HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ֆեյսբուքում ամենաակտիվ քաղաքական գործիչները

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը «Ֆեյսբուքը նախընտրական հարթակ» հետազոտության երկրորդ փուլում՝ քարոզարշավի ընթացքում և ընտրության օրը, ուսումնասիրել է ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի և դրանց ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերը:

«Ռեգիոնի» տնօրեն Լաուրա Բաղդասարյանի խոսքերով՝ այս ուսումնասիրության հիմնական նպատակն է եղել պարզել, թե որ քաղաքական ուժն ինչպես է ֆեյսբուքն օգտագործում որպես քարոզչական գործիք, քանի որ այն հնարավորություն է տալիս պոտենցիալ ընտրողներին գրավել իրենց կողմը և կապ հաստատել լսարանի հետ:

Մասնավորապես, ուսումնասիրվել են ՀԱԿ ներկայացուցիչներ Հրանտ Բագրատյանի, Արամ Մանուկյանի, Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան պատերը, ԲՀԿ-ից Գագիկ Ծառուկյանի և Վարդան Օսկանյանի, ՀՅԴ-ից Լիլիթ Գալստյանի և Արմեն Ռուստամյանի, «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանի, Զարուհի Փոստանջյանի, Կարապետ Ռուբինյանի, ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանի, Կարեն Ավագյանի, Արտակ Զաքարյանի, ինչպես նաև ՕԵԿ-ի ֆեյսբուքյան պատերը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առավել շատ լսարանի հետ երկխոսության մեջ են մտել Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Աշոտյանը և Լևոն Զուրաբյանը: Առավել ակտիվ արձագանքներ եղել են Ստյոպա Սաֆարյանի, Զարուհի Փոստանջյանի, Կարապետ Ռուբինյանի, Արմեն Աշոտյանի, Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան պատերին: Իսկ իրենք իրենց և իրենց կուսակցության մասին ֆեյսբուքում նյութեր տեղադրելիս առավել ակտիվ են եղել ՀՅԴ-ն և Արմեն Աշոտյանը:

Քաղաքական ազատությունների մասին առավել շատ արտահայտվել է Ստյոպա Սաֆարյանը, ինչպես նաև ՀՅԴ-ն և Զարուհի Փոստանջյանը, սոցիալ-տնտեսական թեմաներով շատ խոսել են Հրանտ Բագրատյանը և Կարեն Ավագյանը: Մնացած թեմաները շատ ավելի քիչ են քննարկվել:

Ուսումնասիրվել են նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչների ֆեյսբուքյան ստատուսները, որոնք, Լ. Բաղդասարյանի խոսքերով, համարվում են ակտիվության բարձր ցուցանիշ: Արդյունքում, Զարուհի Փոստանջյանն ամենից շատ ստատուսներ ունի՝ 87, այնուհետև Ստյոպա Սաֆարյանը՝ 80, Վարդան Օսկանյանը՝ 26, Կարապետ Ռուբինյանը՝ 18 և Արմեն Աշոտյանը՝ 17: Մյուսների ստատուսներն ավելի քիչ են:

Լ. Բաղդասարյանի խոսքերով՝ այս ընթացքում ֆեյսբուքում առավել ակտիվ են եղել «Ժառանգության» ներկայացուցիչները, որոնք միշտ արագ արձագանքել են լուրերին և ակտիվորեն մասնակցել բանավեճերին:

Բանախոսը նշեց, որ Հայաստանում սա առաջին փորձն էր, երբ ֆեյսբուքն օգտագործվում էր որպես քարոզարշավի հարթակ, ընդ որում՝ այստեղ ներկայացված են քաղաքական գրեթե բոլոր ուժերը: Միաժամանակ, սա փորձարկում էր, քանի որ մոտենում են նախագահական ընտրությունները: Նախագահական ընտրություններին հասարակության հետաքրքրվածությունն ավելի մեծ է լինում, և քաղաքական ուժերն առավել ակտիվ կօգտագործեն այս հարթակը:

Լ. Բաղդասարյանը քաղաքական ուժերի ակտիվությունը ֆեյսբուքում գնահատում է միջին, սակայն որպես առաջին փորձ դիտարկելու դեպքում՝ շատ լավ:

Միաժամանակ, նա դժվարանում է գնահատել, թե ֆեյսբուքը որքանով է անդրադարձել ընտրությունների վերջնական արդյունքների վրա: Սակայն փաստ է, որ ֆեյսբուքը ամուր դիրքեր ունի Հայաստանի քաղաքական և ինֆորմացիոն դաշտում: Լ. Բաղդասարյանի խոսքերով՝ ֆեյսբուքն ունի մի շարք առավելություններ և այժմ լուրջ մրցակից է թե կայքերին, թե հեռուսատեսությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter