HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

2016 թ.-ին Մինսկի համանախագահության առաջարկությունները ԼՂ հիմնախնդրի նշաձողն իջեցնելու փաստաթուղթ են․ Փաշինյան

Այս պահին հայ-ադրբեջանական բանակցությունների առարկա հանդիսացող բոլոր թղթերի բովանդակությանը հանրությունը ծանոթ է։ Այս մասին Կառավարության ապրիլի 22-ի նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խոսքն Ադրբեջանի կողմից Հայաստանին փոխանցված 5 կետի մասին է։

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու վերաբերյալ միջազգային հորդորների մասին իմ հայտարարություններին հաջորդած շահարկումներին, թե նախկինում հայտնի չի եղել նման որևէ հորդորի մասին, պիտի տարակուսանքս հայտնեմ այս փաստի առիթով։

Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ 2016 թ.-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներկայացրած առաջարկությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողն իջեցնելու փաստաթուղթ, որովհետև այդ փաստաթղթի առանցքային իմաստը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի հետաձգումն էր անորոշ ժամանակով, անորոշ ասելով՝ նկատի էր առնվում տասնամյակներ, եթե ոչ ավել։

2016թ.-ի առաջարկություններում նշաձողի այդպիսի իջեցում էր նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հարցը, միջազգային ատյաններին արտապատվիրակելու առաջարկը, ընդ որում՝ այնպիսի ատյանների, որոնք նախկինում արդեն դիրքորոշում արտահայտել էին խնդրի մասին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,- հայտնեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ նշաձողն իջեցնելու այդպիսի հորդոր էր ԵԱՀԿ 1996 թ.-ի լիսաբոնյան գագաթաժողովը, 1999թ․ ընդհանուր պետության գաղափարը (հեղ․ Մինսկի խմբի համանախագահները «ընդհանուր պետության» առաջարկը ներկայացրել են 1998-ին), 2001 թ․-ի քիվեսթյան գործընթացը, 2007 մադրիդյան սկզբունքները, որոնց վրա էլ հիմնված էին 2016-ի հունվարի, հուլիսի, օգոստոսի երեք առաջարկները։

«Նշաձողն իջեցնելու ուղիղ և անուղղակի հորդոր են պարունակել 1990-ականներից միջազգային տարբեր ատյաննների ընդունած տարբեր փաստաթղթեր։ Եվ այն, որ այս փաստերի նշանակությունը խնամքով թաքցվել է մեր հանրությունից, չի նշանակում, թե դրանք գոյություն չեն ունեցել։

Այն, որ հնարավորինս շատ քարտեր եմ բացում հանրության առաջ, վկայություն է, որ հանրության առաջ հաշվետու լինելը կարևոր հանգամանք է մեզ համար։ Կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ առումով մեր մարտավարությունը հետևյալն է՝ ապահովել այնպիսի իրավիճակ կամ լուծում, որ արցախցին ապրի Արցախում, և ինչպես ասել եմ, խորհրդարանում իմ ունեցած ելույթում՝ ապրի այնպես, որ իրեն զգա, համարի արցախցի և հայ»,- ասաց նա։

Փաշինյանի հավաստմամբ՝ ԼՂ խնդրի որևէ հանգուցալուծում կամ ԼՂ-ում հաստատված որևէ իրադրություն, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովելու, այլև չի երաշխավորելու, ընդունելի չէ Կառավարության համար և ընդունելի չի լինելու երբեք։

«Սա հարցի առանցքը, մնացածը, կներեք, բաժակաճառ է։ Եվ այն ուժերը, որոնք ուզում են, որ Կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու, և Արցախը հայաթափվելու է, ահա նրանք հանձնել են, հանձնում են, և ոչ միայն Արցախը, նաև՝ Հայաստանը։ Կարող եք վստահ լինել՝ մենք դա թույլ չենք տա անել, Հայաստանի ժողովուրդը թույլ չի տա անել, թույլ չենք տալու զանազան սադրիչ հայտարարություններ, որոնք մեզ խաղաղության օրակարգից շեղելու օրակարգ ունեն, որովհետև համոզված ենք, որ հենց խաղաղության օրակարգն է ապահովելու Հայաստանի ու Արցախի ապագան»,- եզրափակեց վարչապետը։

Կարդացեք նաև՝  

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել ժողովրդի թիկունքում․ Փաշինյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter