HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհվածների կանանց պատերազմից հետո միավորում են ընդհանուր մարտահրավերները

44-օրյա պատերազմից օրեր առաջ մայոր Լեւոն Սարգսյանը նոր էր վերադարձել Աֆղանստանից, որտեղ խաղաղապահ առաքելության շրջանակներում անցկացրել էր 8 ամիս: Կինը՝ Մարիամ Հակոբյանը հշում է. «Միշտ ինձ ասում էր՝ կյանքն էլ ա պայքար, եթե հանկարծ մի օր մեզանից մեկը կյանքի մարտում ընկնի, մյուսը թող խոսք տա, որ մինչեւ վերջ է գնալու ու նահանջի մասին չի մտածելու»:

Լեւոնը զոհվել է Քարվաճառում սեպտեմբերի 28-ին: Մարիամն ասում է՝ երբեք չէր պատկերացնի, որ ամուսնուն կորցնելու է: «Իրեն այնքան պինդ էի բռնել, ամբողջ կյանքս իր մեջ էի դրել»,- սա ասելուց հետո Մարիամի կոպերը թացանում են, հետո տխուր ժպտում է: Ամուսնուն տված խոստումը՝ կյանքի մարտում չնահանջել, չափազանց ծանր է կատարելը, բայց Մարիամը չի հանձնվելու:

Նա հիմա մենակ է մնացել երկու անչափահաս երեխաների հետ: Բնակարան այդպես էլ չեն կարողացել ձեռք բերել: Լեւոնը Աֆղանստան էր մեկնել հիփոթեքով բնակարան ձեռք բերելու երազանքով, սակայն պատերազմը փոխեց ամեն բան:

Մարիամը գրադարանավար է: Ամսական ստանում է 70 հազար դրամ: Դիմում է իշխանություններին, պետական մարմիններին՝ բարձր վարձատրվող աշխատանքով ապահովելու համար, որպեսզի կարողանա առօրյա հոգսերը մի քիչ թոթափել:

Մարիամը մեկն է այն կանանցից, ովքեր այսօր բարձրաձայնեցին իրենց խնդիրների մասին «Նոր թռչնոց բույն» ՀԿ-ի՝ զոհվածների կանանց համար կազմակերպած կոնֆերանսի ժամանակ։

«Քաղաքապետարանն ունի բնակարանի բարելավման ծրագիր, որը վերաբերում է զոհված զինծառայողների ընտանիքներին։ Ինքս այդ ծրագրի շահառու եմ, բայց չգիտեմ՝ երբ կգա հերթս»,- նշում է Մարիամ Հակոբյանը:

Հոկտեմբերի 14-ին Վարանդայում (Ֆիզուլի) զոհված Հովհաննես Պորտուգալյանի կինը՝ Լիանա Պորտուգալյանը, եւս այդ ծրագրի շահառուներից է (Հովհաննեսի մարմինը գտել են զոհվելուց 5 ամիս անց): «Ծրագիրը շատ դանդաղ է ընթանում: Ինքս բնակապահովման ծրագրի շահառու եմ, այս պահին ունեմ ապրելու տեղի խնդիր, բայց ինձ ասում են՝ 7 տարի պիտի սպասեք: Հանդիպումներ եղել են տարբեր կառույցների հետ, բայց երբեք հստակ պատասխան չեն տվել: Ինչքա՞ն սպասեմ, ինձ նման շատ կանայք կան, շատերի հետ մտերիմ եմ, բոլորն ունեն այս խնդիրը»,- նկատում է Լիանան:

Նրա խոսքով՝ պետությունը մասամբ է կատարում իր պարտականությունները, եւ զոհվածների կանայք ամուսինների զոհվելուց հետո ամբողջ հոգսը կրում են իրենց ուսերին: «Նաեւ մեր կառավարությանը, վարչապետին, պաշտպանության նախարարին առաջարկում եմ հանդիպել հերոսների կանանց՝ չտարանջատելով ոստիկանություն, կամավոր, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ մեր տղաները գնացել են հանուն հայ ժողովրդի։ Շատ կուզենամ հանդիպում լինի պետական մակարդակով եւ այդ հարցը բարձրացվի կառավարությունում»,- ասում է զոհվածի այրին:

Լիանան երկու դուստր ունի: Բնակվում են վարձակալած բնակարանում: Առաջին մասնագիտությամբ փրկարար է, այժմ էլ մագիստրոսական կրթություն է ստանում Գիտությունների ազգային ակադեմիայում հանրային կառավարում մասնագիտությամբ:

Զոհվածների կանանց համար կազմակերպված կոնֆերանսի նախաձեռնող Զաբել Բերբերյանը պատերազմից հետո սկսել էր օգնել զոհվածների ընտանիքներին, արտերկրից բարերարներ էր գտել նրանց համար եւ այդ ժամանակ էլ հասկացել էր, որ կանանց խնդիրները ընդհանուր են՝ բնակարանային հարց, իրավաբանական եւ հոգեբանական աջակցության, զբաղվածության խնդիրներ:

«Այսօր առաջնահերթ հարցն ապրելու ցանկություն ունենալն է: Երբ սա ասում են՝ փշաքաղվում եմ: Հոգեբանական լուրջ հարց կա, հոգեբաններ պետք է աշխատեն նրանց հետ, թեկուզ խմբերով»,- ասում է Զ․ Բերբերյանը:

Հաջորդը զբաղվածությունն է, աշխատանքով ապահովումը: Զրուցակցիս խոսքով՝ ինքը փորձում է ճանապարհներ գտնել՝ կանանց օգնելու համար, երբեմն հաջողվում է, երբեմն՝ ոչ: «Փորձում եմ իրենց կյանքի մակարդակը մի քիչ բարձրացնել, ավելի ինքնավստահ դարձնել, որպեսզի իմանան, որ մենակ չեն»,- ասում է Բերբերյանը:

Նաիրե Պողոսյան-Մելքոնյանը խաղաղապահ զորքերի սպա Արմեն Գեւորգյանի կինն է: 6 տարեկան որդի ունի: Ասում է՝ ամուսիններին պատերազմում կորցնելուց շատ կանայք կուլ են գնում ծառացած մարտահրավերներին, շատերն էլ փորձում են գոյատեւել:

«Չեմ կոտրվում, իմ երեխան չպիտի տեսնի, թե ոնց եմ աշխատում այդ գումարը: Օտար լեզուների փոքրիկ կենտրոն ունեմ: Մեծ գումար չեմ կարողանում վաստակել, բայց կարողանում եմ դրանից անգամ գումար տալ ուսուցիչներին, որ օտար լեզվի իմացությամբ ապահովեն կանանց»,- նկատում է Նաիրեն: Նա եւս բնակարան չունի, ասում է՝ անգամ պետության կողմից հատկացվող 10 միլիոն դրամ գումարի շահառու չէ: «Ես սարսափելի դժվարությունների միջով եմ անցնում, բայց եթե խոսենք միայն դժվարությունների մասին, ապա հաստատ տանուլ ես տալու, ոչնչի չես հասնելու: Ուղղակի պետք է անդադար պրպտես, եթե նույնիսկ հազարավոր բետոնե պատերի ես հանդիպում, մեկը կլինի, որ կփլվի, ու դու կկարողանաս անցնել»,- ասում է նա:

Նաիրեն նկատում է, որ այսօր զոհվածների կանայք առերեսվել են սոցիալական, հոգեբանական, ընտանեկան, աշխատանքային խնդիրների, բայց պիտի հաղթահարեն դրանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter