HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հղի կնոջ վրաերթի գործով ձերբակալված ոստիկանն ազատ է արձակվել. նրան կալանավորելու միջնորդություն չի ներկայացվել

Ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ տեղի ունեցած վթարի գործով ձերբակաված ոստիկանը՝ Արամ Նավասարդյանը, ազատ է արձակվել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը: Պաշտպանի խոսքով՝ այսօր Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝  ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Նավասարդյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել: Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ մեղադրյալին կալանավորելու հիմք չկա և կալանավորման միջնորդություն չի ներկայացրել դատարան: Նավասարդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկի մոտ, որի հետևանքով 28-ամյա հղի կին է մահացել: Չի հաջողվել փրկել նաև պտղի կյանքը:

Դեպքից հետո պարզ դարձավ, որ կինը վրաերթի է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանն ուղեկցող սպայական վաշտի ավտոմեքենայով: Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ վրաերթի ենթարկողը եղել է վաշտի հրամանատարը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ համապատասխանաբար՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը լքելը: Նավասարդյանին, սակայն, ին չպես պարզ է դառնում,  դեպքի վայրը լքելու մեղադրանք չի առաջադրվել: Պաշտպան Ռուբեն  Բալոյանն ասում է, որ առկա են տեսանյութ,  որոնք վկայում են այն մասին, որ Նավասարդյանը դեպքի վայրը չի լքել,  դեպքի վայրի զննության արձանագրության տակ որպես վարորդ ստորագրել է:

Լուսանկարում՝ Ռուբեն Բալոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter