HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Առաջարկվում է դադարեցնել ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի քննչական մարմինների գործունեությունը

Արդարադատության նախարարությունն առաջարկում է դադարեցնել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարկային և մաքսային մարմիններում նախաքննություն իրականացնող ստորաբաժանումների գործունեությունը՝ վերջիններիս վերապահված գործառույթները փոխանցելով Քննչական կոմիտեին։ ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ներկայում գործող օրենսդրությամբ՝ Հայաստանում քրեական գործերով նախաքննություն կատարում են Քննչական կոմիտեն, Հակակոռուպցիոն կոմիտեն, ԱԱԾ քննչական դեպարտամենտն ու ՊԵԿ հարկային և մաքսային մարմինները։ Ինչպես ասվում է նախագծի հիմնավորման մեջ, նախաքննության մարմինների կառուցվածքային նման տարբերակումը գործնականում հանգեցնում է որոշ խնդրահարույց իրավիճակների, մասնավորապես տարբեր մարմինների կողմից նախաքննության իրականացման պրակտիկան վկայում է այն մասին, որ նրանք չունեն կազմակերպման և գործունեության միասնական սկզբունքներ և աշխատաոճ: Շատ դեպքերում, ըստ արադարադատության նախարարության, միևնույն իրավական հարցերի վերաբերյալ ցուցաբերվում են տարբեր մոտեցումներ:

Բացի այդ, ըստ նախագծի հիմնավորման՝ քրեական գործերի շուրջ 90-95 %-ը մշտապես քննվել է Քննչական կոմիտեում, և հնարավոր չէ հիմնավորել այն գաղափարը, որ ԱԱԾ և ՊԵԿ մարմինների կազմում անհրաժեշտ է նախաքննության գործառույթ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումներ։

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ԱԱԾ քննչական դեպարտամենտի գործունեությունը դադարեցնել 2023թ․ հունիսի 1-ից, իսկ ՊԵԿ քննչական ստորաբաժանումների գործունեությունը՝ 2022թ․ սեպտեմբերի 1-ից։

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում նախաքննության ֆունկցիան կկենտրոնացվի երկու քննչական մարմիններում՝ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեներում, և ըստ արդարադատության նախարարության՝ կապահովվի նախաքննության մարմինների գործունեության սկզբունքների միասնականությունը, աշխատանքի համակարգվածությունը, նախաքննության առավել արդյունավետ իրականացումը:

Հավելենք, որ այս նախագծերի փաթեթը օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter