HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ակնայից՝ Բագրատաշեն․ ապահով անկյան փնտրտուքով

Գիշերը, երբ գյուղում լույսերը դանդաղ մարում են, Լիաննան հինգ երեխաներին շուրջն է հավաքում, ջրով լի մեծ կաթսան դնում վառարանին ու սպասում, մինչև տաքանա։ 

Երեխաները մեծից փոքր շարվում են շիկացած վառարանի մոտ ու սպասում լվացվելու իրենց հերթին։ Առաջինը տաշտակին մոտենում է հնգամյա Անին, մոր թևից բռնելով՝ ոտքի ծայրով ստուգում է ջրի ջերմաստիճանը, հետո զգուշությամբ մյուս ոտքը դնում: Լիաննան արագ լվանում է աղջկա ոտքերը, որպեսզի ազատի տաշտակը մյուս չորսի համար։ 

Երեխաները, թաթերի վրա վազելով, մոտենում են իրենց անկողիններին, որ նորից ոտքերը չկեղտոտեն։ Վերմակը մինչև քթները քաշում են, հետո սենյակում խոսակցությունները վերածվում են փսփսոցների ու աստիճանաբար դադարում։ Բոլորը, բացի Լիաննայից, քնած են։

Երեխաները միակն են, որ Լիաննան կարողացել է փրկել: Տունը, հիշողություններն ու բոլորով ապրած տարիները մնացել են Արցախում։ Ամուսինն այլևս չկա, ընտանիքն ամենից շատ հենց նրա բացակայությունն է զգում։ Հիմա ամեն ինչ Լիաննայի ուսերին է, նրա բոլոր նպատակներն ու երազանքները պտտվում են սենյակում քնած հինգ երեխայի շուրջ։

«Ես, որ հիշում եմ, թե իրենց ոնց եմ փրկել, չեմ ուզում, որ հանկարծ մեկի մազը ծռվի, թեկուզ իմ կյանքի գնով։ Առավոտ շուտ էր, երեխեքը դրսում խաղում էին, պայթյունի ձայներ լսեցինք, վազեցի տուն, Անին քնած էր, գրկեցի, դուրս եկա, մի 10-15 մետր տնից էն կողմ էի, տունը հավասարվեց հողին։ Ես էլ հույս չունեի, որ մենք կկարողանանք էդտեղից դուրս գալ: Հետո տալոջս ամուսինը, որ շտապօգնության վարորդ էր, եկավ մեզ հանեց էնտեղից»,- հիշում է Լիաննան։

Փոքր տարիքում Լիաննան ընտանիքով տեղափոխվել է Արցախ, այնտեղ ծանոթացել է Արտուշի հետ, ամուսնացել ու միասին ապրել են Ակնայում (Աղդամ)։ Ընտանիքը զբաղվել է անասնապահությամբ։ Ակնայում հատուկենտ ընտանիքներ են ապրել, նրանք հիմնականում այլ մարդկանց անասուններն են պահել։ 

Ծնողների առաջնեկը Գոռն է՝ 13 տարեկան, մայրն ասում է, որ ամեն ինչով հորը շատ նման է։ Հետո ընտանիքում ծնվել են Անգելինան, Էդգարը, Էրիկը և Անին։ Տարածքում, որտեղ ապրել են, հարևաններ չկային, մարդկանց հետ շփում գրեթե չի եղել։ Ամեն օր ավտոբուսը երեխաներին տարել է Ասկերան՝ դպրոց և հետ բերել։ Պատերազմից հետո ընտանիքի կյանքում ամեն բան փոխվել է։ 

Արցախից Հայաստան գալուց հետո նրանք ժամանակավորապես ապրել են հյուրանոցում, հետո տեղափոխվել են Տավուշի մարզի Հաղթանակ գյուղ, այնտեղից էլ՝ Բագրատաշեն։ Հայաստանում Լիաննան հարազատներ գրեթե չունի, ասում է, որ իր միակ բարեկամները երեխաներն են։ Ամուսնու զոհվելուց հետո ընտանիքի միակ պատասխանատուն ինքն է։ 

Արտուշ Թորոյանը պատերազմի առաջին օրվանից կամավորագրվել է, մասնակցել մարտերի սահմանի տարբեր հատվածներում, նրա հետ կապը կորել է նոյեմբերի 5-ին Շուշիում։ Այդ օրը հակառակորդը խոցել է այն շտապօգնության մեքենան, որի մեջ էին Արտուշ Թորոյանը, եղբայրը՝ Սասուն Թորոյանը, և նրանց քրոջ ամուսինը՝ Սերյոժա Դեմիրճյանը։ Բոլորը զոհվել են։

«Ինձ համար հիմա ամենադժվարը երեխեքի հարցերին պատասխանելն է։ Հարցնում են՝ ինչի՞ ինքը գնաց, ինչի՞ թողեցիր, որ գնա։ Ու ինչքան իրենք մեծանան, էդ հարցերն ավելի են շատանալու, բայց ես Արտուշին չեմ մեղադրում, ինքը մեզ համար գնաց, երկրի համար։ Ուղղակի մեկ-մեկ, երբ պառկում եմ քնելու, անկախ ինձնից՝ լացս գալիս ա էսքան հոգսերից, մտածում եմ ՝ինչի՞ ես, ինչի՞ ինձ հետ էս կյանքը պատահեց»,- ասում է 32-ամյա Լիաննա Տեր-Պողոսյանը։

Երեխաներից ամեն մեկը հոր կորուստը յուրովի է տանում։ Ավագը Գոռն է, անընդհատ խոսում է բանակ գնալու ու հոր վրեժը լուծելու մասին։ Տանը, դպրոցում բոլորը նրան համոզում են, որ վրեժով ապրելը լավ չէ․ Գոռի համար դա մեկ է։

«Ասում եմ՝ Գոռ, վրեժի համար է, որ մենք էս օրի հասանք ու էսպես ենք ապրում, բայց ինքը էդ մտքից հետ չի կանգնում։ Ամեն մեկը մի ձև ա արտահայտում իր կարոտը։ Աղջիկներս շատ կապված էին հոր հետ, երբեմն մտնում եմ սենյակ, տեսնում եմ Անին, ձեռքերը պարզած, լացելով ասում է՝ Աստված պապիկ, խնդրում եմ, պապայիս ուղարկի։ Շատ ժամանակ չեմ թողնում, որ սենյակ մտնեն, նկարները պահում եմ, չգիտեմ՝ ի՞նչ անեմ»,- ասում է Լիաննան։

Յուրաքանչյուր ամիս ընտանիքը Բագրատաշենից նստում է իրենց հարևան Կառլենի տաքսին ու գալիս Երևան՝ Եռաբլուր, նույն օրն էլ հետ գնում։

Լիաննան երեխաների հետ այս գյուղ տեղափոխվել է ծանոթներից մեկի խորհրդով, նրա օգնությամբ էլ տունը գնել։ Այն առաջ շատ ավելի անբարեկարգ էր, քանի որ բնակեցված չէր։ Լիաննան փոխել է տանիքը, շատ թե քիչ բարեկարգել սենյակները, այնպես, որ հնարավոր լինի ապրել և հատկապես ձմեռել։ Տունը խոհանոց չունի, գազ՝ նույնպես, իսկ սանհանգույցը դրսում է։ Հիմա Լիաննայի նախաձեռնությամբ տան մի հատվածը քանդել են, որ խոհանոց և սանհանգույց կառուցեն։

Բագրատաշեն տեղափոխվելուց հետո ընտանիքը երկու խոճկոր է գնել, առավոտները սկսվում են նրանց կերակրելով։ Տան գործերում մորը հիմնականում 9-ամյա Անգելինան է օգնում՝ ամանները լվանում, ջուր բերում ու միշտ քթի տակ երգում։ Երեկոյան, երբ բոլորը հավաքվում են տանը, նա հեռախոսով բարձր երաժշտություն է միացնում ու սկսում երգել, մյուսները կամ պարում են, կամ՝ նրա հետ երգում։

Երեխաների վարքում անցած մեկ տարվա ընթացքում շատ բան է փոխվել։ Լիաննան ասում է, որ Ակնայում իրենց հարևանությամբ ոչ ոք չկար, ով էլ, որ կար, մի քանի կիլոմետր հեռու էր․ իրենք էին ու կենդանիները։ 

«Եթե դուք իրենց անցած տարի տեսնեիք, կմտածեիք՝ գազաններ են։ Էստեղ գալով՝ կամաց-կամաց սկսեցին շփվել, դպրոց գնացին ու հիմա ավելի լավ է, ընկերներ էլ ունեն։ Էստեղ մենք մեզ լավ ենք զգում, հարևանները լավն են, չնայած մեկ-մեկ երեխեքն ասում են երանի՜ Աղդամը լիներ, գնայինք․ ու ես էլ սրտանց կգնայի։ Մենք էնտեղ շատ երջանիկ էինք՝ անկախ տան պայմաններից ու մեր ունեցածից։ Էնտեղ ես պաշտպան ունեի, երեխեքս՝ հեր»,-ասում է Լիաննան։

Հինգ երեխաներից երեքը դպրոց են գնում։ Գոռը սովորում է 6-րդ դասարանում, Անգելինան՝ 3-րդ, Էդգարը՝ առաջին, իսկ Էրիկը՝ նախակրթարանում։ Պատերազմի պատճառով նրանք մեկ ուսումնական տարի բաց են թողել։ Հիմա Գոռն ու Անգելինան ներառական կրթություն են ստանում։ Սովորում են տառերը, թվերը, հաշվել, գրել։ Անգելինան աշխատում է նաև արտասանության վրա։ Մայրն ասում է, որ երբ իրենց տունը փլվեց, երեխաները դա տեսան, շատ էին վախեցել, դրանից հետո Անգելինան խոսելու որոշ դժվարություններ ունեցավ։ 

Դպրոցում նրանց հետ աշխատող ուսուցիչներն ասում են, որ ամսեամիս փոփոխությունները նկատելի են։ Իրենց առաջ փոքր նպատակներ են դնում ու փորձում հասնել դրանց։ Այդպես ավելի հեշտ է, երեխաները թեկուզ փոքր հաջողություններից ոգևորվում են։ 

Այս պահին Հայաստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի 8713 երեխա` աշակերտների ընդհանուր թվի մոտ 2․2%-ը։ Նրանցից 8108-ը գրանցված է հանրակրթական դպրոցներում, իսկ 502-ը հատուկ հանրակրթական դպրոցներում։

Լիաննան այս պահին զբաղվում է միայն երեխաների խնամքով։ Սկզբում, երբ Հայաստան էր տեղափոխվել, նրան առաջարկել էին վարսահարդարություն սովորել, մեկ-երկու օր գնացել էր, բայց հետո հրաժարվել․ ժամանակը երկար էր, իսկ երեխաներին հետևող չկար։

Լիաննայենց տան կողքով Դեբեդ գետն է հոսում, այդ պատճառով փողոցն անվանում են գետի։ Այստեղ մինչև ուշ երեկո երեխաները դրսում խաղում են, Լիաննան նրանց խաղընկերն է, երբեք չի մերժում։ Երեկոյան, երբ տան գործերը հիմնականում ավարտած է լինում, երեխաների հետ գործագործ է խաղում, փողոցի լավ խփողներից է համարվում։

«Մարդկանց թվում է՝ Լիաննան ոչ դարդ ունի, ոչ՝ ցավ, ի՞նչ ա եղել որ, երեխաների հետ խաղ ա անում, էլ չգիտեն, որ իմ ներսում էնպիսի մի բան կա, որ երբեք չի բուժվում։ Հիմա ես իմ երեխեքի համար համ մեր եմ, համ հեր եմ, համ էլ՝ ընկեր։ Ես ու իրենց հերը միշտ էլ իրենց համար ընկեր ենք եղել, միշտ լավ ենք վերաբերվել ու հիմա էլ իմ վերաբերմունքը չի փոխվել»,-ասում է Լիաննան։ 

Պատերազմից հետո ընտանիքը մի քանի անգամ գնացել է Արցախ։ Լիաննայի ծնողներն ու հարազատներն այնտեղ են ապրում, բայց ինքն այնտեղ երկար մնալ չի կարողանում, ասում է, որ անընդհատ անհանգստության զգացում ունի, երեխաների համար ապահով տեղ է փնտրում։ Այս գյուղում նա քիչ թե շատ գտել է այդ անկյունը։

Բագրատաշենում օրը վերջանում է, գետի փողոցից պարզ երևում են Սադախլո գյուղի լույսերը։ Գործագործի թիմերը վերջին անգամ հերթափոխ են անում ու կամաց-կամաց ցրվում։ Լիաննան ջրով կաթսան դնում է վառարանին ու սպասում մինչև տաքանա։

Մեկնաբանություններ (1)

Տաթև
Խնդրում եմ տրամադրել Լիաննաի կոնտակտային տվյալները աջակցության նպատակով Շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter