Մեկ ամսում սպառողական գների ինդեքսն աճել է 1,8%-ով. ամենացածր ցուցանիշը ԵԱՏՄ-ում
Ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսը ԵԱՏՄ-ում 2022թ. մարտին փետրվար ամսվա համեմատ աճել է 6,9%-ով, իսկ նախորդ տարվա՝ 2021թ մարտի համեմատ՝ 15,9,%-ով։
2021թ. մարտի համեմատ ԵԱՏՄ երկրներում գների զգալի աճ նկատվել է ոչ պարենային ապրանքների մասով՝ 18,7%-ով, պարենային ապրանքները թանկացել են 17,4%-ով։
Վճարովի ծառայությունների գները նույն ժամանակահատվածում աճել են 9,7%-ով։
Աճը նկատվել է հիմնականում Ռուսաստանի ցուցանիշների հաշվին։ Մասնավորապես, ԵԱՏՄ երկրներում պարենային ապրանքների գների ամենաբարձր աճը գրանցվել է Ռուսաստանում. այն թանկացել է 10%-ով։
Ոչ պարենային ապրանքների գների ամենամեծ աճը նույնպես Ռուսաստանում է՝ 12,9%-ով և Բելառուսում՝ 12,1%-ով։ Վճարովի ծառայությունների գների ամենամեծ աճը է գրանցվել Բելառուսում՝ 8,9% և Ռուսաստանում՝ 6%։
Ոչ պարենային, պարենային ապրանքներն ու վճարովի ծառայությունները Հայաստանում նույնպես թանկացել են, սակայն ԵԱՏՄ երկրների համեմատ, թանկացումն ամենացածրն է։
2022թ. մարտին փետրվար ամսվա համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 1,8%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 7,4%-ով։ Սրանք ամենացածր ցուցանիշներն են ԵԱՏՄ այլ երկրների համեմատ։
Պարենային ապրանքները Հայաստանում մեկ ամսում՝ 2022 փետրվար-մարտ ամիսներին, թանկացել են 2,2%-ով։ Սա դարձյալ ամենացածր աճն է ԵԱՏՄ երկրներում։ Նախորդ տարվա մարտի համեմատ՝ պարենային ապրանքները Հայաստանում թանկացել են 12,3%-ով։
Ոչ պարենային ապրանքները մեկ ամսում թանկացել են 1%-ով, նախորդ տարվա մարտի համեմատ՝ 4,8%-ով. կրկին՝ նվազագույն աճը ԵԱՏՄ-ում։
Վճարովի ծառայությունները Հայաստանում նույնպես թանկացել են։ Մասնավորապես, 2022թ մարտին փետրվար ամսվա համեմատ վճարովի ծառայությունների արժեքն աճել է 1,7%-ով, մեկ տարում՝ 3,3%-ով։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում սպառողական գների ինդեքսում աճը գրանցվել է ամենաշատը բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների հաշվին, որոնք 2022թ. մարտին փետրվարի համեմատ թանկացել են 3,1%-ով։
Հաջորդ՝ ամենաշատ թանկացած ծառայությունը հանգիստն է՝ 2,6%-ով, ապա՝ սնունդն ու ոչ ալկոհոլային խմիչքները՝ 2,3%-ով։
Չի թանկացել կրթությունը, իսկ ամենաքիչը մեկ ամսում թանկացել են հագուստն ու կոշիկները՝ 0,1%-ով, կապը՝ 0,3%-ով, ռեստորաններն ու հյուրանոցները՝ 0,5%-ով։
Գլխավոր լուսանկարը՝ ua.news-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել