
Փողոցի և խորհրդարանի միջև
Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակն ապացուցելու խնդիր չունի: Երբ ընդդիմությունը հայտարարում է, որ ընտրությունները համատարած կեղծվել են, նշանակում է` նա խնդիր ունի ապացուցելու, որ ՀՀԿ-ն չի հաղթել: Ընտրություններից հետո անցել է արդեն 10 օր: Եվ չնայած մի քանի ընտրատեղամասերի բացմանը, ՀԱԿ-ի կողմից ՍԴ դիմելուն, ընդդիմադիր ուժերը չկարողացան այնպիսի համոզիչ ու հիմնավոր փաստեր ներկայացնել, որ գոնե հանրային ընկալման տեսանկյունից ՀՀԿ-ի բացարձակ հաղթանակը դրվեր կասկածի տակ:
Այս իմաստով ընդդիմությունը եռակի պարտություն կրեց. ֆորմալ իմաստով այն խորհրդարանում առավելագույնը 17 պատգամավոր կունենա, այսինքն՝ քաղաքական որոշումների կայացման վրա գրեթե ոչ մի իրական ազդեցություն չի կարող ունենալ: Ոչ ֆորմալ իմաստով`չկարողանալով ապացուցել ընտրությունների արդյունքների կեղծումը` ընդդիմությունն ուղղակի թե անուղղակի կերպով լեգիտիմացրեց ՀՀԿ-ի հաղթանակը, իսկ ավելի ճիշտ` իշխանության վերարտադրումը: Եվ երրորդ` նախընտրական շրջանում ընտրակեղծիքների դեմ պայքարը, ՀՀԿ-ին քաղաքական մոնոպոլիայից զրկելը դարձնելով լեյտմոտիվ ու նպատակ, բայց չկարողանալով գոնե մասամբ հասնել այդ նպատակին` ընդդիմությունն իր ողջ սպեկտրով հանդերձ ապացուցեց, որ լուրջ խնդիրներ լուծելու ունակություն չունի: Այն գրեթե ամբողջությամբ վատնել է իր հանրային վստահության ռեսուրսը: Եվ դա է պատճառը, որ հանրությունը այս դաշտում հենման կետ որոնելու, ընդդիմադիր ուժերի հետ դաշնակցելու փոխարեն տրվեց իշխանական մանիպուլյացիային և գնաց կեղծ այլընտրանքի ետևից, ինչպիսին էր ԲՀԿ-ն:
Հանրությունը գնաց այդ ընտրանքին, որովհետև նրանից առաջ այդ կեղծ այլընտրանքին հավատաց ու գնաց նաև ընդդիմությունը: Այս ամենի ֆոնին արդեն ոչ մի նշանակություն չունի` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» կվերցնե՞ն իրենց բաշխված մանդատները, թե՞ ոչ: Որովհետև «պատերազմի» հիմնական մարտում նրանք տանուլ են տվել, և հետագա բոլոր քայլերը ընդամենը լինելու են մարտավարության տիրույթում` ավելի մեծ պարտություն չկրելու և լուսանցք չանցնելու համար: Բայց մեծ հաշվով այս ուժերն ընտրություն չունեն. նրանք պետք է վերցնեն մանդատները: Խնդիրն այն է, որ չվերցնելու քայլն ինչ-որ կերպ պետք է հիմնավորեն: Միակ տրամաբանական հիմնավորումը լինելու էր ընտրությունների արդյունքները չընդունելը: Իսկ այդ արդյունքները կարելի էր չընդունել միայն այն դեպքում, երբ բավարար ապացույցներ բերվեին, որ ընտրությունները լեգիտիմ չեն: Նման ապացույցներ նրանք չեն կարողացել հավաքել և չեն կարող ներկայացնել: Դրանից դուրս մնացած ամեն ինչ զուտ տեսական է և իրական քաղաքականության տեսանկյունից` անտրամաբանական:
Խորհրդարան գնալը տվյալ դեպքում ընդամենը առկա իրողությունների և ապացույցների անբավարարության արդյունքում կրած պարտության վավերացում է լինելու, որը հետևանք է, այլ ոչ թե պատճառ: Հարկ է հաշվի առնել, թե ինչ են շահելու ընդդիմությունը և հասարակությունը, եթե ընդդիմադիր ուժերը բոյկոտեն և հրաժարվեն մանդատներից: Խորհրդարան չգնալու այլընտրանքը փողոցային պայքարն է: Անցած տարիներին քաղաքական պայքարի այս ձևն իրեն գրեթե ամբողջությամբ սպառել է: Որովհետև հանրությունը շատ լավ հասկացավ, որ դա չի խանգարում պայքարն առաջնորդող քաղաքական ուժերին` իրենց թիկունքում իշխանության հետ սեպարատ բանակցությունների գնալու և պայմանավորվածություններ ձեռք բերելու: Հանրությունը չի հավատում փողոցային պայքարին, որովհետև երբևէ չի տեսել, որ դրանք ուղղակիորեն կապված լինեն իր կենսական շահերի ու հետաքրքրությունների հետ: Հանրությունը գրեթե միշտ բախվել է այն իրողությանը, որ իր այդ շահերն ու հետաքրքրությունները միայն շահագործվել են քաղաքական ուժերի կողմից` իրենց մասնավոր, խմբակային հետաքրքրությունները բավարարելու համար: Այսինքն` այս ճանապարհն ընտրելու պարագայում իրենց ընդդիմադիր համարող ուժերը պետք է սկսեն ոչ թե զրոյից, այլ մինուսից, իսկ նման ցանկություն և կարողություն նրանք չունեն:
