HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանը պարտավոր է առաջ տանել հակաիրանական գործողությունները՝ նաեւ իր դաշնակիցներին գոհացնելու համար»

Վերջերս Շուշիում տեղի ունեցած «աշխարհի ադրբեջանցիների համագումարի» ժամանակ հնչել են ոչ միայն հակահայկական, այլեւ հակաիրանական  հայտարարություններ։ Ադրբեջանցիները բացահայտ խոսում են ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի նկատմամբ տարածքային հավակնությունների մասին։ Իրանագետ Գարիկ Միսակյանից հետաքրքրվել ենք, թե Իրանը պաշտոնական եւ ոչ պաշտոնական մակարդակում ինչպես է արձագանքել այս նկրտումներին։

Միսակյանը նշում է, որ պաշտոնական արձագանք իրանական կողմից, կարծես, չի եղել, փոխարենը ոչ պաշտոնական շրջանակները՝ լրատվական կայքեր, քաղաքական վերլուծաբաններ, ցածր մակարդակի քաղաքական գործիչներ, բավականաչափ քննադատել են ոչ միայն այդ հայտարարությունները, այլեւ իրանական կառավարության, մասնավորապես՝ արտաքին գործերի նախարարության լռությունն այդ առնչությամբ։ Իրանի ԱԳՆ-ի գործողություններից դժգոհություններ են եղել նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ իշխանությունները մեղադրվել են չեզոքություն պահելու մեջ։ Միսակյանն ասում է՝ Իրանում կարծիքներ էին հնչում, որ ադրբեջանական կողմը Իրանի հարեւանությամբ տարածքներ է գրավում, որպեսզի հետագայում օգտագործի հակաիրանական գործունեության համար։ Սակայն պաշտոնական արձագանք դրանց, ըստ էության, չի եղել։

Իրանագետի խոսքով՝ ընդհանրապես, ադրբեջանական պետության քաղաքական սկզբունքներում եւ քաղաքականության հիմքում դրված է հակաիրանականությունը, չնայած պաշտոնական ամենաբարձր մակարդակում խուսափում են խոսել այդ մասին։ Հակաիրանական քարոզչությունը Բաքվի գործելաոճում մշտապես առկա է։ Արցախյան վերջին պատերազմից հետո մեծացել է նաեւ Ադրբեջանի ինքնավստահությունը։

Պատերազմի օրերին Իրանում խոսում էին, որ իսրայելական օժանդակությունը՝ ուղղված Ադրբեջանին եւ Թուրքիային, հետագայում ուղղվելու է Իրանի դեմ։ Իսրայելը, ըստ այդ խոսակցությունների, Բաքվի ղեկավարությունից պահանջելու է «պարտքերի վերադարձ», որոնք պետք է լինեն հակաիրանական որոշ գործողությունների ձեւով։

«Նույնիսկ իրանական որոշ լրատվամիջոցներով խոսում էին Իսրայելին ռազմաօդային բազաներ տրամադրելու մասին, իրանական ռազմական ղեկավարության կողմից հնչեցին նաեւ հայտարարություններ Ադրբեջանում ընդհանրապես իսրայելական ներկայության մասին։ Այսինքն՝ եթե նշվում է, որ Իրան-Ադրբեջան քաղաքական, տնտեսական հարաբերությունները զարգացում են ապրում, ապա մյուս ոլորտներում, այդ թվում՝ անվտանգային, խնդիրներ կան, եւ իրանական կողմից դա բարձրաձայնվում է»,- ասում է Գարիկ Միսակյանը։

Իրանում  մտավախություններ կան հատկապես ազգայնական եւ ռազմական թեւերի ներկայացուցիչների շրջանում, որոնք դժգոհ են Թեհրանի պաշտոնական քաղաքականությունից, ԱԳՆ-ից, որը «բավականին հանդուրժող է Ադրբեջանի նկատմամբ»։

Միսակյանը դրական է արձագանքում հարցին, թե արդյոք Բաքվի կողմից արկածախնդրություն չի լինի Իրանի նկատմամբ տարածքային հավակնություններ ունենալը, ապա նշում է, որ Իրանի համար էլ վտանգներն իրատեսական են, քանի որ Իսրայելը շարունակում է հակաիրանական քաղաքականություն վարել։ «Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Ադրբեջանը կհանդգնի որեւէ լուրջ գործողությունների դիմել, կարծում եմ՝ չէ, բայց Ադրբեջանը պարտավոր է առաջ տանել հակաիրանական այս գործողությունները՝ նաեւ իր դաշնակիցներին գոհացնելու համար»,- նշում է իրանագետը։

«Հաշվի առնելով մեր տարածաշրջանում բազմաթիվ խնդիրները՝ սկսած արցախյան հակամարտությունից, Իրան-Թուրքիա ոչ միջնորդավորված հակամարտությունից, Իսրայել-Իրան հարաբերություններից, տարածաշրջանը մշտական զարգացման տարբեր գործողությունների մեջ է գտնվում։ Եվ խոսել մշտական խաղաղութունից կամ խաղաղության որեւէ գործընթացից, կարծում եմ՝ իրատեսական չէ, քանի որ մեծ պետություններն են փորձում իրենց հարցերը լուծել այստեղ»,- ասում է իրանագետը։

Լուսանկարը՝ Factor TV-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter