
Արմավիրի մարզի մանկապարտեզների 28,1%-ը լիցենզավորված չէ
Արմավիրի մարզում համայնքային ենթակայության 64 մանկապարտեզ կա, որոնցից 18-ը լիցենզիա չի ստացել մասնագետների պակասի կամ ոչ համապատասխան կրթություն ունենալու, ինչպես նաև շենքերի փաստաթղթերի թերի լինելու պատճառով:
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ Նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող ցանկացած կազմակերպություն՝ անկախ սեփականության ձևից ու հիմնադրից, ենթակա է լիցենզավորման՝ համաձայն Կառավարության սահմանած լիցենզավորման կարգի։
Կառավարության 2009թ. թիվ 808 որոշմամբ հստակ չափորոշիչներ են սահմանվում լիցենզավորման համար:
Նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնելու համար լիցենզիան տալիս կամ մերժում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Կառավարության որոշմամբ՝ լիցենզավորման պարտադիր պահանջների մեջ է մտնում հաստատության մանկավարժական կազմի համապատասխանությունը ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերի պահանջների: Մանկավարժական կազմի առնվազն 80%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը պետք է հանդիսանա հիմնական աշխատավայրը:
Հաջորդ պարտադիր պահանջը վերաբերում է շենքային պայմաններին, այդ թվում՝ տարածքների նկատմամբ իրավունքը (uեփականության, վարձակալության, անհատույց oգտագործման) հաuտատող փաuտաթղթերի առկայությանը:
Արմավիրի մարզի 17 մանկապարտեզ լիցենզիա չի ստացել վերը նշված երկու պարտադիր պահանջը չկատարելու պատճառով:
Մասնավորապես, Արմավիրի մարզպետարանից «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ամբողջությամբ լիցենզավորված են միայն Էջմիածնի մանկապարտեզները: Արմավիր քաղաքի 11 մանկապարտեզ ևս լիցենզավորված է, սակայն 2021թ. համայնքների խոշորացումից հետո Արմավիրին են միացել գյուղական համայնքներ, որոնցից երկուսում՝ Մյասնիկյանում և Լուկաշինում, մանկապարտեզները լիցենզավորված չեն:
Մյասնիկյան գյուղի մանկապարտեզի 4 դաստիարակները, որոնցից մեկը՝ երաժիշտ է, չունեն համապատասխան կրթություն: Մարզպետարանի փոխանցմամբ՝ այդ մանկապարտեզները գործունեություն չեն ծավալում:
Բաղրամյան խոշորացված համայնքում գործում է 6 մանկապարտեզ, որից 4-ը լիցենզավորված չէ: Մեծամորում լիցենզավորված չէ 17 մանկապարտեզից 7-ը, Խոյում 3-ից մեկը և այլն:
Մարզի 9 մանկապարտեզի աշխատողների մի մասը չունի համապատասխան կրթություն: Խոյ խոշորացված համայնքի կենտրոնը համարվող Գեղակերտ համայնքի մանկապարտեզը լիցենզիա չի ստացել համապատասխան մասնագետներ չունենալու պատճառով: Այստեղ համապատասխան կրթություն չունեն տնօրենն ու դաստիարակը:
Մանկապարտեզը գործում է երկու խմբով: Շենքը, ինչպես նաև բակում գտնվող խոհանոցն ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել են համայնքի միջոցներով: Մանկապարտեզի և խաղահրապարակի գույքը տրամադրվել է բարեգործների կողմից:
Բաղրամյան խոշորացված համայնքի Դալարիկ գյուղի մանկապարտեզի 8 դաստիարակներից 5-ը չունեն համապատասխան կրթություն, այլ կերպ ասած՝ չեն համապատասխանում պահանջներին, իսկ նույն համայնքի Շենիկ գյուղի մանկապարտեզի 4 դաստիարակից 2-ը չի համապատասխանում և այլն:
Ինչ վերաբերում է շենքային գործոնին, ապա 10 մանկապարտեզում առկա են եղել նաև փաստաթղթային անհամապատասխանություններ կամ շենքը սեփականության վկայական չի ունեցել:
Մասնավորապես, Մեծամոր համայնքի Այգեշատ, Նոր Արմավիր գյուղերի մանկապարտեզները չունեն համապատասխան փաստաթղթեր: Նույնը նաև Արաքս համայնքի Ջրառատ, Բաղրամյան համայնքի Լեռնագոգ, Արգինա, Շենիկ գյուղերի մանկապարտեզների դեպքում է:
Արմավիրի մարզպետարանից հայտնում են, որ մարզպետի կողմից պարբերաբար շրջաբերական գրություններով առաջարկվել է համայնքների ղեկավարներին` նախադպրոցական կրթական ծրագրի լիցենզավորումն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս հարցը քննարկվել է նաև այս տարվա մարտի 22-ի մարզխորհրդի նիստի ժամանակ: Համայնքի ղեկավարները նշել են, որ հատկապես գյուղական բնակավայրերում դժվար է մասնագետ գտնելը, այդ իսկ պատճառով չեն կարողանում գործընթացն ամբողջությամբ ավարտին հասցնել:
Մեկնաբանել