Այս ընթացքում քաղաքական տարբեր հոսանքների, գաղափարախոսությունների դավանող ուժերի կոնսոլիդացման միակ մոտիվացիան իշխանության վերարտադրումը թույլ չտալն էր: Բայց դա չհաջողվեց հենց այն պատճառով, որ փոխադարձ անվստահությանն ավելի մեծ տեղ տվեցին, քան ընդհանուր շահերին: Այս բզկտված ներուժով փողոցում լայն հասարակական շարժում առաջացնելն անիրական է: Իշխանությունը միշտ հղում է կատարելու ընտրությունների արդյունքներին` ցույց տալու, որ ընդամենը 17 տոկոս վստահության քվե ունեցող ուժերի փողոցային պայքարը հասարակության փոքրամասնության պայքար է: Այսինքն` ԱԺ-ի բոյկոտումը և փողոց դուրս գալը քաղաքական խնդիր կարող է լուծել միայն այն դեպքում, եթե ԲՀԿ-ն ևս հրաժարվի իր մանդատներից և մյուս ուժերին իր շուրջը համախմբելու նախաձեռնություն ցուցաբերի: Իսկ այս պահին հանրային ու քաղաքական կոնսոլիդացիա կարող է ապահովել միայն ԲՀԿ-ն, որը, սակայն, նման նպատակներ չի կարող ունենալ` հենց կեղծ այլընտրանք լինելու պատճառով:
Մյուս կողմից` այս ընտրությունները ցույց տվեցին, որ իրական խնդիրը հատկապես ընդդիմության և քաղաքականության նկատմամբ հանրային վստահության դեֆիցիտի մեջ է: Մարդիկ չեն հավատում, որ քաղաքականությունը, ընտրելու իրավունքի իրացումը իրենց կյանքի որակը փոխելու լավագույն կամ գոնե արդյունավետ միջոցն է: Հասարակության մեծամասնությունը նախընտրում է դառնալ ընտրակեղծարարության հանցակիցը և գոնե իր համար թեկուզ թվացյալ, նվաստացուցիչ, բայց նվազագույն օգուտներ քաղել, քան նորից խաղալիք դառնալ թե իշխանության և թե ընդդիմության ձեռքին ու մնալ ձեռնունայն: Առանց վստահության այս ռեսուրսը վերականգնելու` ընդդիմությունը երբեք հաջողության չի կարողանալու հասնել:
Փողոցային պայքարը քաղաքականություն չէ, այլ շարժում, որի շարժիչ ուժը հասարակությունն է: Երբ այդ շարժիչը չի աշխատում, փողոցը չի կարող դառնալ քաղաքականության նկատմամբ վստահության վերականգնման միջավայր: Իրական քաղաքականությունը կերտվում է խորհրդարանում, ամբիոնների, կլոր սեղանների առաջ, հրապարակային գործունեության արդյունքում, որը միս ու արյուն է ստանում հրապարակներում, փողոցներում քաղաքացիական նախաձեռնություններին ու պայքարին աջակցելու, հանրությանը ակտիվացնելու միջոցով: Սրանք միջոցներ են` ոչ միայն իրական գործողությունների միջոցով ապացուցելու իրենց հետևողականությունն ու սկզբունքայնությունը, այլև նպատակների հիմքում դնելու քաղաքացու և հանրության շահը: Անցած գումարման խորհրդարանում «Ժառանգություն» կուսակցությունը բոյկոտեց 2011թ. մի ամբողջ նստաշրջան:
Դրանից ոչինչ չշահեց, թեև Աժ ամբիոնը «Ժառանգությունը» փորձեց փոխհատուցել Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի ծոմապահությամբ ու այսպես կոչված ապակենտրոն ընդդիմություն ձևավորելու ուտոպիական նպատակի կենսագործման անհաջող փորձի միջոցով: Հետագայում, չհասնելով ոչ մի արդյունքի, «Ժառանգությունը» վերադարձավ խորհրդարան: Դրանից հետո ՀՅԴ-«Ժառանգություն» փոքր տանդեմը մի քանի օրենսդրական նախաձեռնություններով և քաղաքական մեծամասնությանը ցույց տված դիմադրության որակով կարողացավ ցույց տալ, որ բավարար հետևողականության դեպքում կարելի է նաև փոքրիկ արդյունքների հասնել: Խնդիրը ոչ թե խորհրդարանի և փողոցի միջև ընտրություն կատարելն է, այլ այս միջոցների ճիշտ ու նպատակային զուգակցումը և ամենակարևորը` հանրության հետ ազնիվ և անկեղծ երկխոսությունը: Ամբողջ հարցը հետեւյալն է՝ կա՞ այս գիտակցումը, թե՞ ոչ:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել