գեղարվեստական գիրք:

Ծրագրի բաղկացուցիչ մաս էին կազմում ճանաչողական արշավները, որոնք սկսվեցին Դադիվանքից: Միջոցառման մասնակիցներն այցելեցին Կիչան գյուղի զոհված ազատամարտիկների հուշահամալիր:

Կիչանում երկօրյա միջոցառումներից հետո արշավախումբը եղավ Գանձասարում, Շուշիի «Տանկ» հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակին, այցելեց Շուշիի Սբ. Հովհաննես և Սբ. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցիներ, ապա, տունդարձի ճանապարհին՝ Տաթևի վանական համալիր:

«Հանուն ազգիս փրկության» ՌԲՀԿ նախագահ Սամվել Փափազյանը այս ամառ նախատեսում է կյանքի կոչել «Պատանի զինվոր» ամառային ռազմաուսումնական ճամբարը, որն, ամենայն հավանականությամբ, կտեղակայվի Կիչան գյուղում: Ճամբարում պատանիները կլրացնեն իրենց ռազմագիտական, աշխարհագրական, հասարակական գիտելիքները, նաև կզարգացնեն իրենց հմտությունները՝ շարային պատրաստության, տակտիկա-տեխնիկական պատրաստականության, կրակային, ռազմատեղագրական, հետախուզական, ռազմաբժշկական և այլ պարապմունքների միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter