HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լոնդոնի դատարանը թույլատրել է Ջուլիան Ասանժի արտահանձնումն ԱՄՆ-ին

Լոնդոնի Վեսթմինսթերյան դատարանը չորեքշաբթի՝ ապրիլի 20-ին, թույլատրել է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնել Միացյալ Նահանգներին, որտեղ նրա նկատմամբ առաջադրվել է 18 քրեական մեղադրանք։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Գործը հիմա կուղարկվի Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելին, որն էլ վերջնական կորոշի արտահանձնման հարցը։

Փաթելի հնարավոր դրական որոշման պարագայում Ասանժը դեռևս հնարավորություն կունենա Լոնդոնի բարձր դատարանում դատական կարգով վիճարկել որոշումը։ Մինչև մայիսի 18-ը WikiLeaks-ի հիմնադրի պաշտպանական թիմը կկարողանա ներկայացնել իր փաստարկները։ 

«Ես պարտավոր եմ ձեր գործն ուղարկել պետքարտուղարին (ներքին գործերի նախարարին-խմբ.), որպեսզի նա որոշում ընդունի՝ արտահանձնե՞լ ձեզ, թե ոչ»,- նշել է դատավորը։

Ավելի վաղ, «Լրագրողներ առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կոչ էր արել անհապաղ ազատ արձակել WikiLeaks-ի հիմնադրին։

Ջուլիան Ասանժը, մասնավորապես, մեղադրվում է գաղտնի տվյալների անօրինական ստացման և դրանց մշակման, լրտեսության, ինչպես նաև համակարգչային ցանցերի կոտրման նպատակով դավադրության մեջ։ Նրան սպառնում է մինչև 175 տարվա ազատազրկում։

2012-2019 թվականներին ակտիվիստը թաքնվում էր Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը, որը վերջինիս քաղաքական ապաստան էր տրամադրել։ Դրանով նա փորձում էր խուսափել Շվեդիային արտահանձնվելուց, որտեղ նրան մեղադրում էին բռնաբարության մեջ։ Ասանժն իր մեղքը չէր ընդունել՝ ընդգծելով, որ շվեդական իշխանությունների կողմից իր հետապնդման իրական նպատակը Միացյալ Նահանգներին արտահանձնելն էր։

2019 թվականի ապրիլին բրիտանական դատարանը WikiLeaks-ի հիմնադրին մեղավոր էր ճանաչել 2012 թվականի դատական նիստին չներկայանալու համար։ Էկվադորի իշխանությունները թույլատրել էին բրիտանական ոստիկանությանը մտնել դեսպանություն և ձերբակալել Ասանժին։ Լոնդոնի բարձր դատարանն ավելի ուշ մերժել էր ակտիվիստի արտահանձման գործով բողոքը։

Լուսանկարը՝ ZUMA / MGN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter