HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 61-րդ օրը (երեկոյան ամփոփում)

61-րդ օրն է՝ Ուկրաինայում շարունակվում են պատերազմական գործողությունները։ Ամփոփ՝ այն մասին, թե ինչ է եղել ապրիլի 25-ի ընթացքում։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Ուկրաինայում զոհվել է մոտ 15 000 ռուսաստանցի զինվորական

Այդպիսի հայտարարություն Ուոլեսն արել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների առաջ ելույթի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերել է BBC-ն։

«Մեր գնահատականներով՝ նրանց հարձակման ժամանակ զոհվել է մոտ 15 000 ռուսաստանցի զինծառայող։ Զոհերի թվին զուգահեռ, կա տեխնիկայի կորուստ և, ընդհանուր առմամբ, մի շարք աղբյուրներ ենթադրում են, որ այսօր ոչնչացվել կամ գրավվել է ավելի քան 2000 միավոր զրահատեխնիկա։ Առնվազն 530-ը տանկեր են, 530-ը՝ զրահափոխադրիչներ և 560-՝ը հետևակի մարտական մեքենաներ։ Ռուսաստանը կորցրել է նաև ավելի քան 60 ուղղաթիռ և կործանիչ։ Հարձակումը, որը պետք է տևեր առավելագույնը մեկ շաբաթ, հիմա արդեն ձգվում է բազում շաբաթներ»,- հայտարարել է Ուոլեսը։

Վերջինս կարծում է, որ Ուկրաինայում պատերազմի հաջորդ երեք շաբաթները «կրիտիկական կլինեն»։

Մարիուպոլից 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է խաղաղ բնակիչների թաղման զանգվածային նոր վայր։

Փորված խրամատները Ստարի Կրիմ գյուղի գերեզմանատան տարածքում են, որը գտնվում է ռուսական վերահսկողության տակ։ Դրանք երևում են նաև արբանյակային նոր լուսանկարներում։

Ռուսական զորքերը գրավել են Լուգանսկի մարզի Նովոտոշկովսկոյե գյուղը։

Այդ մասին հայտարարել է մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։ Գյուղը գտնվում է Լիսիչանսկից դեպի հարավ։ Նա նշել է, որ գյուղը գրավել են «ավիահարվածներով շարունակական ոչնչացումից» հետո։

«Շրջանի մյուս բնակավայրերի համար շարունակվում են մարտերը, հակառակորդի մարտավարությունը նույնն է՝ «ամեն ինչ հավասարեցնում են հողին»»,- հայտարարել է Գայդայը։

Ռուսաստանն արտաքսել է Գերմանիայի 40 դիվանագետի

Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Մարտի 25-ին ԱԳՆ էր կանչվել Մոսկվայում Գերմանիայի դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գայրը։ Նրան փոխանցել էին նոտա այն մասին, որ Ռուսաստանում Գերմանիայի դիվանագիտական առաքելությունների 40 աշխատակիցներ ճանաչվել են պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ)։ 

Ապրիլի 4-ին Գերմանիայի իշխանությունները հայտարարել էին այդ երկրում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների 40 աշխատակիցների արտաքսման մասին։ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկը նշել էր, որ դիվանագետների արտաքսման պատճառը Բուչայում և Կիևի արբանյակ մյուս քաղաքներում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն էին։

Ռամզան Կադիրովի խորհրդական Ապտի Ալաուդինովը հայտնել է Ռուբեժնոյե քաղաքի գրավման մասին։

Լուգանսկի մարզի քաղաքի գրավման մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Չեչնիայի ղեկավարը։

«Շնորհավորում եմ Ռուբեժնոյե քաղաքի բնակիչներին՝ հանցագործ ռեժիմից ազատագրվելու համար»,- նշվում է Կադիրովի գրառման մեջ։

ԵԱՀԿ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Ուկրաինայում հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատակիցներին։

Նրանք ձերբակալվել էին ապրիլի 24-ին Դոնբասում։ 

Ինչպես CNN-ին հայտնել են ԵԱՀԿ ներկայացուցիչները, առաքելության աշխատակիցների ազատ արձակման ջանքերը դեռևս արդյունք չեն տվել։

«Դոնեցկում և Լուգանսկում առաքելության աշխատակիցների ձերբակալությունն անընդունելի է»,- նախօրեին հայտարարել էր ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն։

ԵՄ երկրները քննարկում են հերթական պատժամիջոցների շրջանակներում ռուսական նավթի և գազի ներկրումից հրաժարվելու հնարավորությունը։

Սակայն, ինչպես հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, այդ հարցով համաձայնության հասնել չի հաջողվել։ Reuters-ը գրում է, որ, Բորելի կանխատեսմամբ, մինչև Եվրամիության գագաթնաժողով, որը նշանակվել է մայիսի 30-31-ը, որևէ որոշում չի ընդունվի։

Ռուսաստանը Եվրամիություն նավթի խոշորագույն մատակարարն է։ 2020 թվականին ՌԴ-ին բաժին է հասնում ԵՄ նավթի մատակարարումների մեկ քառորդը։

Բորելը նաև հայտարարել է, որ ԵՄ երկրները համատեղ աշխատում են ռուսական էներգակիրներից ունեցած կախվածությունից ազատվելու ուղղությամբ։ «Ինչ-որ պահի դա տեղի կունենա, և այդ ժամանակ Ռուսաստանը կզգա նավթագազային արտահանումից եկամուտների ցավալի կորուստը»,- կարծում է նա։

ՌԴ ԱԳՆ-ն տեղեկություններ չունի Խերսոնում նախապատրաստվող հանրաքվեի մասին։

«Ոչինչ չենք լսել»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Ավելի վաղ, ուկրաինական իշխանությունները բազմից հայտարարել էին, որ ռուսական վերահսկողության տակ անցած տարածքներում, այդ թվում՝ Խերսոնի մարզում, նախապատրաստվում է անցկացնել «ժողովրդական հանրապետությունների» ստեղծման հանրաքվեներ։

Լուսանկարը՝ Serhii Nuzhnenko/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter