
Exit poll-ի արդյունքներով՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում առաջատարն Էմանուել Մակրոնն է
Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնն առաջատարն է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 55-58 %-ը։ Հարցումների արդյունքները, РИА Новости-ի փոխանցմամբ, հրապարակել է բելգիական LN24 հեռուստաընկերությունը։
Ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հավաքել է 42-45 %։
Հեռուստաընկերությունը հղում է անում «հանրային կարծիքի ուսումնասիրման չորս հեղինակավոր կենտրոնների վրա», որոնք հարցումներ են արել այն ֆրանսիացիների շրջանում, որոնք քվեարկել են մինչև տեղի ժամանակով 17:00-ն (Երևանի ժամանակով 19:00-ն)։
Համաձայն Ֆրանսիայում գործող օրենսդրության՝ մինչև ընտրությունների ավարտը, ցանկացած հարցման արդյունքների կամ ընտրությունների ընթացքի գնահատման հրապարակումն արգելված է։ Օրինախախտներին սպառնում է 75 հազար եվրոյի չափով տուգանք։
Ֆրանսիայում ընտրատեղամասերը բացվել էին առավոտյան 08:00-ին։ Ընտրողների ցուցակում գրանցված է շուրջ 48,7 միլիոն ֆրանսիացի։ Ֆրանսիայի կոմունաների մեծ մասում ընտրությունները ավարտվել են տեղի ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00-ին)։ Այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպես Փարիզում, Լիլում, Մարսելում, Թուլուզում, քվեարկությունը ավարտվել է մեկ ժամ ուշ՝ 20:00-ին (Երևանի ժամանակով՝ 22:00-ին)։
Ֆրանսիայի նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով։ Ապրիլի 10-ին կայացած ընտրությունների առաջին փուլի ժամանակ Մակրոնը ստացել էր ձայների 27,84 %-ը, իսկ Լը Պենը՝ 23,15 %-ը։ Շատ բան կախված կլինի, թե ում օգտին է քվեարկել Ժան-Լյուկ Մելանշոնի ընտրազանգվածը, որն առաջին փուլի ժամանակ հավաքելով ձայների 22 %-ը, չէր անցել երկրորդ փուլ։ Ինքը՝ Մելանշոնը, կոչ էր արել քվեարկել Մակրոնի օգտին։
Լուսանկարը՝ Gonzalo Fuentes / Pool Reuters / AP / dpa
Մեկնաբանել