HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են

Արդեն հինգերորդ օրն է, ինչ Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ բողոքի ակցիաներ են ընթանում: Բողոքի ակցիաների մեկնարկը տվել էր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը ապրիլի 17-ից անժամկետ նստացույց է անում Ազատության հրապարակում: Հաջորդ օրվանից անժամկետ հացադուլ անելու մասին է հայտարարել արցախյան երկրորդ պատերազմի մասնակից երկու երիտասարդ: Ազատության  հրապարակի մեկ այլ հատվածում բողոքի ակցիաներ են անում «5165» շարժման անդամները, հրապարակում են նաև «Սև հովազ» ջոկատի անդամները:

Վանեցյանին ուղեկցում են ընտանիքի անդամները՝ կինը և ավագ որդին, ինչպես նաև իր անձնական անվտանգությունը:

Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ պարտության սիմվոլ հանդիսացող իշխանությունները պետք է հեռանան, և հիմնական նպատակը, որ հավաքվել են Ազատության հրապարակում, անվտանգ Հայաստան ու Արցախ ունենալն է:

«Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես խոսում է սպառնալիքի լեզվով, խոսում է Երևանը, Սևանը գրավելու մտադրության մասին, և մենք չենք տեսնում որևէ արձագանք Հայաստանի կողմից: Անգամ տեսնում ենք Ալիևի կողմից վիրավորական արտահայտություններ վարչապետի հասցեին, անկախ նրանից՝ ոնց եմ վերաբերվում վարչապետին, ինձ համար՝ որպես հայ մարդու, տհաճ է, երբ թշնամի երկրի ղեկավարը վիրավորում է իմ երկրի ղեկավարին, բայց որևէ արձագանք չենք տեսնում»,- ասում է Արթուր Վանեցյանը:

Վանեցյանի խոսքով՝ Փաշինյանն արձագանքում է իր հասցեին հնչած ցանկացած մեղադրանքին, սակայն որևէ կերպ չի պատասխանում Ալիևին:

«Կարող ենք ենթադրել, որ կաշկանդվածություն, պայմանավորվածություն ունի և չի կարողանալու հայանպաստ որոշումներ կայացնել, հայանպաստ օրակարգ ձևավորել»,-ասում է ընդդիմադիր գործիչը:

Դիտարկմանը, որ իշխանության համակիրների կողմից սոցցանցերում տեսակետներ են հնչում, որ պետք է Վանեցյանին զրկել երբեմնի ստացած կոչումներից, վերջինս արձագանքեց.

«Գլուխները պատով կտան ինձ կոչումներից կզրկեն: Էդ կոչումներն իրենց հոր տնից չեն բերել, դրանց արժանացել եմ իմ՝ երկարատև ծառայության համար: Եթե իմ նկատմամբ հնարավոր լիներ օրինական ճանապարհով որևէ քրեական գործ հարուցել, դատապարտել կալանքի, հավատացեք՝ վաղուց արած կլինեին: Իմ հրաժարականից հետո, եթե չեմ սխալվում, հինգից ավելի գործերով մեղադրյալ եմ եղել, ամենածանր հոդվածներց սկսած, որը սահմանում էր ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում՝ վարչապետի մահափորձի մեղադրանքով, որն ամբողջությամբ հերքվեց, և գործը կարճվեց»,- ասաց նա: Վանեցյանի հավաստիացմամբ՝ չի արել որևէ քայլ, որն օրենքից դուրս է և որի համար իրեն կարող են քրեական պատասխանատվության ենթարկել:

Ըստ նրա՝ իշխանությունների կիրառած գործիքը կեղծ տեղեկություններով անձին վարկաբեկելու փորձն է:

Հացադուլ հայտարարած երիտասարդներին տեսակցելու էր եկել Տեր Շահեն քահանան, նրա խոսքով՝ եկել էր սուրբ հաղորդություն տալու իր եղբայրներին:

Տղաների հետ զրուցել էր նաև պատգամավոր Գեղամ Նազարյանը: Մեզ հետ զրույցում Նազարյանը մանրամասնեց, որ խորհուրդ է տվել վերջիններիս դադարեցնել հացադուլը: Նազարյանի խոսքով՝ Ազատության հրապարակը սակավամարդ է, քանի որ խնդիր դրված չէ, որ բազմամարդ լինի:

«Շարքային քաղաքացին գալիս պտտվում, գնում է, բայց եթե կանգնի, մնա, հետո մյուսը գա, արդեն կտեսնենք ինչքան բազմամարդ է իրականում: Մինչ էս պահը տենց խնդիր դրված չէ, որ ժողովուրդ, գնում ենք Ազատության հրապարակ ու մնում ենք, հենց դրվի, վստահ եմ, որ հազարավոր կլինեն»,- ասաց պատգամավորը:

Նազարյանի խոսքով՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դեռ վաղուց է միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին, ասաց՝ առաջիկայում կտեսնենք իրենց նախաձեռնած տարբեր քայլերն ու գործողությունների ծրագիրը:

Պատգամավորը սակայն այն տեսակետին չէ, որ պետք է բոյկոտել խորհրդարանի աշխատանքները և պայքարը միայն փողոցում ծավալել:

«Խորհրդարանը երկրի մի մասն է, հո Նիկոլի պապի դուքյանը չէ, մեր աշխատանքի մի մասն է, պետք լինի՝ էնտեղ կլինենք, պետք լինի՝ էստեղ կլինենք»,- ասաց նա:

Հացադուլավոր երիտասարդներին սատարելու էր եկել արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը: Նա ասաց, որ Ազատության հրապարակ է եկել որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, որը մտահոգ է Արցախի պետականության խնդրով:

«Ես այստեղ սատարում եմ հացադուլ անող ընկերներիս և կոչ եմ անում անկախության սերնդի ներկայացուցիչներին գալ Ազատության հրապարակ»,- ասաց նա:

Մնացական Ավետիսյանի խոսքով՝ պատերազմի ժամանակ պաշտպանում էին ռազմաճակատի խրամատը, իսկ այստեղ՝ գաղափարը, որի համար կռվել են:

«Արցախի պետականությունը, մեր հայրենակիցների՝ իրենց պատմական հողում ապրելու իրավունքը բացարձակ արժեք է: Էս պրոցեսով փորձելու ենք հասկանալ կհավաքվի արդյոք էն կրիտիկական զանգվածը, որոնք կիսում են մեր գաղափարները»,- ասաց նա:

Նշենք նաև, որ Ազատության հրապարակում տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ կլոր սեղանի ձևաչափով քննակումներ են իրականացնում Արցախյան խնդրի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և այլ թեմաների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter