HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Ֆրանսիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ կորոշվի Ֆրանսիայի հաջորդ նախագահի հարցը։ Երկրի ողջ տարածքում տեղի ժամանակով 08:00-ից (Երևանի ժամանակով 10:00-ից) բացվել են շուրջ 70 հազար ընտրատեղամասերը։

Ընտրողների ցուցակում գրանցված է շուրջ 48,7 միլիոն ֆրանսիացի։ Ֆրանսիայի կոմունաների մեծ մասում ընտրությունները կշարունակվեն մինչև տեղի ժամանակով 19:00-ն (Երևանի ժամանակով՝ 21:00-ն)։ Այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպես Փարիզում, Լիլում, Մարսելում, Թուլուզում, քվեարկությունը կավարտվի մեկ ժամ ուշ՝ 20:00-ին (Երևանի ժամանակով՝ 22:00-ին)։

Ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում ֆրանսիացիներն ընտրություն կկատարեն երկու թեկնածուի միջև։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն այդ պաշտոնին ընտրվել էր 2017 թվականին, պայքարում է նախագահության երկրորդ շրջանի համար՝ առաջնորդելով իր հիմնադրած «Առաջ Հանրապետություն» կուսակցությունը։ Նրա մրցակիցը՝ պատգամավոր Մարին Լը Պենը, առաջադրվել է «Ազգային միավորում» կուսակցությունից։ 

Մրցակիցները երկրորդ փուլում հանդիպում են արդեն երկրորդ անգամ։ 2017 թվականին Մակրոնը հաղթել էր ընտրությունները՝ հավաքելով ձայների 66,1 %-ը։ Լը Պենին իր նախապատվությունն էր տվել ընտրողների 33,9 %-ը։ Այս անգամ Էմանուել Մակրոնը նախագահական ընտրապայքարին միացավ ավելի ուշ։ Պատճառը ուկրաինական հակամարտության ժամանակ իր դիվանագիտական առաքելությունն ու Եվրամիությունում Ֆրանսիայի նախագահությունն էր։ 

Նախօրեին արդեն իսկ ընտրատեղամասերը բացվել էին Ֆրանսիայի անդրծովյան դեպարտամենտներում։ Բացի այդ, քվեարկել էին նաև արտասահմանում ապրող ֆրանսիացիները, որոնց թվում ամենամեծը Կանադայի ֆրանսիական համայնքն էր։

Ընտրողներին խորհուրդ է տրվել ընտրատեղամասեր այցելելու ժամանակ կրել պաշտպանիչ դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորություն։ Շաբաթ օրը Ֆրանսիայում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 80 000 նոր դեպք։

Որտեղ կընտրեն թեկնածուները

Էմանուել Մակրոնը մտադիր է ընտրել Փարիզից 255 կիլոմետր հյուսիս Պա դե Կալե դեպարտամենտի ծովափնյա Լե Տուկե կոմունայում, որտեղ իր ընտանիքն առանձնատուն ունի։ Շաբաթ օրը, երբ ողջ Ֆրանսիայում հայտարարվել էր լռության օր, Ֆրանսիայի առաջնորդն ու նրա կինը` Բրիջիտ Մակրոնը 1,5 ժամ զբոսնել են լողափին։ Սպասվում է, որ Մակրոնը կընտրի օրվա առաջին կեսին։

Լը Պենն էլ կքվեարկի Էնեն-Բոմոն կոմունայում, որը ևս գտնվում է Պա դե Կալեում։ «Ազգային միավորման» թեկնածուն այնտեղ ապրում է վերջին 15 տարիներին, իսկ հինգ տարի առաջ այնտեղից ընտրվել է Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր։ 

Մասնագետների ակնկալիքները

Թեկնածուները չորեքշաբթի օրն ուղիղ եթերով անց են կացրել ավանդական նախընտրական բանավեճը՝ քննարկելով Եվրամիության հետ փոխհարաբերությունները, միգրացիոն խնդիրները, տնտեսական վիճակն ու բնակչության սպառողական գնողունակությունը, ինչպես նաև նախապատրաստվող կենսաթոշակային բարեփոխումները։ Այս անգամ հեռուստաբանավեճի նկատմամբ հետաքրքրությունն ավելի քիչ է եղել, քան 2017 թվականին։ 

Վերլուծաբանները մտահոգություններ ունեն, որ ընտրողների ակտիվության մակարդակը կարող է վերջին տասնամյակների ամենացածր ցուցանիշը գրանցել։ Ապրիլի 10-ին կայացած առաջին փուլի ժամանակ Մակրոնն ստացել էր ձայների 27,84 %-ը, իսկ Լը Պենը՝ 23,15 %-ը։ Շատ բան կախված կլինի, թե ում օգտին կորոշի քվեարկել Ժան-Լյուկ Մելանշոնի ընտրազանգվածը, որն առաջին փուլի ժամանակ հավաքելով ձայների 22 %-ը, չէր անցել երկրորդ փուլ։ 

Այն բանից հետո, երբ Մակրոնը կմասնակցի քվեարկությանը, նա մտադիր է Փարիզ վերադառնալ։ Անկախ ընտրությունների ելքից՝ երեկոյան Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է Մարսյան դաշտում դիմել իր նախընտրական արշավի ակտիվիստներին։

Լը Պենն էլ Փարիզում իր ընտրողներին կդիմի Էրմենովիլի տաղավարից, որը գտնվում է Բուլոնյան անտառի մոտ։

Սպասվում է, որ առաջին պաշտոնական նախնական արդյունքները հայտնի կլինեն մինչև կեսգիշեր։ Համաձայն Ֆրանսիայում գործող օրենսդրության, մինչև ընտրությունների ավարտը, ցանկացած հարցման արդյունքների կամ ընտրությունների ընթացքի գնահատման հրապարակումն արգելված է։ Օրինախախտներին սպառնում է 75 հազար եվրոյի չափով տուգանք։ Դա տարածվում է նաև արտասահմանյան լրատվամիջոցների վրա։

Լուսանկարը՝ Eric Feferberg-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter