Covid-19-ի բուժման նպատակով հատկացված ֆինանսական միջոցները նպատակային չեն օգտագործվել
Հաշվեքննիչ պալատը կատարողականի հաշվեքննություն է իրականացրել Առողջապահության նախարարությունում (ԱՆ) նոր կորոնավիրուսային համավարակով (COVID-19) պայմանավորված բյուջետային ծախսերի իրականացման նկատմամբ: Հաշվեքննության արդյունքում արձանագրվել է, որ ընթացիկ հսկողական և հաշվետվողական համակարգերի ոչ ամբողջական ներդրման, որոշ դեպքերում նաև դրանց ամբողջությամբ բացակայության հետևանքով, համավարակի նպատակով հատկացված ֆինանսական միջոցները նպատակային և ծախսարդյունավետ ձևով չեն օգտագործվել։ Բացահայտվել են նաև մի շարք այլ խախտումներ, խեղաթյուրումներ:
Հաշվեքննությունն ընդգրկել է 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը: Այն իրականացվել է 2021թ. փետրվարի 10-ից մինչև 2022թ. մարտի 31-ը ներառյալ:
Բացահայտվել է, որ COVID-19-ի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների պլանավորման գործընթացը, ինչպես նաև ֆինանսավորման մեխանիզմները արդյունավետ չեն եղել։ ԱՆ-ն չի իրականացրել համավարակի կանխարգելման, համավարակի առանձնահատկությունները հաշվի առնող և, ընդհանրապես, դրան համարժեք ռազմավարական կառավարման պլանավորման աշխատանքներ։
Կառավարության հատկացրած ֆինանսավորման համար չեն սահմանվել ծախսային ուղղություններ և ոչ ֆինանսական ցուցանիշներ։ 2020թ. մարտ ամսին, երբ ՀՀ-ում արձանագրվել է հիվանդության դեպքերի աճ, պարզվել է, որ լիազոր մարմինը չի ունեցել համապատասխան ռազմավարական գործողությունների և համավարակների կառավարման պլան: Ինչպես նաև չի ունեցել արտակարգ իրավիճակներում ծավալվող միջոցառումների ծրագիր, հիվանդության կանխարգելման, համավարակի առանձնահատկությունները հաշվի առնող համարժեք որևէ աշխատանք չի իրականացրել, այն դեպքում, երբ համավարակն աշխարհում տարածվում էր 2019թ. վերջերից։
Նոր կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման նպատակով ԱՆ-ին Կառավարության պահուստային ֆոնդից 2020թ.-ին հատկացվել է մոտ 26 մլրդ 492 մլն դրամ։
Արձանագրվել է, որ հաշվեքննությունն ընդգրկող ժամանակահատվածում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստացի ծախսերի վերաբերյալ ԱՆ-ին հաշվետվություններ չեն ներկայացվել, իսկ վերաբաշխում կատարելու և գումար հատկացնելու գործընթացն իրականացվել է առանց այդ հաշվետվությունների և ծախսային հիմնավորումների։ Ստացվել է, որ Կառավարության պահուստային ֆոնդից վերաբաշխումներ և գումար հատկացնելու գործընթացն իրականացվել է առանց ԱՆ-ի կողմից ներկայացված հաշվետվությունների և ծախսային հիմնավորումների։
Թեստավորվածների թվի անհամապատասխանություն
Ինչպես արձանագրել է Հաշվեքննիչ պալատը, թեստավորումների շուրջ 60%-ն իրականացվել է ԱՆ ենթակայության կազմակերպությունների՝ «Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ, «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ, «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
ԱՆ-ի կողմից թեստավորվածների վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվություն չի տրամադրվել, ինչը սահմանափակել է հաշվեքննության շրջանակը: Մասնավորապես, թեստավորվածների վերաբերյալ տրամադրված տեղեկատվական բազայում գրանցվել են վերջիններիս հանրային ծառայության համարանիշի (ՀԾՀ) տվյալները, իսկ հոսպիտալացվածների վերաբերյալ տեղեկատվական բազայում ՀԾՀ չի տրամադրվել: Հետևաբար՝ դրա բացակայությունը հնարավորություն չի տվել իրականացնել շահառուների տվյալների համադրում, հնարավոր չի եղել գնահատել արդյոք բոլոր հոսպիտալացվածներն են եղել դրական թեստավորումով: Հնարավոր չի եղել ուսումնասիրել նաև թեստ հանձնելու և հոսպիտալացվելու ժամանակային համաչափությունը։
Բացի այդ, տրամադրված տեղեկատվության համաձայն, տեղեկատվական բազայում առկա «Հոսպիտալացում» և «Հոսպիտալացման ամսաթիվ» սյունակներում լրացված տվյալները հավաստի չեն եղել։ «Հոսպիտալացվել է» նշումով դեպքերի թիվը 131,950 է, մինչդեռ ըստ հրապարակված վիճակագրական տվյալների՝ նրանց թիվը 80,000 չի անցել։ Ավելին, «Հոսպիտալացվել է» նշումով 108,873-ի դեպքերից թեստավորման պատասխանը բացասական է 47,792-ի դեպքում, իսկ 61,081 դեպքի համար որևէ պատասխան չի նշվել։
Հաշվեքննությամբ արձանագրվել է, որ տրամադրված տեղեկատվական բազայում արձանագրվել է նաև թեստերի հանձնման և արդյունքների մուտքագրման ժամկետների անհամապատասխանություն։ Մասնավորապես, թեստավորումների ընդհանուր թվից 11,972-ի արդյունքները համակարգ են մուտքագրվել թեստը հանձնելուց 3 օր և ավելի ուշ ժամկետոմ, իսկ դրանցից 441-ի դեպքում տվյալները մուտքագրվել են թեստը հանձնելուց 14 օր անց։ Թեստի արդյունքների համակարգ մուտքագրման ժամկետը 2371 դեպքում մի քանի րոպեից մինչև մի քանի օր ավելի շուտ է, քան թեստի հանձնման ժամկետը։
Մահճակալային ֆոնդ և ծախսեր
2020թ․ COVID-19 հիվանդության բուժման նպատակով վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների (ԲԿ) ստացիոնար բաժանմունքի մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը կազմել է 69%։ Ամենացածր ծանրաբեռնվածությունն ունեցել են «Կապանի ԲԿ», «Սպիտակի ԲԿ» և «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ները, իսկ ամենաբարձրը՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ները։
Վերակենդանացման բաժանմունքի տարեկան ծանրաբեռնվածությունը կազմել է ընդամենը 28%, ինչը նշանակում է, որ տարվա ընթացքում վերակենդանացման բաժանմունքի մահճակալների 72%-ը եղել է ազատ։
Ծախսային արդյունավետության գնահատման նպատակով իրականացվել է մեկ պացիենտի բուժման միջին արժեքի հաշվարկ, որը վերապրոֆիլավորված ԲԿ-ներում կազմել է 378.100 դրամ, իսկ դեպքով (քեյս) ֆինանսավորվող ԲԿ-ներում՝ 173.300 դրամ։ Մեկ պացիենտի բուժման օրական արժեքը վերապրոֆիլավորված ԲԿ-ներում կազմել է 37.300 դրամ, իսկ դեպքով ֆինանսավորվող ԲԿ-ներում՝ 34.100 դրամ։
Ամենաբարձր արժեքն արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-ում և կազմել է 745 հազ. 700 դրամ, որն ընդհանուր միջին ցուցանիշից ավելի է 367 հազ. 600 դրամով։ Առանձին ամիսների «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-ում մեկ պացիենտի բուժման արժեքը կազմել է 1 մլն 367 հազ․ 600 դրամ։
Մեկ պացիենտի բուժման միջին տևողությունը վերապրոֆիլավորված ԲԿ-ներում կազմել է 9 օր, իսկ դեպքով ֆինանսավորվող ԲԿ-ներում՝ 5 օր։
Օրական արժեքով դարձյալ ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-ում, որը 2020թ․ միջինում կազմել է 74 հազ. 200 դրամ, այն դեպքում, երբ համընդհանուր միջինը մեկ օրվա համար կազմել է 37 հազ. 300 դրամ։ Այսինքն, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-ում պացիենտի բուժման մեկ օրվա արժեքը կրկնակի գերազանցել է միջին ցուցանիշը։
Ընդհանուր ծախսերի գերակշիռ մասը բաժին է ընկել աշխատանքի վարձատրությանը՝ շուրջ 57%, որին հաջորդում են բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման համար կատարված ծախսերը՝ 27%, այնուհետև՝ վերանորոգման ծախսերը՝ 4%։ Մնացած ծախսային ուղղությունների տեսակարար կշիռը փոքր է եղել 4%-ից։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծախսերի կառուցվածքում առանձնանում է հիմնական միջոցների ձեռքբերումը՝ ԲԿ-ի ծախսերի 28.6%-ը, ինչը մյուս ԲԿ-ներում բացակայում է։ Ըստ Հաշվեքննիչ պալատի, սա այն կարևոր գործոններից մեկն է, որով ԲԿ-ի միավոր պացիենտի բուժման և մահճակալ օրերի արժեքը անհամեմատ բարձր է ստացվել մյուս ԲԿ-ների նույն ցուցանիշից։
Խեղաթյուրումներ և ավել վճարումներ են արվել
Առողջապահության նախարարի 23.07.2020թ. թիվ 2410-Լ հրամանի համաձայն՝ հաստատվել է CՕVID-19 ախտորոշման և բուժման նպատակով պետական բյուջեից պահպանման ծախսերով փոխհատուցում ստացող ԲԿ-ների (բաժանմունքների) ցանկը։ Հրամանի համաձայն՝ ծախսերի փոխհատուցումը իրականացվել է փաստացի կատարված ծախսերի համապատասխան։
Հաշվեքննությամբ արձանագրվել է, որ աշխատավարձ /ներառյալ վարչական/ ընդհանուր վարձատրություն և պարգևատրում ծախսային ուղղությամբ արձանագրվել են խեղաթյուրումներ, որոնք հանգեցրել են փաստացի կատարվածից ավելի փոխհատուցման։
Հաշվեքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ վերապրոֆիլավորված ԲԿ-ների կողմից փաստացի կատարված աշխատանքի վարձատրության ծախսերի և Նախարարության իրականացրած փոխհատուցման համապատասխանության վերաբերյալ։ Տվյալների ճշգրտությունը պարզելու նպատակով, Հաշվեքննիչ պալատը դիմել է Պետական եկամուտների կոմիտե՝ հայցելով տրամադրել վերապրոֆիլավորված ԲԿ-ների՝ մարտ-դեկտեմբեր ամիսներին վճարած եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվություն։ Ստացված տեղեկատվությունը համադրվել է Նախարարության տրամադրած տեղեկատվության հետ։ Համադրման արդյունքում «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» և «Սպիտակի ԲԿ» ՓԲԸ-ների աշխատանքի վարձատրության ծախսերի մասով արձանագրվել են խեղաթյուրումներ։
2020թ․ մարտ-դեկտեմբեր ամիսներին «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից աշխատանքի վարձատրության փոխհատուցման ծախսերը փաստացի կատարվածից ավելի են ներկայացվել մոտ 116 մլն 751 հազ․ դրամով, ինչը Նախարարության կողմից փաստացի ծախսերի ստուգման նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու հետևանք է։
«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի կողմից 2020թ․ ընթացքում աշխատանքի վարձատրության փաստացի ծախսերը 27 մլն 112 հազ․500 դրամով պակաս է եղել փոխհատուցված գումարի չափից, որը ԱՆ-ի կողմից ևս չի հայտնաբերվել: Փոխհատուցումը տրամադրվել է ներկայացված ամբողջ ծավալի համար։ Համանման խեղաթյուրում է արձանագրվել նաև «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նոյեմբեր ամսվա փոխհատուցման ծավալների դեպքում։ ՓԲԸ-ի կատարած փաստացի ծախսերի փոխհատուցման ծավալը մոտ 8 մլն 306 հազ. դրամով ավելի է ներկայացվել։
Հաշվի առնելով այն, որ մյուս վերապրոֆիլավորված ԲԿ-ներում համավարակի բուժումն իրականացվել է առանձին բաժանմունքի կողմից, իսկ ԲԿ-ի մնացած ստորաբաժանումները շարունակել են աշխատել բնականոն ձևով, հնարավոր չի եղել տարանջատել համավարակի բաժանմունքի համար կատարված աշխատանքի վարձատրության ծախսերը: Այդ իսկ պատճառով մնացած ԲԿ-ների համար նման վերահաշվարկ հնարավոր կլինի իրականացնել միայն տեղում։
Այսպիսով, Հաշվեքննիչ պալատը եզրակացրել է, որ Առողջապահության նախարարությունում հսկողական մեխանիզմի փաստացի բացակայության հետևանքով վերապրոֆիլավորված ԲԿ-ներին կատարվել է փաստացի կատարված աշխատավարձի ծախսերից մոտ 152 մլն դրամով ավելի վճարում։
Դեպքով ԲԿ-ների ֆինանսավորման համար հիմք է հանդիսացել ներկայացված կատարողականի հաշվետվությունը։ Հաշվեքննությամբ արձանագրվել է, որ ներկայացված հաշվետվությունների նկատմամբ անհատական դեպքերի վարում (case management) չի իրականացվել ո՛չ Պետական առողջապահական գործակալության, ո՛չ էլ ԱՆ-ի այլ ստորաբաժանումների կողմից: ԲԿ-ների ներկայացրած կատարողականներն ընդունվել են, և կատարվել է համապատասխան վճարում։
Հաշվեքննության շրջանակներում դեպքով ֆինանսավորվող ԲԿ-ների կատարողականի և հաշվետվությունների արժանահավատության ստուգման նպատակով բավարար ապացույցներ ձեռք բերել հնարավոր չի եղել: Տրամադրված տեղեկատվության մեջ բացակայել են պացիենտների նույնականացման տվյալները, ինչը հնարավորություն չի տվել գնահատել տեղեկատվության արժանահավատությունը, կատարողականի ցանկում ներառված պացիենտների համավարակով վարակված լինելու հանգամանքը, մահճակալ օրերի թիվը և այլն։ Դեպքով ֆինանսավորման ժամանակ ԱՆ-ի կողմից չեն իրականացվել նաև ընթացիկ հսկողական միջոցառումներ, ինչը ևս ծախսերի արժանահավատության տեսանկյունից էական ռիսկեր է պարունակել։
Անհամապատասխանություններ՝ «ԱՐՄԵԴ» համակարգում
Հաշվեքննության շրջանակներում իրականացվել է էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգի հաշվետվության արձանագրված կատարողականի համադրում Նախարարության փաստացի վճարումների հետ, արդյունքում եղել են անհամապատասխանություններ։
Նախարարությունը, փաստացի չունենալով պացիենտի նույնականացման տվյալները, հիմնվելով միայն «ԱՐՄԵԴ» համակարգից գեներացված տվյալների վրա, 288 պացիենտի համար կատարել է 81 մլն 515 հազ. դրամի վճարում։
Արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ իրականացված hամակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) հետազոտությունը «ԱՐՄԵԴ» համակարգ մուտքագրվել է մեկից ավելի անգամ, ինչը ոչ միայն Նախարարության կողմից չի արձանագրվել, այլ վերջինս կատարել է բազմակի վճարում («Արմենիա ԲԿ», «Մեդլայն կլինիկ») և այլն։
Հաշվեքննության շրջանակներում արձանագրվել է, որ «Իռվինգ» ՍՊԸ-ի (Դիլիջանի ԲԿ) կողմից մուտքագրվել է ՀՏ-ի 1297 հայտ` 25 մլն 930 հազ. դրամ արժեքով, որի համար չի նշվել դեպքի կոդը: Այդ պատճառով հնարավոր չի եղել նույնականացնել արդյոք ՀՏ անցած բոլոր պացիենտները եղել են կորոնավիրուսային հիվանդության պացիենտներ, կամ արդյոք մեկ հետազոտությունը մուտքագրվել է մեկ անգամ, թե դրանից ավելի շատ։
Արդյունավե՞տ, թե՞ անարդյունավետ ծախս
Դեպքով ֆինանսավորման շրջանակներում մեկ պացիենտի բուժման միջին տևողությունը կազմել է 5.1 օր, որի համար միջին ծախսը կազմել է 173 հազ․ 300 դրամ: Այսինքն՝ մեկ օրվա բուժման միջին ծախսը՝ 34 հազ. 100 դրամ։ Նախարարությունը Հաշվեքննիչ պալատին չի տրամադրվել վերոնշյալ սակագների հաշվարկման մեթոդաբանությունը և հիմնավորումները, ինչը հնարավորություն չի տվել գնահատել դրանց ծախսային արդյունավետությունը։
Հաշվեքննիչ պալատը եզրակացրել է, որ COVID-19-ի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքները չեն իրականացվել տնտեսող ձևով, քանի որ արձանագրվել է տարբերություններ վերապրոֆիլավորված և դեպքով ֆինանսավորվող ԲԿ-ների միավոր ծախսերի միջև։ ԲԿ-ների օրական միջին և մեկ պացիենտի միջին արժեքները ևս զգալիորեն տարբերվել են, մի շարք դեպքերում, գրեթե կրկնակի գերազանցել են միջին արժեքները։ Զգալիորեն տարբերվել են նաև մեկ պացիենտի համար կատարված անձնակազմի վարձատրության, դեղորայքային ու բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման ծախսերը։
Հաշվետու ժամանակահատվածում ներքին հսկողական համակարգի բացակայության հետևանքով արձանագրվել են էական անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ: Չի պահպանվել իրականացված ֆինանսավորման ծախսային արդյունավետության սկզբունքը։
ԱՆ-ն չի պահպանել գնումների ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները
Հաշվեքննությամբ արձանագրվել է, որ ԱՆ-ն չի պահպանել գնումների ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները, որի հետևանքով առաջացել են մի շարք անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ։ Օրինակ՝ 2020թ. սեպտեմբերի 11-27-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետությունում սահմանված չի եղել ոչ արտակարգ իրավիճակ և ոչ էլ ռազմական դրություն, սակայն բոլոր գնումներն այդ ժամանակահատվածում իրականացվել են մեկ անձից գնման միջոցով։
2020թ․ սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության ընթացքում գնումները կարող էին իրականացվել մեկ անձից, միայն եթե մատակարարվող ապրանքների դեպքում դադարել է մատակարարումը և պահեստներում բացակայության հետևանքով առաջացել է հրատապ համարվող կարիք։ Սակայն, ԱՆ-ն, չպահպանելով օրենսդրական պահանջները, առանց մատակարարումների դադարեցման արձանագրման, միևնույն ժամանակ իր տնօրինման տակ գտնվող պահեստներում ապրանքների առկայության պարագայում, շարունակել է բոլոր գնումները իրականացնել մեկ անձից գնման միջոցով: Դրա հետևանքով չեն պահպանվել գնումների ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջները, իսկ մատակարարվող ապրանքների գնագոյացումը իրականացվել է ոչ մրցութային մեխանիզմներով, ինչը ծախսային արդյունավետության ռիսկեր է պարունակել։
Ըստ Հաշվեքննիչ պալատի, ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից պետք է հաշվառվեին նախարարության կողմից ձեռք բերված ցանկացած բժշկական նշանակության ապրանքների ու դեղերի ստացումը, մաքսազերծումը, ի պահ ընդունումը և բացթողումը: Սակայն ԱՆ-ի և ՊՈԱԿ-ի կողմից COVID-19 համավարակի շրջանակներում վարվող պահեստների շարժի համադրման արդյունքում արձանագրվել է 6 մլրդ 990 մլն 719 դրամի անհամապատասխանություն։ ԱՆ և ՊՈԱԿ-ը պատշաճ հաշվապահական հաշվառում չեն վարել։
Նշենք, որ բոլոր դրվագներով Առողջապահության նախարարությունը ներկայացրել է բացատրություններ, պարզաբանումներ, սակայն հաշվեքննիչ պալատը դրանք հիմնավոր չի համարել:
Հիշեցնենք, որ վերը նշված ժամանակահատվածում Առողջապահության նախարարը եղել է Արսեն Թորոսյանը, ով այժմ իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր է:
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել