HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 64-րդ օրը (երեկոյան ամփոփում)

Եվ այսպես, Ռուսաստանից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ժամանել է Ուկրաինա։

Գուտերիշը Կիև է ժամանել Պուտինի հետ հանդիպումից հետո։ Նա մեկնել է Կիևի մարզի այն քաղաքներ, որոնք մեկ ամիս առաջ ռուսական վերահսկողության տակ էին, մասնավորապես՝ Բուչա, Իրպեն և Բորոդյանկա։ Այսօր նախատեսված է նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Կիև է ժամանել նաև Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը։

Բուլղարիայի կառավարության ղեկավարի հետ հանդիպումից կադրեր է հրապարակել նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ձեր այցը մեր երկրի և ժողովրդի հետ համերաշխության կարևոր դրսևորում է»,- գրել է Ուկրաինայի նախագահը։

Գերմանիան պատրաստ է վերանայել Ռուսաստանի խոշորագույն բանկի՝ Сбербанк-ի դեմ պատժամիջոցների հարցը։

Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նախկինում Գերմանիան դեմ էր ռուսական այդ բանկի դեմ պատժամիջոցներ սահմանելուն, այդ թվում՝ այն SWIFT համակարգից անջատելուն։ Բեռլինում մտահոգություններ ունեին, որ պատժամիջոցները կխոչընդոտեն նավթի և գազի համար վճարումներ անելիս։

Պարբերականի աղբյուրների խոսքով՝ վերջին շաբաթներին Գերմանիայում գտել են էներգիայի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ և հիմա պատրաստ են աջակցել ռուսական նավթի փուլային արգելքին։

Газпром-ն էլ պնդում է, որ Լեհաստանը շարունակում է ռուսական գազ գնել ոչ թե ուղիղ Ռուսաստանից, այլ Գերմանիայի միջոցով։

Ընկերության հայտարարությունը մեջբերել է РБК-ն։ Նախօրեին գրել էինք, որ Լեհաստանը հրաժարվել է ռուսական գազի մատակարարման համար վճարել ռուբլով, ինչի արդյունքում ռուսական ընկերությունը դադարեցրել էր Լեհաստան գազի մատակարարումը։

«Հանդիսավոր կերպով հայտարարվեց, որ ռուսական գազն այլևս պետք չէ և այն չեն գնի։ Սակայն իրականում դա այդպես չէ»,- նշվում է ռուսական ընկերության հայտարարության մեջ։

«Ուղիղ մատակարարումների դադարեցումից հետո Լեհաստանը գնում է ռուսական գազ։ Սակայն հիմա Գերմանիայից այն ուղղվում է Լեհաստան՝ Յամալ-Եվրոպա գազատարով։ Ռեվերսի ծավալը կազմում է օրական մոտ 30 միլիոն խորանարդ մետր, ինչը գրեթե համապատասխանում է Газпром экспорт-ի հետ պայմանագրով նախորդ օրերի հայտերին»,- հավելում է Газпром-ը։

Լեհական կողմը դեռ չի մեկնաբանել այս հայտարարությունը։

Մարիուպոլի քաղաքային խորհուրդը հայտարարել է, որ քաղաքի բնակիչներին սպառնում է նաև խոլերայի, դիզենտերիայի և աղիքային այլ վարակների բռնկումներ։

Քաղաքային խորհրդի պնդմամբ՝ Մարիուպոլում հակասանիտարական պայմաններ են։ Չի գործում կենտրոնացված ջրամատակարարումն ու կոյուղին, փլատակների տակ ընկած են զոհերի մարմինները, կա խմելու ջրի և սննդի դեֆիցիտ։

«Հիմա ավերված Մարիուպոլում կյանքի միջնադարյան պայմաններ են։ Անհրաժեշտ է շտապ և ամբողջական տարհանում»,- հայտարարել է Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն։

Ուկրաինական կողմի տվյալներով՝ Մարիուպոլում մնում է մոտ 100 000 բնակիչ։

Ուկրաինան հարվածներ կհասցնի Ռուսաստանի պահեստներին և բազաներին։

Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ 

«Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի՝ արդյոք հարվածել ռուսական ռազմական օբյեկտներին»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա և սպանում է խաղաղ բնակիչներին։ Ուկրաինան կպաշտպանվի ցանկացած ձևով, այդ թվում՝ ռուսաստանցի մարդասպանների պահեստներին և բազաներին հարվածներ հասցնելով։ Աշխարհն այդ իրավունքը ճանաչում է»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Միխայիլ Պոդոլյակը։

Խերսոնում էլ, հավանաբար, չի կայանա Խերսոնի ժողովրդական հանրապետության ստեղծման հանրաքվեն։

Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևի խոսքով՝ դրա փոխարեն ռուսական իշխանությունները մտադիր են մարզը միացնել Ղրիմին։ 

«Ինչ վերաբերում է հանրաքվեին, ես չունեմ ճշգրիտ տեղեկատվություն։ Շփվում եմ մեր քաղաքի բնակիչների հետ և տեսնում, որ չկան նշաններ, որ կարող է հանրաքվե լինել։ Թե երբ են նրանք դա նախատեսում, հիմա դժվար է ասել։ Ինչ եմ ես տեսնում. հանրաքվե չի լինի։ Կարծում եմ, որ նրանք, ամենայն հավանականությամբ, նախատեսում են (մարզը) միացնել (Ղրիմին)։ Իմաստ չկա ևս մեկ քվազի հանրապետություն ստեղծել։ Հանրաքվեի նախապատրաստություններ չկան»։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը հայտնել է ռազմագերիների նոր փոխանակման մասին։

Վերեշուկի խոսքով՝ վերադարձվել է 45 մարդ. 13 սպա և 20 շարքային (նրանցից 5-ը վիրավոր են), ինչպես նաևщ 12 քաղաքացիական։

Թե ուկրաինական կողմը քանի մարդ է փոխանցել Ռուսաստանին, չի նշվում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը գերիների փոխանակման լուրը չի մեկնաբանել։

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում չեղարկել են մայիսի 9-ի շքերթն ու անմահների գնդի երթը։

Նման հայտարարությամբ հանդես է եկել ինքնահռչակ հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Ընդունվել է բարդ որոշում։ Մենք հաղթանակի շքերթը կանենք մեր ամբողջական հաղթանակից և ԴԺՀ-ի սահմանադրական սահմաններ ելքից հետո։ Կարեւորը անվտանգությունն է»,- ասել է Պուշիլինը՝ հավելելով, որ ուկրաինական կողմը անպայման կռմբակոծի մարդկանց մեծ հավաքները։

Վլադիմիր Զելենսկին հայտնվել է Time ամսագրի մայիսյան համարի շապիկին։

 
 
 
 
 
View this post on Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by TIME (@time)

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ, հետախուզության տվյալներով, Լեհաստանը, ԱՄՆ աջակցությամբ, պատրաստվում է վերահսկողություն սահմանել Ուկրաինայում «իր պատմական տարածքների» վրա։

Նարիշկինի խոսքով՝ առաջին փուլում «միավորումը» պետք է լինի Ուկրաինայի արևմտյան մարզեր լեհական զորք մտցնելով, որը կլինի «ռուսական ագրեսիայից պաշտպանություն» կարգախոսի տակ։

Paramount ընկերությունը դադարեցրել է Ռուսաստանի տարածքում իր հեռուստաընկերությունների հեռարձակումը։

Խոսքը Nickelodeon, Paramount Channel, Paramount Comedy, MTV հեռուստաընկերությունների մասին է։

Լուսանկարը՝ Andrew Burton/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter