HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում․ Փաշինյան

Կառավարության ապրիլի 22-ի նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մոսկվա կատարած այցի արդյունքներին։ Վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ջերմ ընդունելության համար, ապա արձանագրեց այցի արդյունավետ լինելը։

«Առանձնակի ուշադրության արժանացրինք տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերը։ Կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկբունքների հարցում՝ արձանագրելով ՀՀ և ՌԴ մոտեցումների նույնականությունը։ Տվյալ հարցում կարող ենք արձանագրել գործնականում մեր բոլոր միջազգային գործընկերների դիրքորոշումների ընդհանրությունը, և այս ֆոնին կրկին ուզում եմ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ օր առաջ մեկնարկել արևելքը արևմուտքին կապող երկաթգծի և ավտոճանապարհների շինարարությունը ՀՀ տարածքով»,- նշեց նա։

Փաշինյանը հույս հայտնեց, որ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ, առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել և համաձայնեցնել։

ՌԴ նախագահի հետ բանակցությունների հաջորդ արդյունքը, ըստ վարչապետի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ Մինսի խմբի համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումն էր՝ դրանից բխող քաղաքական հետևանքներով։

«Եթե արձանագրենք, որ մոսկովյան այցի նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահողները, կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման մասին գնահատականները հիմնավորված չեն։ Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները Լեռնային Ղարաբաղի կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում՝ չնայած այն հանգամանքին, որ Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները համանախագահողների համատեղ գործունեության համար դժվարություններ են ստեղծել։

Բայց առավել ևս այն, որ նույնիսկ այս պայմաններում համանախագահները գործում են, այցելություններ են իրականացնում տարածաշրջան և քաղաքական մակարդակով արձանագրում են իրենց հանձնառությունը՝ աջակցել ղարաբաղյան կարգավորմանը, լավատեսության շոշափելի հիմքեր է տալիս»։

Կառավարության ղեկավարը նշեց, որ այս ֆոնին չափազանց կարևոր է Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը, որի առանցքային բաղկացուցիչ է Լաչինի միջանցքի անխափան և անարագել գործելը։

«Այս առումով Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներդրումը անուրանալի է, մյուս կողմից մի շարք դրվագներում տեսնում ենք խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն։ Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու՝ Փառուխի հատված, չափազանց անհանգստացնող փաստ է, որն էական է իրադրության ընդհանուր գնահատման տեսանկետից, և հույս ուննեք, որ խաղաղապահ զորախումբը կապահովի ադրբեջանական ստորաբաժանումների լիարժեք դուրսբերումը»,- ասաց նա։

Փաշինյանը տեղեկացրեց, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մոսկովյան բանակցությունների բովանդակության մասին աշխատանքային կարգով տեղյակ է պահել ԼՂ նախագահին։

«Այս գործելակերպը նորություն չէ, և այսպես վարվել եմ միշտ Ռուսաստանում, Եվրոպայում, Հայաստանում տեղի ունեցած բանակցություններից քննարկումներից հետո։ Արցախի նախագահն էլ իր հերթին ներկայացրել է Արցախի քաղաքական վերնախավին»,- նշեց վարչապետը։

Ըստ Փաշինյանի՝ նա մշտապես պատրաստակամություն է հայտնել այդ բովանդակությունը կիսել նաև խորհրդարանական ընդդիմության հետ, սակայն, նրա խոսքով, վերջիններս հրաժարվում են նմանօրինակ քննարկումներից, «որպեսզի այլազան դավադրության տեսությունների մասին լեգենդներ ստեղծեն և դրանք դնեն իրենց գործունեության հիմքում»։

«2020 թ.-ի նոյեմբերի 9-ից հետո գործնականում իմ ամեն օտարերկրյա այցից առաջ բոլոր հնարավոր ռեսուրսներով լուրեր են տարածվել, թե պատրաստվում եմ Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որով Արցախը պիտի հանձնվի Ադրբեջանին։ Պատասխանատու կերպով ասում եմ, որ այս ընթացքում և այս պահին չի եղել և չկա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ոչ մի նախագիծ, ուշադրություն դարձրեք, ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի։ Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն, Արցախը իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես, Արցախն առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ եթե իրենք Արցախը հանձնող լինեին, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէին ծախսի՝ արցախցիների վերադարձն իրենց տներ ապահովելու համար։

«Բացառում եմ, որ պարզապես գոյություն ունենա ստորագրմանը շատ թե քիչ մոտ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ։ Սա երկաթյա երաշխիք է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ պատերազմի պայմաններում ժամերի, երբեմն րոպեների ընթացքում պիտի որոշում կայացվեր հազարավոր արցախցիների, 25 000 զինվորի կյանքը, Արցախը հայաթափումից փրկելու համար, իսկ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի հետ համեմատությունները պարզապես տեղին չեն, և իրենց քաղաքականությունն ուղղված է նրան, որ ստիպված չլինեն նման պայմաններում որոշումներ ընդունել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter