HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Շուշին՝ որպես տուն․ «Շուշի․ մտաքարտեզներ» գիրքը լույս է տեսել

Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակում կայացավ «Շուշի․ մտաքարտեզներ» գրքի շնորհանդեսը։ Գիրքը պատմում է քաղաքի մասին՝ այնտեղ բնակվող մարդկանց հիշողությունների միջոցով։ Այն կառուցված է բազմաթիվ շուշեցիների հետ արված հարցազրույցների և մարդաբանական վերլուծությունների հիման վրա։ Գրքում ներկայացված մտաքարտեզների միջոցով մարդիկ փորձել են պատկերել այն  Շուշին, որը իրենք ճանաչել են՝ փողոցները, իրենց ծանոթ շինություններն ու որ ամենակարևորն է՝ իրենց տունը, այդ տուն տանող ճանապարհները։

Գրքի խմբագիրներից Տիգրան Ամիրյանի խոսքով՝ աշխատանքները մեկնարկել են պատերազմի ավարտից անմիջապես հետո ու այդ առումով այնքան էլ հեշտ չէր․ տրավման բոլորովին թարմ էր։

«Մարդկանց երբ խնդրում էինք գծել Շուշին, իրենք այդ մեթոդի մասին արդեն տեղյակ էին։ Ասում էին՝ մենք գիտենք սրա մասին, 90-ականներին էլի ենք նման բան արել։ Մի աղջիկ իրենց տունն էր նկարել, որից ծուխ էր դուրս գալիս, ասաց` ծխում է, քանի որ մեր տունը կենդանի է»,- պատմում է Տիգրան Ամիրյանը։

Գրքում շուշեցիներից յուրաքանչյուրը տարբեր է նկարագրում Շուշին, որոշները պատմում են այն ճանապարհների մասին, որոնցով իրենց երեխաներին զբոսանքի էին տանում, աշխատանքի գնում, մոտակա կրպակը հասնում, այս առումով մարդկանց ընկալումները քաղաքի մասին անհատական են։

«Շուշիի էդ օդի մաքրությունը մի ուրիշա, դա նույնիսկ ամռանը էն շոգ օրերին էլ զգում ես, դու ոնց որ զգաս, որ օդը մաքուր ա, սենց կրիստալնը չիստիյ ․․․ինչ դուրս ենք եկել, ես հասկացել եմ, թե ինչի համար ա Շուշիի համար էսքան ջանքերը, երևի թե հենց էդ բնական մաքրությունն ա, դիրքը»,- այսպես քաղաքը նկարագրել է շուշեցիներից մեկը։

Գրքի ստեղծմանն աջակցած շուշեցիներից շատերը շնորհանդեսին ներկա չէին, քանի որ նրանց մեծ մասն Արցախում է։ Հարցազրույցներին մասնակցած մարդկանց մտաքարտեզներից շատերում, որպես հիմնական կողմորոշիչ, Ղազանչեցոց եկեղեցին է, կան նաև այնպիսի անուններ, որոնք պաշտոնական քարտեզներում երբևէ չեն եղել՝ Մարտիկի խանութ, Թագուշի տուն, կանաչ դեղատուն․ դրանք շուշեցիների քարտեզներն են՝ գծված իրենց ուղեղներում։

Գիրքը հրատարակվել է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ի և Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի համագործակցությամբ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter