HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մահ անապատում».  գերմանացի գրող Ռոլֆ Հոսֆելդի գիրքը Հայոց ցեղասպանության մասին թարգմանվել է հայերեն 

«Աղետ». այս գլխով է սկսվում գերմանացի գրող, Յոհաննես Լեփսիուսի տան տնօրեն Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում» գիրքը Հայոց ցեղասպանության մասին։ Հեղինակը 25 տարի ուսումնասիրել է Հայաստանի պատմությունը, մանրամասն անդրադարձել ցեղասպանությանը։ 2015-ին լույս տեսած «Մահ անապատում» գիրքն այս թեմայով նրա 2-րդ աշխատությունն է. դրանից առաջ նա հրապարակել էր «Նեմեսիս գործողությունը. Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը»։ 

Ապրիլի 26-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որի հայերեն թարգմանությունն իրականացվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Պոտսդամում Լեփսիուսհաուզ տուն-արխիվի աջակցությամբ։

Գիտական աշխատանք լինելով՝ «Մահ անապատում»-ը  շարադրված է պարզ եւ հասկանալի։ Պոտսդամում Լեփսիուսհաուզ տուն-արխիվի գիտաշխատող Հայկ Մարտիրոսյանը 4 տարի՝  մինչեւ  Ռոլֆ Հոսֆելդի մահը, համագործակցել է հեղինակի հետ․ «Ռոլֆի համար պարզ էր, որ ինքը պետք է թակի հասարակ գերմանացու դուռը, պարզ էր, որ գրքի լսարանը պետք է ընդգրկեր ավելի լայն շրջանակ, քան գիտնականները եւ պատմաբաններն են»։ 

Առաջին իսկ նախադասությամբ հեղինակն իբրեւ աղբյուր մեջբերում է ցեղասպանության ականատեսներին, ապա հղում է անում այլ աղբյուրների։ Գրքում կարմիր թելի նման անցնում է Հայոց ցեղասպանության համար Գերմանիայի պատասխանատվության հարցը։ 

Ինչպես Հայկ Մարտիրոսյանն է բնորոշում, «Հայաստանի իրական բարեկամ» Հոսֆելդը երկար էր սպասել հայերեն թարգմանությանը, անգամ գրքի թուրքերեն տարբերակն էր լույս տեսել, իսկ հայերենը՝ ոչ։  «Մահ անապատում»-ի թարգմանությունը 2015-ին չիրականացավ, ասում են՝ որակը չէր բավարարում պահանջներին։ 

«Անցած տարի գարնանը մի զանգ եմ ստանում Լիանա Մարուքյանից  (խմբ. Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար), ապա արագ zoom-ով քննարկում ենք, եւ սկսվում է գրքի թարգմանության նոր փուլը»,- պատմում է Հայկը։

Գրքի համաթարգմանիչ, բանասիրական գիությունների թեկնածու, Մատենադարանի աշխատակից Ալա Խառատյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերախմբագրման առաջարկ է ստացել, բայց հետո պարզել, որ հին թարգմանությունը չի կարող օգտագործել․ «Առաջին 3 գլուխը պետք էր զրոյից թարգմանել։ Մոտ 6 ամիս անց հաջողվեց ստանալ արդեն ամբողջական տարբերակը։ Քանի որ հեղինակն օգտվել էր թուրքական, արաբական աղբյուրներից, ստիպված էինք գնալ, գտնել բուն աղբյուրը, որ հասկանայինք՝ ինչի մասին է խոսքը։ Իսկապես տիտանական աշխատանք էր»։ 

Հոսֆելդը մինչ իր մահը հետեւել է գրքի հայերեն թարգմանության ընթացքին, տեղեկացել, որ գրեթե վերջացնում են խմբագրումը։

Հայող ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր տնօրեն Հարություն Մարությանը համարում է, որ այս գիրքը նոր լույս է սփռում 1915թ. Դեպքերի վրա։ Նա մեզ հետ զրույցում կարեւորեց երիտասարդ սերնդի ներգրավվածծության հարցը նման իրադարձություններին. «Շատ հայ երիտասարդների համար Ցեղասպանությունը մնացել է սիմվոլիկ գիտելիքի շրջանակներում։ Դրա մասին է վկայում նաեւ այն, որ շատ քիչ հայ երիտասարդ այցելուներ ունենք թանգարանում»։

Թանգարանում պարբերարաբար կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ, եւ Հարություն Մարությանն ակնկալում է, որ երիտասարդությունը եւս կհետաքրքրվի դրանցով։ 

Սեդա Առաքելյան

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter