HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհվածների հարազատները պահանջում են Փաշինյանի դեմ գործում իրենց ներգրավել որպես տուժողի իրավահաջորդ

Մարետա Բալայանը Արցախյան երկրորդ պատերազմում կորցրել է իր երկու որդուն՝ Վահեին և Դավիթին։ Երկուսն էլ զոհվել են նույն օրը՝ հոկտեմբերի 11-ին, Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում։

Այսօր նրանց մայրը մասնակցում էր զոհվածների հարազատների կազմակերպած ակցիային՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման և նրա դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։

Ելիզավետ Օհանջանյանը նույնպես ակցիայի մասնակիցներից էր։ Նրա որդին սեպտեմբերի 30-ին կամավորագրվել է և մեկնել Ջրական, այնուհետև մասնակցել Իշխանաձորի մարտերին։ Մայրը պատմում է, որ վերջին անգամ որդու հետ խոսել է հոկտեմբերի 20-ին։ Հենց այդ օրն էլ վիրավորվել ու զոհվել է։

Զոհվածների հարազատները՝ որդիների նկարները ձեռքներին, Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկեցին իրենց երթը, հասնելով Կառավարություն՝ նրանք արյունոտ ձեռքերով շապիկներ դրեցին Կառավարության շենքի աստիճաններին, որից հետո գնացին Դատախազություն։

«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը հայտնեց, որ պահանջելու են՝ քրեական գործում զոհվածների ծնողները ներգրավվեն որպես տուժողի իրավահաջորդ։

«Մեզ կանչել են Դատախազություն, զրուցել ենք դատախազ Մուրադյանի հետ, մեզ ասաց, որ նույն անձի՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ևս 4 հաղորդում է եղել հանցագործության մասին, դրանց ընթացք է տրվել, և իրականացվում է  քննություն։ Մեր ներկայացրած հաղորդումը նույնպես միանալու է այդ գործերին»,- նշեց զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մորաքույրը՝ Անահիտ Մանասերյանը։

Ծնողներն ասացին, որ Նիկոլ Փաշինյանի ելույթի մեջ կար զանգվածային սպանության մասին խոստովանություն, իրենք պահանջում են, որ գործը քննվի առանձին և հետևողական են լինելու, որ պատշաճ քննություն իրականացվի։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դուրս էր եկել Դատախազության շենքից՝ զոհվածների հարազատների պահանջը լսելու։ 

Արթուր Դավթյանի խոսքով՝ եթե խոսքը վերաբերում է օրեր առաջ ծնողների ներկայացրած հաղորդմանը, դատախազական բոլոր հնարավոր գործիքակազմը կիրառվում է օբյեկտիվ քննություն իրականացնելու, վերջնական իրավական գնահատական տալու համար։

«Խնդիրն առաջացավ այն պահից, երբ վարչապետն ԱԺ ամբիոնից ձևակերպում արեց, որ «կարող էինք կանխել պատերազմը, որի հետևանքով մենք կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»։ Այստեղից հարցադրում առաջացավ շատերի մոտ, որ միայն այս ձևակերպումը բավարար է, որ մեղադրանքի նկարագրություն ներկայացվի: Իսկ ես հիմա հակառակն ասեմ, եթե առանց պաշտպանություն կազմակերպելու մեր հայրենիքից տարածքներ զիջվեին, նույն տրամաբանությամբ մեղադրանքի որոշում չէ՞ր գրվի»,- հայտնեց Դավթյանը։

Ծնողներն ընդհատեցին գլխավոր դատախազին, որից հետո նա առաջարկեց հանդիպել 10 ծնողի հետ, սակայն նրանք չհամաձայնեցին։

«Նախաքննության մարմինը փորձելու է զոհվածների մահվան պատճառները վերագրել ադրբեջանական ագրեսիային, և տուժող չճանաչել նահատակներին և իրենց հարազատներին էլ՝ իրավահաջորդներ, որովհետև տուժողի իրավահաջորդները դատավարական իրենց կարգավիճակներով կարող են որոշակի ազդեցություն ունենալ դատավարության վրա։ Այս պահանջով փորձ է արվում իրենց հնարավոր շրջանցումը վերացնել»,- նշեց իրավապաշտպան Արա Զոհրաբյանն՝ ասելով, որ միակ ձևը հասարակական ճնշումն է։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների ծնողներն ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանի դեմ՝ իր իսկ հայտարարությունների համար հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել Դատախազություն։

«Ինձ ասում էին՝ կարո՞ղ էինք կանխել պատերազմը, այո՛, կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»,- ասել էր Փաշինյանը։

Մեկնաբանություններ (1)

Hasmik Gregoryan
Is there a government in Armenia? The country is controlled by clowns, busy borrowing money from European banks for their personal use.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter