HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էջմիածնի հիմնանորոգված փողոցները մեկ տարի անց վերանորոգման կարիք ունեն

Վերջին 3 տարվա ընթացքում Էջմիածնում պետական և համայնքային բյուջեների միջոցներով իրականացվել են մոտ 1 մլրդ 676 մլն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ:

«Հետք»-ն ուսումնասիրել է դրանք և պարզել, որ փողոցները այնպես են վերանորոգվել, որ կարճ ժամանակ անց դարձյալ վերանորոգման կարիք ունեն: Իսկ պատասխանատու կառույցը՝ Էջմիածնի քաղաքապետարանը, հայտնում է, որ իրենք «ասֆալտի մասնագետներ չունեն», ավելին՝ ասֆալտը չի կարող շատ հարթ լինել, քանի որ «ասֆալտը գծագրություն չէ»։

Էջմիածնի համայնքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2018-2021թթ. միայն ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար ծախսվել է 1 մլրդ 364 մլն դրամ գումար: Սակայն, կարճ ժամանակ անց հիմնանորոգված ճանապարհների վրա սկսել են իրականացնել վերանորոգման աշխատանքներ:

Էջմիածնի համայնքապետի տեղակալ Մհեր Մկրտչյանն ասում է, որ հիմնանորոգված ճանապարհներն ունեն երաշխիքային սպասարկում և հայտնաբերված թերությունները վերացվում են շինաշխատանքներն իրականացրած ընկերությունների կողմից: Թե ինչպես են այդ թերությունները վերացվում՝ այլ հարց է: Կան թերություննր, որոնք չեն կարող վերացվել՝ առանց հավելյալ ասֆալտի շերտի: Մասնավորապես՝ անհարթությունները հնարավոր չէ կոսմետիկ լուծումներով շտկել:

Սպանդարյան փողոցում մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 2018թ.-ին, իսկ 2020թ.-ին Կամոյի անվան փողոցի հետ հիմնանորոգվել է, որի աշխատանքներն իրականացրել է «Եվրոպա» ՍՊԸ-ն:

Հիմնանորոգման նպատակով ընդհանուր առմամբ ծախսվել է 274 մլն 828 հազ. դրամ: Գումարի 45% հատկացվել է պետական բյուջեից: Աշխատանքների ավարտական ակտը դեռ չստորագրած՝ Սպանդարյան փողոցի աշխատանքներում հայտնաբերվել են թերություններ: Ճանապարհի վրա այնքան «կարկատան» է հայտնվել, որ դժվար է այն անվանել հիմնանորոգված:

Հիմնանորոգված Սպանդարյան փողոցի վրա ի հայտ եկած նստվածքներն ու փոսերը, եթե ինչ-որ կերպ «կարկատանների» միջոցով հնարավոր է եղել շտկել, ապա փողոցի ամբողջ երկայնքի անհարթությունները վերացնել գրեթե անհնար է: Ավտոմեքենայի մեջ նստած ուղևորը զգում է անհարթությունների ցնցումը, ինչը որակյալ աշխատանքի դեպքում չպետք է այդքան էական զգացվեր:

Էջմիածնի համայնքապետի տեղակալն ասում է, որ Սպանդարյան փողոցի ասֆալտի որակի վերաբերյալ թերություններ քաղաքապետարանը նկատել է, լաբորատոր ստուգում է իրականացվել և տրվել է եզրակացություն, որ համապատասխանում է ստանդարտներին: Այժմ ճանապարհը գտնվում է երաշխիքային փուլում: Մ. Մկրտչյանը նշեց, որ այս ընթացքում ևս նոր թերություններ են ի հայտ եկել, եղանակները կարգավորվելու դեպքում դրանք նույնպես կշտկվեն:

«Եթե լաբորատորիան տալիս է, որ թույլատրելիի մեջ է, մենք ինչ կարող ենք անել: Որտեղ թերությունները թույլատրելիից դուրս էին, պիտի շտկեին, այլ տարբերակ շտկելու, տեղային լուծում տալու, չկար»,- ասում է Մհեր Մկրտչյանը հավելելով, որ Սպանդարյանը քաղաքի ամենախնդրահարույց փողոցն է:

Էջմիածնի համայնքապետի տեղակալն ասում է, որ համայնքապետարանն ամենավերջին օղակում է, որ ընդունում է աշխատանքը: Նշեց, որ նախագիծ է կազմվում, շինարարական կազմակերպություն է ընտրվում, հեղինակային և տեխնիկական հսկողություն է իրականացվում: Ընթացքում ապահովում են փաստաթղթեր, որ ասֆալտի, աշխատանքի որակը համապատասխանում է գործող նորմերին:

Մ. Մկրտչյանի խոսքերով՝ բնական է, շինարարությունը կարող է թերություններ ունենալ, «իդեալական ոչինչ չի լինում»:

2021թ. աշնանը հիմնանորոգվել է Բաղրամյան և Խորենացի փողոցի մի հատվածը: Ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 252 մլն դրամ, որի 30%-ն իրականացվել է պետական համաֆինանսավորմամբ: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է «Երևանյան բազալտ» ՍՊԸ-ն:

Էջմիածնի քաղաքապետարանը դեռ չի հասցրել աշխատանքի արդյունքն ընդունել, Խորենացի փողոցի ավտոկայանի մերձակա տարածքում արդեն նստվածք է առաջացել:

Նույն ընկերությունը միաժամանակ մոտ 48 մլն դրամով իրականացրել է նաև Բաղրամյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքները: Այստեղ ևս թերություններ կան:

Մհեր Մկրտչյանն ասաց, որ թերությունները կվերացնեն նոր աշխատանքը կընդունեն, քանի որ ավարտական աշխատանքների ակտը չի տրամադրվել:

Գրեթե նույն պատկերն է նաև մնացած փողոցների մասով: Էջմիածնում դժվար է գտնել գեթ մեկ հիմնանորոգված ճանապարհ, որտեղ անհարթությունները քիչ չզգացվեն:

Ասֆալտապատման աշխատանքներում թույլատրելի են որոշ շեղումներ, որոնք կարող են անհարթությունների պատճառ դառնալ, սակայն դրանք չպետք է այնքան էական լինեն, որ ավտոմեքենայով երթևեկելիս հնարավոր լինի «հաշվել»:

Հիմնանորոգման աշխատանքներից բացի՝ 2018-2021թթ.-ին իրականացվել է նաև մոտ 312 մլն դրամ ընդհանուր արժողությամբ փողոցների մասնակի վերանորոգման աշխատանքներ, որոնց արդյունքը ևս չի երևում: Եթե հիմնանորոգման աշխատանքների դեպքում պարզ մաթեմատիկական հաշվարկով հնարավոր է հասկանալ, թե որքան տարածք է ասֆալտապատվել, ապա փոսալցումների դեպքում գրեթե անհնար է, մանավանդ, եթե որևէ աշխատանքի ժամանակ լուրջ հսկողություն չի եղել:

Մասնավորապես՝ 3 տարի անընդմեջ՝ 2018-2020թթ.-ին, Պետրոզավոդսկ փողոցում իրականացվել են փոսալցման աշխատանքներ: Ճանապարհի «կարկատաններն» ավելի շուտ են շարքից դուրս եկել, քան չվերանորոգված հատվածները: Ճանապարհի որոշ հատվածներում փոսալցված հատվածում նոր փոսեր են առաջացել:

Արամ Ասատրյանի անվան փողոցում ևս 3 տարի անընդմեջ փոսալցման աշխատանքներ են իրականացրել. պատկերը նույնն է։

2018թ.-ից՝ 4 տարի անընդմեջ, մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Տերյան փողոցում: Տեղանքին անծանոթ վարորդները կարող են հայտնվել փոսերի մեջ, որոնք կամ ծառի ճյուղերով են շրջափակվել կամ բնակիչները հողով հարթեցրել են:

4 տարի շարունակ մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև Չարենցի փողոցում, որտեղ ևս մեծ փոսեր են ի հայտ եկել:

Փոխարենը կան փողոցներ, որտեղ տարիներ շարունակ նույնիսկ փոսալցման աշխատանքներ չեն իրականացվել, ու փոսերից խուսափելը դարձել է անհնար: Պետրոզավոդսկ փողոցից Մամիկոնյան փողոց գնացող ճանապարհը դարձել է անանցանելի: Այստեղ փոսալցումն այլևս անօգուտ կլինի, իսկ հիմնանորոգման համար համայնքապետարանը գումարներ չունի:

Համայնքապետի տեղակալն ասում է, որ ասֆալտապատման հարցն Էջմիածնում «անսահման» է: Փոսային վերանորոգումներով փորձում են հարցը ժամանակավոր լուծել, ու երբ հնարավորություն լինի՝ հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել:

Պարզվում է՝ էջմիածնի քաղաքապետարանում չկա հստակ կարիքների գնահատում, թե որ փողոցը ինչ վերանորոգման կարիք ունի: Ինչպես փաստում է Մհեր Մկրտչյանը, իրենք «հակառակ կողմից են անում». սկզբում նայում են բյուջեի գումարներին, թե ինչքան գումար կարող են նախատեսել աշխատանքների համար, այդ հնարավորությունների սահմաններում էլ փորձում են առավելությունը տալ ավելի շատ քանդված ճանապարհներին:

Հարցին, թե գոհ է քաղաքի ասֆալտապատման աշխատանքներից, Մ. Մկրտչյանն ասում է՝ ոչ գոհ է, ոչ էլ՝ դժգոհ:

«Եթե բոլոր տեղերից գալիս է, որ կատարված աշխատանքը նորմալ է, չես կարող ասել՝ չէ, լավ չի: Բոլոր փաստաթղթերը կա, որ ասֆալտը լավ որակի է, համապատասխանում է գործող նորմերին, բազալտը համապատասխանում է: Իսկ տեսողականը ամեն մարդ մի ձև կարող է պատկերացնել, կարող է մեկի դուրը գալ, մյուսի դուրը չգալ»,- նշում է Էջմիածնի համայնքապետի տեղակալը:

Մհեր Մկրտչյանի կարծիքով՝ ասֆալտը չի կարող շատ հարթ լինել, քանի որ «ասֆալտը գծագրություն չէ, որ քանոնը դնեն, ուղիղ գիծը քաշեն»: Նրանից հետաքրքրվեցինք՝ Էջմիածնի քաղաքապետարանը՝ որպես շահագրգիռ կողմ, ինչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի հնարավորինս անթերի ասֆալտ ունենան: Համայնքապետի տեղակալը նշեց, որ իրենցից բացի՝ կա քաղաքաշինության տեսչություն, մարզպետարանի վերահսկողություն, որտեղով անցնում է աշխատանքի արդյունքը, և իրենք ամենավերջին օղակն են, որ աշխատանքն ընդունում են:

Մհեր Մկրտչյանն ասում է, որ եթե խնդիրներ են լինում, ճանապարհը չի ընդունվում: Հարցին՝ այդ դեպքում, ինչպես են ընդունվել Սպանդարյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները, համայնքի ղեկավարն ասաց՝ «ուրեմն այդ  ժամանակ խնդիրը եղել է թույլատրելի և շտկելի»:

Համայնքապետի ղեկավարը նշում է, որ հիմնանորոգված ճանապարհները պետք է առնվազն 5-10 տարի ծառայեն: Սակայն, փորձը ցույց է տալիս, որ մեկ տարի էլ չեն «ձգում»:

Կառավարությունը կարևորում է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը և այժմ փոխվարչապետ, աշխատանքների իրականացման ժամանակ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը որպես լուրջ ձեռքբերում էր նշում մարզում սուբվենցիոն ծրագրերի թվի աճը: Ստացվում է, որ ավելի շատ քանակական ցուցանիշներ են ապահովվել, քան՝ որակական: Պետական միջոցներից գումարներ են հատկացվել, և  որակական պատշաճ հսկողություն չի իրականացվել: Իսկ համայնքներում հույսը դնում են այլ գերատեսչությունների ստուգումների վրա:

Ինչպես նշում է Մհեր Մկրտչյանն այդ գերատեսչությունները «մասնագետ են, Էջմիածնի համայնքապետարանն ասֆալտի մասնագետ չունի»:

Պայմանագրի լուծման մեկ դեպք

Այս տարիների ընթացքում Էջմիածնի քաղաքապետարանը միայն մեկ դեպքում է լուծել ճանապարհաշինական պայմանագիրը, սակայն ոչ թե որակը չապահովելու, այլ՝ ժամկետները խախտելու համար:

Ինչպես փոխանցում են համայնքապետարանից, Էջմիածնի տարբեր փողոցների և շենքերի բակերի ճանապարհային ծածկույթի ասֆալտապատման, փոսային նորոգման կապալային աշխատանքների կատարման երկու պայմանագիր է 2019թ.-ին համայնքապետարանի նախաձեռնությամբ միակողմանի լուծվել: «Հետքն» այս մասին գրել էր դեռևս 2019թ.-ին:

Մասնավորապես՝ առաջին պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտին կատարվել էր աշխատանքների ծավալի ⅓-ը, իսկ մյուս պայմանագրով աշխատանքները չէին մեկնարկել: Գնման երկու ընթացակարգով էլ հաղթող էր ճանաչվել «Խաչատուրյանի Բիլդինգ Գրուպ» ՍՊԸ-ն:

Ընկերությունն ընդգրկվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: «Խաչատուրյանի Բիլդինգ Գրուպ» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել համայնքապետարանի դեմ՝ վերջինիս գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով, սակայն հայցը մերժվել է:

Այժմ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է գտնվում Էջմիածնի համայնքապետարանի հայցադիմումի հիմքով հարուցված դատական գործը, որով համայնքապետարանը գումար է պահանջում «Խաչատուրյանի Բիլդինգ Գրուպ» ՍՊԸ-ից, որպես պայմանագրի կատարման ապահովման միջոց՝ տուժանք:

Ճանապարհաշինություն- Էջմիածին
Infogram

Ասֆալտապատող ընկերությունները

2018-2021թթ.-ին Էջմիածնում ասֆալտապատման աշխատանքներ ամենաշատն իրականացրել է «Երևանյան Բազալտ» ՍՊԸ-ն: Ընկեր պայմանագրերով ընկերության հետ կնքվել է մոտ 860 մլն դրամի պայմանագիր: Երկրորդ տեղում է «Եվրոպա» ՍՊԸ-ն՝ 275 մլն դրամ, այնուհետև՝ «Շինպլյուս» ընկերությունը՝ 165 մլն դրամ։

2021թ.-ին խոշոր պայմանագրերը կնքվել են հիմնականում «Երևանյան Բազալտ» ՍՊԸ-ի հետ:

«Երևանյան Բազալտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995թ.-ին: Ընկերության միանձնյա բաժնետերը 2015թ.-ից Գոհար Բաղդասարյանն է: Այս ընկերությունը Սպանդարյանի բազալտի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք ունի, որը ստացել է 2012-ին և շահագործելու է մինչև 2064թ․-ը։

«Եվրոպա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996թ.-ին: Հիմնադիրները հայր և որդի Սերյոժա և Արման Մանուկյաններն են: Ընկերության տնօրենը նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանն է: Վերջինս Սերյոժա Մանուկյանի դստեր ամուսինն է:

Նշենք, որ Մանուկյանները նաև 2020թ.-ին լիցենզիա ստացած «Օկ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ-ի ղեկավար կազմի անդամներն են:

 

Էջմիածնի համայնքապետարանի ֆինանսական բաժնից մեզ հայտնել են, որ 2022թ. համար փողոցների հիմնանորոգման նպատակով դեռ ֆինանսական հատկացումներ նախատեսված չեն, սակայն տարվա ընթացքում հնարավոր է բյուջեում փոփոխություններ անեն, և այդ նպատակով հատկացումներ լինեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter