HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձագետ․ «Քանի դեռ Հայաստանն ու Արցախը չեն վերականգնվել պատերազմում կրած վնասներից, Ադրբեջանը փորձում է հասնել առավելագույն զիջումների»

«Հետքի» հարցերին պատասխանում է «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը

-Պարոն Հովհաննիսյան, Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններում ռազմական գործողություններ սկսելու ակնհայտ սպառնալիք կա, եթե Հայաստանը չկատարի իրենց առաջ քաշած խաղաղության պայմանագրի 5 կետերը: Սա ինչո՞վ եք բացատրում:

-Առաջին հերթին պետք է նայենք Ադրբեջանի մարտավարությունը, ընդհանուր ռազմավարությունը պատերազմից հետո: Ըստ էության, այն, ինչ փորձում է անել Ադրբեջանը, հետեւյալն է՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ստանալ առավելագույնը՝ հաշվի առնելով, որ պատերազմից Հայաստանն ու Արցախը դուրս են եկել հնարավորինս թուլացած, եւ ամենահարմար առիթն է շատ կարճ ժամկետում, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը չեն վերականգնվել պատերազմում կրած վնասներից, ճնշումներ գործադրել եւ փորձել հասնել առավելագույն զիջումների:

Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, սպառնալիքը, այդ թվում՝ ուժի սպառնալիքը, զուգահեռ՝ նաեւ ուժի գործադրման ագրեսիվ գործողությունները հենց խոսում են այն մասին, որ Ադրբեջանն այս պահին ունի իր համար քիչ թե շատ կանխատեսելի իրավիճակ կարճաժամկետ հեռանկարում, քան երկարաժամկետ հեռանկարում, քանի որ ենթադրում է, որ Հայաստանը, պատերազմի հետեւանքները քիչ թե շատ հաղթահարելուց հետո կարող է ավելի ամուր դիրքերից բանակցել Ադրբեջանի հետ, այդ թվում՝ նաեւ ռազմական, տնտեսական եւ արտաքին քաղաքական տեսանկյունից, եւ ադրբեջանական կողմը կունենա ավելի քիչ հնարավորություններ՝ բացառապես իր շահերից բխող լուծումներ ստանալու համար: Իրենց ցանկությունն այս պահին դա է, այդ թվում՝ Արցախի ամբողջական անեքսիան:

Մյուս խնդիրը միջազգային դաշտում է: Քանի որ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներգրավված են ուկրաինական հակամարտության շուրջ, այնտեղ ավելի շատ իրենց ռեսուրսները ներգրավել, այդ թվում՝ քաղաքական, ռազմական, մասնավորապես՝ Ռուսաստանը, նաեւ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները, սա, Ադրբեջանի ղեկավարության կարծիքով, էլի հարմար առիթ է՝ ճնշումներ գործադրելու համար, քանի դեռ, իրենց կարծիքով, տվյալ երկրների ուշադրությունը Արցախյան հիմնախնդրի եւ առհասարակ հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղությամբ շատ ավելի քիչ է, եւ քաղաքականությունն էլ պետք է լինի շատ ավելի պասիվ, այնինչ եթե ուկրանիական ճգնաժամը ինչ-որ փուլում հաղթահարված լինի, ուշադրությունն այս տարածաշրջանի վրա կմեծանա։

Այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ իրենք փորձում են առավելագույնն անել, ճնշումներ գործադրել՝ հնարավորինս արագ եւ շուտ զիջումներ կորզելու նպատակով:

-Չնայած Մոսկվայում կնքված ռուս-ադրբեջանական դաշնակցային փաստաթղթին՝ անթաքույց լարվածություն կա երկու երկրների հարաբերություններում: Փառուխի հայտնի դեպքերի ժամանակ եւ դրանից առաջ ադրբեջանցիները թիրախավորել էին նաեւ ռուսական խաղաղապահ ուժերին: Նախկինում նման բան դժվար էր պատկերացնել: Ինչո՞վ եք պայմանավորում Ադրբեջանի հակառուսական վարքագիծը:

-Այնպես չէ, իհարկե, որ մինչեւ այս գործողություններն Ադրբեջանում հակառուսական տրամադրություններ չկային, կամ դրանք քիչ էին եւ չէին խրախուսվում իշխանությունների կողմից: Բայց այս պարագայում պետք է հասկանանք ընդհանուրը, թե ինչ նպատակ ունի Ադրբեջանը։ Իրենց, ընդհանուր առմամբ, այստեղ խանգարում է երեք գործոն, ինչի մասին պարբերաբար խոսել եմ՝ Արցախում հայկական բնակչություն, պաշտպանության բանակ եւ ռուսական խաղաղապահ զորախմբի առկայություն:

Հիմա իրենց համար խիստ անցանկալի է ռուսական խաղաղապահ զորախմբի առկայությունը, որովհետեւ դրա բացակայության դեպքում պատերազմից հետո շատ ավելի հեշտ կարող են լուծել մյուս երկու գործոնների հետ կապված հարցրեը, այսինքն՝ ռելիեֆային, զինվածության առումով իրենք հասկանում են, որ պաշտպանության բանակը պատերազմից հետո ունի ավելի քիչ դիմադրության ուժ՝ շրջափակված լինելով։ Եթե չլինեն ռուս խաղաղապահները, չի լինի նաեւ Լաչինի միջանցքի պաշտպանությունը, ըստ էության, բնակչությունն էլ ստիպված կլինի արտագաղթել: Նույն կերպ իրենք անընդհատ պայքարում են պաշտպանության բանակի չլինելու համար:

Այս երեք գործոնները, ըստ էության, իրենց խանգարում են Արցախի ամբողջական անեքսիային հասնելու համար, եւ պատերազմից հետո հակառուսական քարոզչությունը տարվում է այդ ուղղությամբ, այդ թվում՝ անմիջապես թիրախավորելով խաղաղապահներին։ Բայց ուկրաինական համակարտության սրման, ռազմական գործողությունների ֆոնին Ադրբեջանում ակտիվացան այդ ուղղությամբ․ շուրջ 10 օր ավելի պասիվ էին, համեմատական սպասեցին, իսկ մարտի 7-ից սկսեցին, այդ թվում՝ ամբողջ իշխանական մամուլում, խաղաղապահների դեմ ուղղված ակնհայտ բացասական բնույթի հոդվածներ հրապարակել, անմիջապես խաղաղապահ զորախմբի հրամանատարի հասցեին ուղղված վիրավորական հոդվածներ:

Ըստ էության, դաշնակցային համաձայնագիրը չաշխատեց այնպես, ինչպես ռուսական կողմը, կարծում եմ, ենթադրում էր, որ պետք է զսպի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները (ոչ միայն հակառուսական), իրավիճակի թեժացման փորձերը, քանի որ Ռուսաստանին էլ ձեռնտու չէ Ուկրաինայի հետ հակամարտության պայմաններում ունենալ լարվածության երկրորդ ճակատ, օջախ, որն իրենից հավելյալ ռեսուրներ պետք է տանի։ Բայց, ինչպես տեսանք, Ադրբեջանը դիմեց ագրեսիայի, այդ թվում՝ Փառուխի եւ Խրամորթի շրջակայքի տարածքների օկուպացիայի, ռազմական գործողությունների, որն, ամեն դեպքում, տարավ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ռեսուրսներ Ռուսաստանից:

Կարծում եմ՝ այստեղ շատ կարեւոր է դիտարկել նաեւ այն, որ Ադրբեջանը նման քայլերի չէր գնա՝ առանց Թուրքիայի լուրջ աջակցության քաղաքական եւ մնացած բոլոր ճակատներում: Հետեւաբար, այստեղ շատ լուրջ դեր է խաղացել նաեւ Թուրքիան: Եվ այս ընդհանուր իրավիճակը, ըստ էության, նաեւ սահմանափակեց Ռուսաստանի գործողությունների հնարավորությունները, որովհետեւ մենք տեսանք, որ հայտարարվեց, որ Ադրբեջանը պետք է դուրս գա այդ տարածքներից, բայց մինչ օրս դուրս չի եկել դրանցից, համենայն դեպս, հիմնական մասից:

-Ադրբեջանի ներսում ինչպե՞ս է ընկալվում Ալիեւի՝ մի կողմից «նվաճողական», մյուս կողմից՝ «խաղաղության» քաղաքականությունը:

-Չենք կարող ասել որեւէ բան Ադրբեջանի ներսում տրամադրությունների առումով, քանի որ դա չափելու գործիքներ չունենք, եւ առավել եւս պատերազմից հետո հնարավորինս խիստ գրաքննություն է Ադրբեջանում: Անգամ պայմանական ընդդիմադիր լրատվամիջոցները, որոնք ակտիվ գործում էին պատերազմի ժամանակ, ըստ էության, չկան՝ պասիվ են կամ չեն համարձակվում քննադատել իշխանությունների քաղաքականությունը պատերազմից հետո: Այսինքն՝ հասարակության տրամադրությունները չափել չենք կարող այս պահին:

Այստեղ հիմնական խնդիրն այն է, որ պատերազմից հետո քիչ ժամանակ է անցել, եւ Ադրբեջանի ղեկավարությունն անընդհատ փորձում է ագրեսիվ գործողությունների միջոցով նոր էյֆորիայի թեմաներ տալ հասարակությանը, տոնուսը բարձր պահել եւ խուսափել ներքին խնդիրներից: Եթե նմանատիպ ներքին խնդիրներ լինեն, ժամանակի ընթացքում պետք է ի հայտ կգան։ Կարծում եմ՝ եթե մեծ ժամանակային կտրվածքում էյֆորիան անկում ապրի, կսկսեն մասսայական թիրախային քննադատությունները, ինչն այս պահին դեռեւս չկա:

-Տարածաշրջանը նոր վերաձեւումների փուլում է: Ի՞նչ սպասել առաջիկայում, ի՞նչ շահերի բախման ականատես կլինենք:

-Եթե տարածաշրջանի երկրների մասին է խոսքը, ապա ինչ-որ կտրուկ փոփոխություններ չկան այստեղ, կա հարաբերությունների դինամիկ զարգացում։ Մասնավորապես՝ պատերազմից հետո տեսնում ենք Թուրքիայի կողմից ազդեցության աճն Ադրբեջանում, չնայած դա պատերազմում Թուրքիայի աջակցության հետեւանքն է, ըստ որում՝ Ռուսաստանի ազդեցության նվազման հաշվին։ Թուրքիայի կողմից ցանկություն կա Հարավային Կովկասում իր ազդեցությունն ավելացնելու, Իրանն, իհարկե, անընդհատ փորձում հետ չմնալ եւ նույնպես ակտիվ կեցվածք է դրսեւորում, իր դիրքորոշումը արտահայտում․ մասնավորապես՝ տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերում փորձում է հնարավորինս ազդեցություն ունենալ՝ նոր պատերազմ չսկսելու համար, որովհետեւ նրան ձեռնտու չէ որեւէ լարվածություն Հարավային Կովկասում:

Եթե խոսում ենք Արցախյան հիմնախնդրի, ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունների, արտաքին խաղացողների քայլերի մասին, ապա այստեղ բավական լուրջ փոփոխություններ կան այն առումով, որ տեսանելի ապագայում Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը չեն կարող աշխատել իրար հետ, եւ այստեղ ականատես ենք լինում եւ լինելու առանձին աշխատանքի, այսպես ասած, Մինսկի խմբի բաժանված աշխատանքի, երբ երկու համանախագահները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, առանձին են հանդես գալու առաջարկներով, ակտիվությամբ, Ռուսաստանը՝ առանձին: Բնականաբար, այստեղ պետք է հաշվի առնել ռուսական կողմի ռազմական ներկայությունը տարածաշրջանում, այդ թվում՝ Արցախում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter