HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդեն. «107 տարի անց ամերիկացի ժողովուրդը շարունակում է հարգել բոլոր հայերին, որոնք զոհ գնացին ցեղասպանությանը»

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարարությամբ, որտեղ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ԱՄՆ նախագահը 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածներն անվանել է ցեղասպանություն։

«1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում Օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականների և համայնքի ղեկավարների ձերբակալությամբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային վայրագություններից մեկը։

Այսօր մենք հիշում ենք մեկ ու կես միլիոն հայերին, որոնք տեղահանվեցին, սպանվեցին կամ ոչնչացման արշավի ընթացքում դուրս եկան մահվան երթի, և սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը։

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը, զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար ազդեցության, իր բոլոր դրսևորումներով։ Մենք կրկին պարտավորվում ենք բարձրաձայնել և դադարեցնել կոտորածները, որոնք աշխարհի վրա մնայուն սպիներ են թողնում։ Միևնույն ժամանակ, սգալով այն ամենի համար, ինչ անհետացավ Մեծ Եղեռնի ընթացքում, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ ապաքինելու և կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհ, որը ցանկանում ենք մեր երեխաներին։ Աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ մոլեռանդության և անհանդուրժողականության չարիքներով չի նշանավորվում մեր ամենօրյա կյանքը, և որտեղ մարդիկ ամենուր ազատ են՝ ապրելու իրենց կյանքն արժանապատիվ ու անվտանգ։

Սա նաև պահն է խոսելու հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին։ Ցեղասպանությունը վերապրելուց հետո հայ ժողովուրդը վճռական էր՝ կառուցելու իր համայնքն ու մշակույթը, շատ հաճախ արդեն նոր տներում և նոր երկրներում, այդ թվում նաև՝ Միացյալ Նահանգներում։

Ամերիկայի հայերը Միացյալ Նահանգների կենսական մասն են։ Նրանք մեր երկիրն ավելի ուժեղ ու ավելի դինամիկ են դարձնում՝ անգամ շարունակելով իրենց մեջ կրել ողբերգական հիշողությունն իրենց նախնիների վերապրածի մասին։ Մենք ճանաչում ենք նրանց ցավն ու հարգում նրանց պատմությունը։

Այսօր՝ 107 տարի անց, ամերիկացի ժողովուրդը շարունակում է հարգել բոլոր հայերին, որոնք զոհ գնացին ցեղասպանությանը»,- ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ անցած տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատարեց իր նախընտրական խոստումներից մեկը՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Այդպես, Ամերիկայի Միացյալ Նահանգները միացավ այն տասնյակ պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում։

Լուսանկարը՝ JIM WATSON/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter