
750 մլն դրամ՝ մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծման աշխատանքների համար
Կառավարությունը 750 մլն դրամ կհատկացնի Երևանի մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծման աշխատանքների համար։ Նոր կայարանի կառուցման վերաբերյալ քննարկում ծավալվեց գործադիրի ապրիլի 28-ի նիստի ավարտին։
Վարչապետի Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հայտարարված մրցույթում կա հաղթող: Նա նաև տեղեկացրեց, որ քրեական գործի շրջանակում «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված շուրջ 850 մլն դրամի վնասի փոխհատուցում է եղել։
«Քննարկումների արդյունքում որոշվել է առաջին փուլով 750 մլն դրամը ուղղել այդ նպատակին»,- նշեց վարչապետը։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ասաց, որ 750 մլն դրամը նախատեսված է նախագծման աշխատանքների առաջին երկու փուլերի համար։
«Կխնդրեի ձեր հանձնարարականը, որպեսզի մենք կարողանանք աշխատել նախագծման երրորդ փուլի ֆինանսավորման աղբյուրների հայթայթման ուղղությամբ, ինչպես նաև մետրոպոլիտենի կառուցման հետ կապված»,- նշեց քաղաքապետը։
Ըստ Սարգսյանի՝ այժմ մետրոպոլիտենում խնդիրներ կան, որոնք լուծման համար նույնպես ֆինանսական միջոցների ներգրավման կարիք կա։
Մեկնաբանել