HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ընտրակաշառքների մասին ֆեյսբուքում առավել շատ խոսել է ՀԱԿ-ը

Այսօր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Ֆեյսբուքը նախընտրական հարթակ» հետազոտության երկրորդ փուլի արդյունքները: Հետազոտության երկրորդ փուլը ներառում է ապրիլի 8-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածը՝ քարոզարշավը, ինչպես նաև ԱԺ ընտրությունների օրը՝ մայիսի 6-ը:

Հետազոտությունը կատարվել է 3 հիմնական ուղղությամբ՝ ուսումնասիրելով ֆեյսբուքյան առավել վարկանշային լրատվամիջոցները՝ news.am, tert.am, zham.am, 7or.am, 1in.am, ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ֆեյսբուքյան էջերը՝ կուսակցությունների պաշտոնական էջերը և քաղաքական ուժերի՝ համացանցում առավել ակտիվ ներկայացուցիչների անհատական էջերը, ինչպես նաև ֆեյսբուքյան խմբերում ընթացող բանավեճերն ու քննարկումները՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Այս ժամանկահատվածում news.am, tert.am և 7or.am կայքերի նյութերը բավականին շատ էին տարածվում ֆեյսբուքում, դրանց քանակն առավելագույնին է հասել մասնավորապես ընտրությունների օրը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը դիտարկել է նաև տեղադրվող նյութերի միջոցով առավել շատ քննարկվող թեմաները: Դրանց մեջ գերակշռել են ընտրական գործընթացներին վերաբերող նյութերը՝ 1919 հատ (62%), այնուհետև ընտրակաշառքների մասին՝ 434 (14%), քաղաքական ազատությունների մասին՝ 258 (8%), արտաքին քաղաքականություն՝ 64 (2%), մշակույթի վերաբերյալ՝ 62 (2%) և անվտանգության, բանակի մասին՝ 57 նյութ (2%):

Լ. Բաղդասարյանը նշեց, որ ընտրակաշառքների, ընտրակեղծիքների և վարչական ռեսուրսի չարաշահման մասին առավել շատ խոսել են վերոնշյալ 5 կայքի լրագրողները: Թեմայի մասին խոսել են նաև ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը: Միաժամանակ դիտարկվել է այն հանգամանքը, թե ընտրակաշառքի մասին խոսելով՝ որ քաղաքական ուժը ում է մատնաշում, ում է մեղադրում դրա մեջ:

Ըստ «Ռեգիոնի» հետազոտության արդյունքի՝ այս թեմայով ամենից շատ արտահայտվել են ՀԱԿ ներկայացուցիչները՝ 71 անգամ, որից 48 անգամը մատնանշել են ՀՀԿ-ին, ՕԵԿ-ին՝ 3 անգամ, 1 անգամ ԲՀԿ-ին՝ 1in.am-ում: ՀԱԿ-ը շատ քիչ է խոսել ընդհանուր, չեզոք և անդեմ ձևով: ՀԱԿ ներկայացուցիչների խոսքը ներկայացվել է բոլոր հինգ լրատվամիջոցով:

Երկրորդ տեղում «Ժառանգությունն» է, որն այս թեմայով խոսել է 33 անգամ՝ մատնանշելով գրեթե բոլոր քաղաքական ուժերին, ինչպես նաև արտահայտվել է անդեմ: Կուսակցությունը ՀՀԿ-ին մատնանշել է 14 անգամ, ՕԵԿ-ին՝ 4 անգամ, ԲՀԿ-ին՝ 3 անգամ, ՀԱԿ-ին մեկ անգամ՝ zham.am-ում:

ԲՀԿ-ն թեմայի մասին խոսել է 18 անգամ՝ արտահայտվելով կամ չեզոք կերպով, կամ էլ մատնանշել է ՀՀԿ-ին, նրա խոսքը չի ներկայացվել tert.am և zham.am կայքերում:

ՀՀԿ-ն ընտրակաշառքների և ընտրակեղծիքների մասին միշտ խոսել է չեզոք և անհասցե, որի մասին գրվել է 12 անգամ: Վերջինիս խոսքը ներկայացվել է բոլոր լրատվամիջոցներով՝ բացի 1in.am-ից: ՀՅԴ-ն 4 անգամ մատնանշել է ՀՀԿ-ին և խոսել է ընդհանուր:

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը մեկ անգամ է խոսել ՀՀԿ-ի մասին, Դեմոկրատական կուսակցությունը՝ 2 անգամ չեզոք, իսկ «Միավորված հայերը» թեմայի մասին խոսել է 3 անգամ:

Ընտրակաշառքների, կեղծիքների, վարչական ռեսուրսի չարաշահման մասին առավել շատ արտահայտվել է tert.am-ը՝ 135 անգամ, 7or.am-ը՝ 107, 1in.am-ը՝ 94, news.am-ը՝ 55 և zham.am-ը՝ 43 անգամ:

Դիտարկվել է նաև ֆեյսբուքյան լսարանի ինտերակտիվությունը, որի ժամանակ հաշվի են առնվել ընտրությունների թեմայով այն նյութերը, որոնք արձագանք ունեցել կամ չեն ունեցել սոցցանցնում:

Արդյունքում, news.am-ն ունի 8 չարձագանքված և 332 արձագանքված նյութ, 1in.am-ը՝ 45 չարձագանքված և 480 արձագանքված, zham.am-ը՝ 61 չարձագանքված և 239 արձագանքված, 7or.am-ը՝ 116 չարձագանքված և 481 արձագանքված, tert.am-ը՝ 210 չարձագանքված և 332 արձագանքված նյութ:

Լ. Բաղդասարյանի խոսքերով՝ սխալ է այս թվերով որոշել՝ որ կայքն է առաջատար, քանի որ կան լսարանի ակտիվությունը որոշելու այլ չափանիշներ ևս՝ ֆեյսբուքյան գործիքները՝ հավանել (like), տարածել (share) և մեկնաբանել (comment): Սա պարզապես ֆեյսբուքյան արձագանքների քանակն է, բայց ոչ որակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter